Տգեղ պաշտոնազրկում

Տգեղ պաշտոնազրկում

Հովհաննես Մանուկյանը, անշուշտ, ամենահաջողված նախարարներից չէր եւ ոչ էլ «Հրապարակի» «ֆավորիտներից»։ Նրա մասին մենք բազմիցս եւ ոչ այնքան հաճելի հրապարակումներով ենք հանդես եկել։ Եվ անգամ հնարավոր է, որ երեկ նրան աշխատանքից ազատելու լուրն ուրախությամբ ընդունեինք ու վերագրեինք երկրում փոփոխություններ անելու, նոր, թարմ կադրերով կառավարությունը հարստացնելու միտումին, եթե նախարարի պաշտոնաթողությունն այդքան տգեղ ու կասկածելի եղանակով չարվեր՝ արձակուրդում գտնվելու ժամանակ, երբ նա անգամ Հայաստանում չէ։ Մեզ ասացին, որ իր ազատման լուրը ստանալով, նա վրդովվել է, թե՝ լրատվամիջոցները ստում են, չկա նման բան, հիմա կզանգեմ՝ կհերքեն։ Նույնքան զարմացել ու վրդովվել էր նրա մամուլի խոսնակը՝ մեր լրագրողի զանգին ի պատասխան։ Զարմացել էին նաեւ կառավարությունում աշխատող բարձր պաշտոնյաները։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ պաշտոնաթողությունը եղել է բոլորի համար անսպասելի։ Թերեւս մեկ, գուցե մի քանի մարդ է իմացել։ Իսկ դա կարող է երկու բան նշանակել՝ կամ պաշտոնյան շատ մեծ, կոպիտ խախտում է կատարել, գուցե՝ հանցանք։ Կամ իշխանությունն արհամարհում է մարդուն՝ իր իսկ նշանակած բարձր պաշտոնյային, եւ նա ավելի անպաշտպան է, քան ցանկացած շարքային քաղաքացի։ Եթե պաշտոնյան զանցանք է կատարել, ապա պետք է հանրությանը տեղեկացնեն, թե ինչ արարքի մասին է խոսքը, որպեսզի մամուլն «իր աղբյուրներին» չապավինի եւ չստուգված տեղեկություններ չհրապարակի։ Եթե հանցանք՝ ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Իսկ եթե Հովիկ Մանուկյանի մեղքն այն է, որ, ասենք, քեֆի սեղանի շուրջ դժգոհել է Սերժ Սարգսյանից ու մի երկու «քաղցր» խոսք ասել նրա հասցեին, կնշանակի՝ մեր երկիրը գլորվում է դեպի սովետական բռնապետության ժամանակներ։