170 միլիոնանոց առասպել

170 միլիոնանոց առասպել

Ունի՞, արդյոք, Հայաստանն այնպիսի մի բան, որով կկարողանար իր տեղն ապահովել ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայում: Խոսքն այնպիսի ապրանքի մասին է, որ պարզապես անփոխարինելի է եւ հենց այդ հանգամանքով տվյալ շուկայի ցանկալի եւ անփոխարինելի մասնակից կդարձնի մեր երկիրը:



Շուկա ասելով` մենք պետք է հասկանանք մրցահարթակ, որտեղ Պողոսը, Պետրոսը եւ մյուսները բան են ծախում: Հիմա եթե Պողոսն ու Պետրոսը նույն բանն են ծախում, օրինակ` լոլիկ, պարզ տրամաբանությամբ, սկսում են միմյանց չսիրել եւ ամեն ինչ անել մեկը մյուսին այդ շուկայից դուրս մղելու համար: Բայց եթե Պողոսն ունի լոլիկ, իսկ Պետրոսը` վարունգ, ապա նրանք մագնիսի նման ձգում են միմյանց: Պողոսը կմտածի` ինչ լավ է, մարդիկ կգան վարունգ առնելու, ձեռքի հետ էլ լոլիկ կառնեն: Նույնկերպ կմտածի նաեւ Պետրոսը:



ԵՏՄ շուկայի մասին մեր կառավարիչները բոլորովին այլ պատկերացում ունեն: Նրանց թվում է, թե դա մի ընդարձակ անտեր տոնավաճառ է, որտեղ մարդիկ վաճառում են ինչ ունեն, եւ գին սահմանում` ինչքան հնարավոր է: Եվ ամեն անգամ, երբ մեր աչքն են կոխում այդ 170 միլիոնանոց շուկան, թե խնդրեմ, շուկան էլ ենք ապահովել, մարդու ծիծաղ է գալիս ուղղակի: Ի՞նչ եք ապահովել: Առանց ձեր ապահովելու էլ տարին մի քանի կողով հայկական ծիրան, մի քանի արկղ լոլիկ, կոնյակ, մի քանի բանկա մածուն Հայաստանից գնում էր Ռուսաստան, որ մեր բարեկամներն այնտեղ կարոտ չմնային այդ ամենին: Այդ հասարակ, այսպես կոչված, ժողովրդական արտահանումն այսօր փորձ է արվում ներկայացնել որպես կառավարության եւ ՀՀ իշխանությունների մեծ ձեռքբերում: Ծիծաղելին հենց դա է:



Մեր իշխանությունները վաղը կարող են մեղադրել հայ բիզնեսմեններին, ովքեր, 170 միլիոն շուկան այնտեղ դրած, չկարողացան այն հեղեղել հայկական ապրանքներով: Իսկ ի՞նչ անի հայ գործարարը, ով, հայտնվելով այդ մեծ տոնավաճառում, միանգամից հասկանում է, որ իր ապրանքը, սկսած գյուղմթերքներից, վերջացրած կոշկեղենով, թանկ է մյուսների համանուն ապրանքների համեմատությամբ:



Իբր հայաստանցի բիզնեսմենների այդ 170 միլիոնանոց շուկա մուտքն ապահովել են, հաճախ նաեւ գլուխ են գովում, թե Հայաստանը սփյուռքահայերի համար հրաշալի ճանապարհ է ԵՏՄ-ում բան ծախելու համար: Խեղճ ամերիկահայ բիզնեսմեն, որ համաշխարհային օվկիանոսի անծայրածիր տարածքները թողած, պետք է գա Հայաստան, որ Հայաստանի վրայով, ապա օրումեջ աշխատող Լարսի անցակետով մտնի ԵՏՄ շուկա: Սփյուռքի նախարարի տրամաբանությամբ՝ սփյուռքահայ բիզնեսմենները պարտավոր են հենց այդպես վարվել: Հրանուշ Հակոբյանն ի՞նչ իմանա, որ հայրենասիրությունը տնտեսագիտական կատեգորիա չէ: Մյուս կողմից էլ, չպետք է մոռանալ, որ սփյուռքահայ մեծահարուստների մեծ մասը հաջողությունների է հասել, որովհետեւ ժամանակին հեռու է եղել ԽՍՀՄ կոչված 250 միլիոնանոց շուկայից, այսօր էլ հեռու է ԵՏՄ 170 միլիոնանոց շուկայից, որտեղ հայտնի չէ, թե ինչ է կատարվում:



Հույս փայփայել, թե ԵՏՄ շուկան երբեւէ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, նշանակում է լինել անուղղելի լավատես: Հենց միայն այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ Հայաստանն ավելի շատ դժվարություններ ունի այդ շուկա հասնելու, քան ԵՏՄ անդամ չհանդիսացող բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանը, խոսում է այն մասին, որ ԵՏՄ անդամության փաստաթղթերը գրոշի արժեք չունեն եւ որեւէ առավելություն չեն տալիս քեզ այդ շուկայում ապրանք իրացնելու գործում: Ավելին՝ ոչ ԵՏՄ անդամ երկրների արտադրանքը նպաստում է, որ ԵՏՄ տարածք համարվող Հայաստանում արտադրված թանկ գյուղմթերքն ու մյուս արտադրանքները փչանան եւ չիրացվեն: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում մի քանի անգամ ավելի շատ մոլդովական եւ ադրբեջանական կոնյակ է իրացվում, քան հայկական: Նրանց կոնյակները, ճիշտ է, համային հատկանիշներով շատ են զիջում մեր արտադրանքին, բայց ինչպե՞ս հայկական կոնյակով հեղեղես այդ շուկան, երբ մեկ շիշ հայկական կոնյակը մեկ տիեզերանավի կամ դրան մոտ գին ունի: Նույնը կարելի է ասել գինիների, պահածոների, հայկական ծիրանի եւ մյուս հայկական բարիքների մասին:



Մեր կարծիքով, ԵՏՄ շուկա ասվածը դեռեւս վայրենի վիճակում գտնվող հարթակ է, որտեղ դեռ նոր-նոր պետք է հարաբերություններ հաստատվեն, որտեղ երեկվա ԽՍՀՄ հանրապետությունները պետք է նորովի փորձեն ինտեգրվել միմյանց տնտեսություններով, հասկանան, թե ում ինչն է ձեռնտու, եւ հակառակը: Այդ ընթացքում, գուցե, ՀՀ կառավարությունն էլ հասկանա, որ այնքան էլ ճիշտ չէ լոլիկով մտնել մի շուկա, որտեղ ռուսաստանաբնակ դարձած հայերը վաղուց «Made in Armenia» մակագրությամբ լոլիկ են վաճառում: Անձամբ ես Մոսկվայում «հայկական ծիրան» վաճառող բազմաթիվ ադրբեջանցիների էի ճանաչում, իսկ Մոսկվայում շշալցվող հայկական կոնյակն էլ վաճառվում է բոլոր խանութներում` մոլդովական «Белый аист»-ի գնով:



Մեր թույլիկ տնտեսությունն ի զորու չէ հաղթահարել այս կարգի դժվարությունները, եթե նույնիսկ Երեւան-Մոսկվա երկաթուղին սկսի գործել: Հայկական ապրանքների հաջողությունը դրսի շուկայում սկսվում է Հայաստանից եւ հայկական օրենքներից: Եթե այդ օրենքները հենց բնօրրանում թույլ չեն տալիս էժան եւ մրցունակ ապրանք ունենալ դրսի շուկայում, մնում է մտածել, որ վատ պարողին, ի թիվս վատ շուկաների, խանգարում են նաեւ սեփական հանգամանքները:



ԵՏՄ 170 միլիոնանոց շուկան մատնացույց անելուց առաջ պետք է նկատի ունենալ նաեւ, որ ԵՏՄ առաջատար երկրի` Ռուսաստանի օրակարգում առայժմ այդ շուկան չկա: Ռուսաստանի տնտեսությանն այսօր ներմուծումները նույնքան վնաս են տալիս, որքան զանազան պատժամիջոցները միասին վերցրած: Ռուսաստանին այսօր պետք է հնարավորինս շատ ապրանք իրացնել եւ ոչ թե ներկրել: Ռուսաստանը հրաժարվել է բոլոր այն ապրանքների ներմուծումներից, որոնք հնարավորություն ունի ինքն արտադրել: Իսկ այդ երկիրը շատ հնարավորություններ ունի: Ամենահասարակ օրինակը բերեմ: Այսօր Երեւանի սուպերմարկետներում ռուսական բավականին բարձրորակ խոզի միս է վաճառվում, որ տեղականից էժան է մոտ երկու անգամ: Սա խոսում է այն մասին, որ ոչ թե Հայաստանն է շուկա գտել՝ ի դեմս ԵՏՄ-ի, այլ ԵՏՄ առաջատար Ռուսաստանը` ի դեմս Հայաստանի: Փոքր շուկա է, բայց շուկա է, որտեղ կարելի է հայ խոզապահներին, օրինակ, դուրս մղել այնտեղից: Վաղը կարելի է չզարմանալ, երբ վագոններով Ռուսաստանից լոլիկ գա Հայաստան, ձմերուկ, իսկ մի գեղեցիկ օր էլ` կոնյակ, գազավորված ջրհորի ջուր, որ իրենք կոչում են «Святой источник»։



Երեւի թե ճիշտ կլինի միառժամանակ չսեւեռվել ԵՏՄ 170 միլիոնանոց երեւակայական շուկայի վրա, այլ կենտրոնանալ նախ մրցունակ տնտեսություն ունենալու հարցերի վրա, սեփական օրենքների վրա, հայ արտադրողներին ազատություն տալու հարցերի վրա: Պետք չէ մոռանալ նաեւ, որ մեր քթի տակ է Իրանի 70 միլիոնանոց շուկան: Ինչո՞ւ նախ չփորձել հաջողությունների հասնել այդ շուկայում, որն իր հերթին կարճ ճանապարհով կապվում է Չինաստանի մեկուկես միլիարդանոց շուկային: Համ էլ` սփյուռքահայերը Հայաստանի վրայով ավելի հեշտ Իրանի շուկա կմտնեն, քան ԵՏՄ-ի: