Կրեմլն ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում. Պեսկով

Կրեմլն ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում. Պեսկով

Կրեմլն ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում, ինչպես նաև խաղաղության և բարգավաճման հաստատում:



Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:



«Մենք հույս ունենք, որ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները օրենքով սահմանված կարգով: Մենք Հայաստանին ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում և գոյություն ունեցող բոլոր հարցերի կարգավորում»,- նշել է Պեսկովը:



Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ը, Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարության հետ կապ պահպանվում է: Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև «սերտ և գործընկերային հարաբերություններ են և համատեղ մասնակցություն ինտեգրման գործընթացներին, հետևաբար՝ այդ կապը մշտապես կա»:

Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել հարցին, թե ինչպես կզարգանա իրավիճակը: «Ես կանխատեսումներ չեմ անում»,- ասել է նա:

Հայաստանում հունիսի 19-ից մեկնարկել են էլեկտրաէնրգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները: Այդ օրը Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան:

Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: