Մոսկվան արցունքներին չի հավատում, կամ` որտեղ կտրի կապը

Մոսկվան արցունքներին չի հավատում, կամ` որտեղ կտրի կապը

Տասն օրից ավելի է՝ Բաղրամյան պողոտան փակ է: Վերջին հինգ-վեց օրերին ցերեկը Բաղրամյան պողոտայում ոչինչ տեղի չի ունենում, իսկ երեկոյան կողմ այնտեղ սկսվում է ժողովրդական զբոսանքը: Բոլորն ասում են` ժողովուրդը ոտքի է կանգնել: Երանի մեզ, որ կարողանում ենք այսպես ոտքի կանգնել` ցերեկը գնալ տուն, աշխատանքի, իսկ երեկոյան հովին գալ Բաղրամյան ու մի քանի ժամով ոտքի կանգնել` գիշերը հանգիստ քնելու համար:
Գուցե մեզ ձե՞ռ են առնում: Ուրիշ ի՞նչ ասել, երբ տասն օր շարունակ փակ է նախագահականի փողոցը, այսինքն՝ տասն օր շարունակ սահմանափակվել է նախագահի գործունեությունը, իսկ նախագահն ու ոստիկանությունը գովեստի խոսքեր են շռայլում փողոցը փակողների հասցեին: Կամ իրենց համար ամեն ինչ մեկ է, կամ էլ Բաղրամյան փողոցի այս վիճակից օգուտ ունեն: Այլապես ո՞ր երկրում իշխանությունները կհանդուրժեին նման իրավիճակ:



Մենք չենք ասում` զոռով քշեն ցուցարարներին: Մենք կուզենայինք, որ ցուցարարը ցուցարար լիներ, իսկ իշխանությունը` իշխանություն, որպեսզի շարժումը, եթե սա շարժում է, կոմեդիայի կամ, որ ավելի ճիշտ է, հայկական հեռուստասերիալի չվերածվեր: Իսկ սա ի՞նչ շարժում է, որ երկու մասի է բաժանվում` մի մասը պահանջում է «էլեկտրաէներգիան չթանկացնել», իսկ մյուս մասը` «չթանկացնել էլեկտրաէներգիան»:
Նախագահն ասաց, որ պետք է դեռ աուդիտ անցկացնել բաշխիչ ցանցերում: Բա եթե նոր պետք է աուդիտ անցկացվի, ինչո՞ւ են բոլորն էս գլխից խոսում, որ այդ փողը պետք է ճարել ու տալ ՀԷՑ-ին: Սա մեզ համար հանելուկ է, որովհետեւ այն տպավորությունն է ստեղծվում, թե ոմանք ՀԷՑ-ից ավելի շահագրգիռ են, որ այդ գումարները հասնեն ՀԷՑ:



Չի բացառվում նաեւ, որ այդ աուդիտն ընթանա ռուսական սցենարով եւ պարզվի, որ Հայաստանի տնտեսության կոռուպցիոն ռիսկերի պատճառով է ՀԷՑ-ն այսքան վնաս կրել: Այս դեպքում մեր իշխանությունները կարող են հայտնվել անհարմար վիճակում, որովհետեւ, եթե ռուսական կողմն սկսի խոսել մեր կոռումպացված դեմքերի մասին, ապա կխոսի միայն փաստերով եւ մինչեւ վերջ ու Իշխան Զաքարյանի նման կանգ չի առնի, երբ նախագահը հրամայի արգելակել:



Կարծում ենք` այս հանգամանքն էլ որոշ չափով դերակատար է Բաղրամյան պողոտայի անորոշ իրավիճակի հարցում: Իշխանությունը չգիտի ինչ անել: Նրա համար ոչ աուդիտն է մի բան, ոչ չաուդիտը, բայց ռուսական կողմը պնդում է աուդիտի վրա, այսինքն՝ կեղտոտ լվացքը դուրս թափելու: Եվ, որպեսզի դա տեղի չունենա, իշխանությունն արագացված կարգով դոնոր կամ մեծահարուստ է փնտրում ՀԷՑ-ի փողերը, ինչ գնով էլ լինի, փակելու համար: Իսկ եթե նույնիսկ այդ մեծահարուստը չճարվի էլ, մի տեղից կպոկեն-կտան այդ փողը, միայն թե հոգիներն ազատեն:



Շատ խոսվեց այն մասին, թե այս ամենում քաղաքական տարր չկա: Միանգամից ասենք, որ եթե խոսքը Հայաստանի եւ Ռուսաստանի մասին է, ապա հարցը, որ առաջացել է, կարող է լինել միայն քաղաքական: Այլ խոսքով` ռուսական արմատներով ՀԷՑ-ը կամ ՀԷՑ-ի մոսկովյան տերերը Հայաստանում իշխանափոխության խնդիր են դրել: Իսկ եթե ոչ իշխանափոխության, ապա առնվազն Հայաստանի իշխանությունը լծակների տակ առնելու խնդիր: Ու նաեւ նկատենք, որ ՀԷՑ-ը միակ ու վերջին ընկերությունը չէ, որ կարող է նման իրավիճակներ ստեղծել ՀՀ իշխանությունների համար:



Ի՞նչ ունենք հակադրելու: Մենք տեսանք, որ Ռուսաստանին մայդանով վախեցնել չի ստացվում: Ահավասիկ` Բաղրամյան պողոտան 10 օր փակ է, իսկ երբ Սերժ Սարգսյանը, իբր, ԵՏՄ ինտեգրացիոն գործերով զանգահարել է Վլադիմիր Պուտինին, վերջինս նույնիսկ չի հարցրել, թե ինչ է կատարվում Երեւանում: Համենայնդեպս, այդպես է ասում Պուտինի մամլո խոսնակը. «Նախագահներն այդ հարցը չեն քննարկել, որովհետեւ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանի ներքին հարցն է եւ չի կարող քննարկվել ՌԴ նախագահի կողմից»: Սա մյուս կողմից էլ նշանակում է` եվրոպաներում շրջագայելու փոխարեն մեր ՀԷՑ-ի փողը ճարեք ու տվեք: Եվ ո՞վ էր ասում, թե էլեկտրաէներգիայի գինը Հայաստանի համար քաղաքական կատեգորիա չէ:



Ըստ երեւույթին, ՀՀ իշխանությունները հասկացան, որ Բաղրամյան պողոտան մաքրելը կնշանակի կապիտուլյացիա ՀԷՑ-ի առաջ կամ հոսանքի թանկացման հարցում սեփական մեղքի ընդունում՝ առանց աուդիտի: Ուստի իշխանությունը չի գնում վճռական քայլերի, իսկ ցուցարարներն էլ հաղթանակի նախնական բերկրանքի փուլում են: Թե որքան կձգվի այս վիճակը, դժվարանում ենք ասել, բայց մի օր կհանգուցալուծվի եւ հաստատ՝ ոչ Հայաստանի օգտին: Մնում է, որ ՀՀ իշխանությունները լրջագույն հետեւություններ անեն եւ հանգեն այն չարչրկված մտքին, որ այսպես շարունակել այլեւս չի կարելի: Իսկ առաջին գործն էլ, որ պետք է արվի, դա կուտակված կեղտը պետական մակարդակով պարտակելու համար այսպիսի «գրանդիոզնի» շոուներ կազմակերպելուց հրաժարվելն է: