Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:



Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նաև՝ նրանց մասնակցությունը ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի շնորհիվ, ըստ Սերժ Սարգսյանի, համաշխարհային կինոյի լավագույն նմուշները ներկայացվում են հայ հանդիսատեսին:



Հանրապետության Նախագահը ոչ պակաս կարևոր է համարել, որ ամեն տարի փառատոնի շրջանակներում Երևան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայ ժողովրդի դարավոր պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը:

Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին: