ՀՀԿ-ականները հիացած են «Ոչ թալանին» նախաձեռնությամբ

ՀՀԿ-ականները հիացած են «Ոչ թալանին» նախաձեռնությամբ

Պարոնայք և տիկնայք ՀՀԿ-ականներն այնպես են ոգևորվել մեր պայքարող երիտասարդության քայլերով, որ թվում է՝ իրենք էլ հիմա գնալու են Բաղրամյան պողոտա՝ ցույց անելու: Մի՞թե կարելի է այդքան ոչ ադեկվատ արձագանքել իրավիճակին:



Բա որ պայքարող երիտասարդությունը լավ բան է, հարգելի ՀՀԿ-ականներ, ինչո՞ւ էիք մինչ օրս էշացրել այս երիտասարդությանը, ինչո՞ւ էիք ձեր զանազան սաքուլիկ-մաքուլիկնորով պայքարում այս հրաշալի, ինչպես դուք եք ասում, սերնդի դեմ:



Ամբողջ հարցն այն է, որ ՀՀԿ-ականները ամեն կերպ փորձում են ներկայանալ որպես անմեղ ղուշ, ասես այն թուքումուրը որ թափվում է Բաղրամյան պողոտայում բոլորովին իրենց չի վերաբերում: Ցուցարարները պսակ են տեղադրել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ վրան գրված՝ «Ժողովրդի կողմից՝ թալանչիներին»: Տեսնես ովքե՞ր են այդ թալանչիները... Երևի ՀՀկ-ականները չեն, այո՞: ՀՀԿ-ականները կանգնել, ասում են՝ կեցցեն մեր երիտասարդները, որ պայքարում են թալանչիների դեմ: Արդյոք, համապատասխան բժիշկների կարիք չի՞ զգացվում:



Այո, կարծում ենք ժամանակն է, որ ակտիվիստների փոխարեն ՀՀԿ-ականներին տանեն նարկոդիսպանսեր և ստուգեն նրանց մեզի պղտորությունը: Այլապես գալիս են, կենդանի պատ են կազմում, չգիտես ինչ ձևեր են թափում, թե տեսեք-տեսեք, մենք էլ կանք այս շարժման մեջ:



Այս շարժումը ոչ այնքան Բիբինի, որքան ձեր դեմ է, հարգելի ՀՀԿ-ականներ, ձեզ են քննադատում մարդիկ, ձեր վարած քաղաքականությունն են քննադատում, ձեր անճարակությունն ու ապաշնորհությունը: Կանգնել՝ հիանում եք այդ քննադատությամբ, որ ի՞նչ անեք:



Էդիկ Անդրեասյան