Ցեղասպանության մասին Քրքորյանի ֆիլմը կնկարահանվի

Ցեղասպանության մասին Քրքորյանի ֆիլմը կնկարահանվի

Քըրք Քրքորյանը հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:



Այս մասին հայտնում է Showbiz411.com-ը, որն ավելի վաղ մանրամասներ էր հայտնել Հայոց ցեղասպանության մասին Քրքրոյանի ֆիլմից:



Այժմ աղբյուրը հայտնում է, որ «Խոստում» (The Promise) վերնագրով ֆիլմի նկարահանումները կշարունակվեն: Դրանում հանդես են գալու հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:



«Խոստումը» նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը այս կերպ ֆինանսավորելու է Survival կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում:



Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը այս առիթով ասել է, որ Survival Pictures-ը ծնվել է Քրքորյանի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին:



Նրա բնորոշմամբ` «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Գլեյզերը ասել է նաև, որ Քրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:



Այս լուրի առիթով Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա մասնավորապես տարածել է նույն լուրի առիթով Variety հանդեսի հրապարակումը և հայտնել, որ ինքը ևս մասնակից է այս նախագծին:



«Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով: Ֆիլմի հայտնվելու դեպքում ավելի շատ մանրամասներ կհաղորդեմ», - գրել է Թանկյանը: