Ինձ կարող է միայն Չայկան զանգի

Ինձ կարող է միայն Չայկան զանգի

Սդղի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի առողջական վիճակը նույնն է: Նրա հայրը՝ Գագիկ Զաքարյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Հարությունը գտնվում է տանը՝ բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդը ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը թռել է ԱՄՆ: Հարազատները կապ էին հաստատել բժշկի հետ, վերջինս ասել էր, որ մնա անշարժ պառկած, դեղորայքային բուժում ստանա, իսկ օգոստոսին կտեղափոխեն Մոսկվա՝ նորից վիրահատության: Արդեն երեք վիրահատություն արել են, հերթական վիրահատությունն էլ նախատեսված է հոկտեմբերին: Գագիկ Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերադարձից հետո որդուն չեն հարցաքննել, իսկ թե երբ կհարցաքննեն, հայտնի չէ, Հարությունը չի կարող գնալ հարցաքննության, քանի որ անշարժ պառկած է: «Միգուցե մի քիչ սպասենք, որ նորմալանա վիճակը»,-ասաց նա: Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ գործով հսկող դատախազ Հակոբ Ենոքյանը զանգել է Զաքարյաններին եւ ասել՝ եթե Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տան, կարող է իրենց համար վատ լինել, Զաքարյան եղբայրների հայրը պատասխանեց. «Ինձ կարող է միայն Ռուսաստանի դատախազ Չայկան զանգի, Չայկան էդ գործից տեղյակ է, դեսպանատնով, դատախազությունով բոլորը տեղյակ են: Ինձ դատախազ չի զանգել, իմ հետ խոսացող չի եղել, միգուցե զանգել են, ես Մոսկվայում եմ եղել, չգիտեմ, ես անտեղյակ եմ», ապա հավելեց, որ Հակոբ Ենոքյան անունով մարդ չի ճանաչում: Նա նշեց, որ որդու՝ Հարությունի վրա ոչ ոք չի կարող ազդել, այդ թվում՝ ինքը, նա կայացած տղա է: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Զաքարյաններին հանդիպելու մասին լուրերին, Գագիկ Զաքարյանը նշեց հետեւյալը. «Լիսկան էդքան դո՞ւխ ունի, որ զանգի, իմ հետ խոսակցություն տանի: Իմ հետ չի կարա մարդ հանդիպի, չեն էլ հանդիպել, չեն էլ կարալու հանդիպեն»: Հիշեցնենք նաեւ, որ Քննչական կոմիտեն օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ գործով քննիչին տեղեկություններ են հասել դատախազի կողմից Զաքարյանների նկատմամբ ճնշումների մասին, եւ քննիչ, այդ մասին միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին։



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ