Հիմա սահմանադրական փոփոխություններին կո՞ղմ եք, թե՞ դեմ

Հիմա սահմանադրական փոփոխություններին կո՞ղմ եք, թե՞ դեմ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հուլիսի 19-ին կհրապարակի բարեփոխումների հայեցակարգի առաջին 7 գլուխները։ Արդեն իսկ հայտնի է, որ գլխավոր մեխը կառավարման համակարգի փոփոխությունն է։ Իշխանությունները սահմանադրական փոփոխություններով ցանկանում են անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին։ Քաղաքական ուժերից ՀՀԿ-ն, բնականաբար՝ նաեւ ՀՅԴ-ն, վաղուց արդեն հայտնել են իրենց կարծիքն այս հարցի շուրջ, որ կողմ են բարեփոխումներին, թեպետ այն ժամանակ ոչինչ դեռ հստակ չէր։ Մյուսները, հատկապես նախագահի հետ հանդիպումից հետո, «հիմնականում» կամ «թեթեւի մեջ» էին դեմ՝ ինչ-որ վերապահումներով կամ, ինչպես ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», դեռ սկզբնական փուլում առաջարկությունների փաթեթ են ներկայացրել՝ պայմանով, որ եթե ընդունվեն ու դրանք ընդգրկվեն փոփոխությունների հայեցակարգում, ապա իրենք կողմ կլինեն։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի «երազանքն» է այս բարեփոխումների գործընթացը հորով-մորով անել՝ դեմոկրատական սկզբունքներին հավատարիմ մնալով, ուստի դրա համար շատ էր փափագում քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել այս հարցում։ Ինչ խոսք, այս կոնսոլիդացիան լիարժեք բոնուս կլիներ դեմոկրատիայի չհասած, ժողովրդի ու քաղաքական ուժերի սիրուն ու հավանությանը չարժանացած երկարամյա նախագահի համար։ Սակայն Սերժ Սարգսյանի երազանքներն իրականացնելուն պաշտոնապես խոստացել է նպաստել միայն «հին ընկերը»՝ Դաշնակցությունը, մյուսները չեն կողմնորոշվում՝ կա՛մ կողմ կլինեն, կա՛մ դեմ։



«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նախ ասաց, որ իրենք բովանդակային քննարկում չեն ծավալում։ «Մենք մեր առաջարկներն արել ենք, չի ընդունվել, դրա համար մենք բովանդակային քննարկման մեջ չենք մտնում»,- ասաց նա։ Հարցին՝ հիմա իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանադրական փոփոխություններին, Մարտիրոսյանն ասաց, որ դեմ են։ Այսինքն՝ նաեւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելո՞ւն են դեմ, ասաց․ «Մենք սահմանադրական փոփոխությունների գործընթացին դեմ ենք»։



Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իրենց կուսակցությունն այս հարցում կարծիք ի սկզբանե հայտնել է, որ երկրում ծառացած խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրությամբ, եւ նախագահական կառավարման համակարգն այս էտապում, երկրում ստեղծված իրավիճակի առումով շատ ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմ է։ Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին, տիկին Սարգսյանն ասաց, որ ինքը դեմ չէր լինի այդ համակարգին անցում կատարելուն, եթե մեզանում կայացած լինեին կուսակցական համակարգը, ընտրական ինստիտուտը, եւ եթե մեր երկրում ժողովրդավարության ակունքներն իմիտացիոն չլինեին։ Նա նաեւ նկատեց․ ինքը չի կարծում, թե կառավարման խորհրդարանական համակարգը տալիս է անվտանգության ամբողջական երաշխիքներ։



Հարցին, թե ինքը սահմանադրական բարեփոխումների գործընթացի՞ն է դեմ, առհասարակ, թե՞ դեմ է, որովհետեւ դրանով փորձում են անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին, ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ ինքը դեմ է մոդելի փոփոխությանը, թե չէ բարեփոխումներ միշտ էլ կարելի է իրականացնել։
«Ի՞նչ վատ բան է, եթե Սահմանադրությունը, որը ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցերի լուծում չի տալիս եւ խոցելի տեղեր ունի, կարելի է բարեփոխել, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- ասաց նա։ Այսինքն, եթե այս փոփոխությամբ անցում կատարվեր ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգին, այլ զարգացնեին նախագահական կամ կիսանախագահական մոդելը, ինքը կողմ կլինե՞ր բարեփոխումների գործընթացին։ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ոչինչ չի բացառում, միայն պետք է հասկանալ, թե ինչ նպատակ է դրվում այդ փոփոխության հիմքում: Նա նաեւ նշեց, որ ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը մոտավորապես նույնն է, ինչ իր դիրքորոշումը, այսինքն՝ խմբակցությունը եւ ՀԱԿ կուսակցությունը դեմ են սահմանադրական փոփոխություններին։



«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ իրենք հինգ առաջարկ են ներկայացրել, սակայն դեռ պատասխան չեն ստացել՝ ընդունվե՞լ են դրանք, թե՞ ոչ, որից հետո նոր դիրքորոշում կհայտնեն: «Եթե մեր հինգ առաջարկներն ընդունվեն ամբողջությամբ, մենք կքննարկենք, թե ինչ դիրքորոշում ենք հայտնում»,- ասաց նա։ Իսկ իրենց առաջարկների մեջ կա՞ կառավարման մոդելի փոփոխություն։ Պարոն Մարգարյանն ասաց, որ իրենց հինգ առաջարկների մեջ է մտնում այն, որ եթե խորհրդարանը պետք է ընտրի նախագահին, ուրեմն բոլոր լիազորությունները պետք է հավասարաչափ բաշխվեն նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի միջեւ, բացի այդ՝ նախագահը պետք է ընտրվի բացառապես խորհրդարանի կողմից՝ ոչ քիչ, քան երեք քառորդ ձայներով։ Նրանք նաեւ կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ պնդում են, որ պետք է բացառապես համամասնական ընտրակարգ լինի։ Հարցին, եթե իրենց ներկայացրած հինգ առաջարկներից գոնե մեկն ընդունված չլինի, իրենց դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ դեմ կլինեն․ «Մեզ համար անընդունելի կլինեն էդ փոփոխությունները, որովհետեւ դրանք սկզբունքային հինգ առաջարկներ են»։



Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ մինչեւ տեքստը չլինի, ոչ մի մեկնաբանություն չի կարող անել։ Սակայն արդեն հայտնի է, որ կառավարման խորհրդարանական մոդելին են ցանկանում անցում կատարել, պարոն Մարուքյանն ասաց․ «Դե, անցնելու էնքան ձեւեր կան, ախր, էդպես տեխնիկապես ասելով չի, էլի, պետք է նայել-տեսնել՝ ոնց են անցնում, ինչ մեխանիզմներ կան ներդրված։ Դրա համար տեքստը կլինի՝ մանրամասն կխոսենք։ Բացի դրանից, պետաիրավական հարցերի հանձնաժողով է գալու քննարկման, նորմալ, ամեն ինչ հանգիստ կներկայացնենք»։ Բայց, անկախ տեքստից, ինքը կառավարման խորհրդարանական մոդելին կողմնակի՞ց է։ Անկախ պատգամավորն ասաց․ «Անկախ տեքստից՝ դա եվրոպական մոդելն է, իսկ ես եվրոպական մոդելի պետության ջատագովն եմ, բայց թե ինչ կբերվի, ինչ համակարգ կլինի, դա, ընդհանրապես, հիմա օդում խոսակցություններ են, ես ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»։ Այսինքն՝ չի բացառվում, որ նույնիսկ խորհրդարանական մոդելին անցում կատարելու դեպքո՞ւմ էլ ինքը դեմ լինի այդ փոփոխություններին։ Մարուքյանն ասաց․ «Միանշանակ, եթե ինչ-որ սկզբունքային հարց եղավ, որ ես հասկացա, որ դա խնդիր է, բնականաբար, կողմ չեմ կարող լինել, դեմ կլինեմ, եթե ամբողջությամբ իմ պատկերացումներին համապատասխանի, կարող եմ կողմ լինել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ են ուզում անել»։



Նորաստեղծ «Ալյանս» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այս հարցի շուրջ հիշեցրեց, որ ինքն ի սկզբանե դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին՝ որպես իշխանության վերարտադրման մեթոդ, սակայն թե՛ ինքը, թե՛ իր համախոհները կառավարման մոդելի ընտրակարգի, այսինքն՝ համամասնականին անցման եւ իշխանության բալանսավորման վերաբերյալ մշտապես դրական են արտահայտվել: Նրա համար փոփոխությունների թեման քննարկման առարկա կարող է լինել, եթե բացառվի իշխանության վերարտադրման հարցը․ «Եթե բացառվի, ընդ որում՝ Սահմանադրության նախագծով, ոչ թե խոստումներով, քաղաքական մեծամասնությունը զավթած գործող իշխանության վերարտադրումը, ապա մենք, բնականաբար, կողմ ենք լինելու, եւ կարծում եմ՝ բոլորն են կողմ լինելու»: Այսինքն՝ «Ալյանսը», 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ լիարժեք խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է։ ԱԺ պատգամավորն ասաց, որ լիարժեք խորհրդարանական կառավարման՝ ոչ: Իսկ ո՞ր մոդելի կողմնակիցն է։ «Թերեւս խորհրդարանական՝ բացառությամբ այդ երկու հանգամանքների»:



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ «իրենց համար դա կեղծ օրակարգ է, որի մեջ չեն ուզում մտնել»: Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցության վարչության անդամներից է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ բոլոր դեպքերում, կառավարման ինչպիսի մոդել առաջարկվի, ինչ փոփոխություններ լինեն, իրենք կտրականապես դե՞մ են լինելու այդ փաստաթղթին։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենց համար, ընդհանրապես, «դեմ, կողմ» գաղափար չկա, եւ հիշեց տարբեր երկրների փորձը՝ տարբեր կառավարման մոդելներով. «Էդ օրակարգը, որն արհեստականորեն ընդունվել է, մեզ համար անընդունելի է: Երկրները, անկախ նրանից՝ կառավարման ինչ մոդել ունեն՝ խորհրդարանական, թե նախագահական, լինում են վատ եւ լավ: Օրինակ՝ Հյուսիսային Կորեան խորհրդարանական է, հիտլերյան Գերմանիան եղել է խորհրդարանական երկիր, Սովետական Միությունը եղել է խորհրդարանական: Մեզ համար տարբերություն չկա՝ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը կմնան ԱԺ նախագահ, վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանը կգնա իշխող կուսակցության ղեկավա՞ր, թե՞ կգնա վարչապետ: Մեզ համար դա կեղծ օրակարգ է, եւ մենք զբաղվում ենք նրանով, որ ամբողջովին էս իշխանությունը հեռանա»: