Մի շտապեք, աշխարհը հարափոփոխ է

Մի շտապեք, աշխարհը հարափոփոխ է

Ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության եւ ԲՐԻԿՍ-ի Ուֆայում տեղի ունեցած համատեղ գագաթնաժողովին, Սերժ Սարգսյանը խոսել է խոշոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանի մասով նշելով, որ այդպիսին կարող է լինել Իրան-Հայաստան երկաթուղին, որը թույլ կտա ԵԱՏՄ երկրներին դուրս գալ մինչեւ Հնդկական օվկիանոս: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիշյալ հավաքի մասնակիցների ելույթներում եւ մանավանդ Պուտինի ելույթում, անվերջանալի կոչեր են հնչել ԵԱՏՄ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության եւ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցությունը խորացնելու, զարգացող երկրների տնտեսության մեջ որակական առաջընթաց ապահովելու մասին, ապա կարելի է միանշանակ պնդել, որ ՀՀ նախագահի կողմից Իրան-Հայաստան երկաթուղու մասին հիշատակումն ու դրա կարեւորության ընդգծումը եթե ոչ միակ, ապա առնվազն սակավաթիվ, բայց կարեւորագույն գործնական առաջարկներից մեկն է:



Այստեղ` Հայաստանում, Սարգսյանի որոշ օպոնենտներ, սակայն, այդ առաջարկը համարում են ոչ ավել, ոչ պակաս` զավեշտալի: Եվ դա այն պատճառով, որ այդ առաջարկը հնչել է մի մարդու շուրթերից, ով չորս տարի բանակցել է Եվրամիության հետ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ, ավարտել բանակցություններն ու ստորագրումից մի քանի շաբաթ առաջ հայտարարել 180 աստիճանով այլ կուրս ընտրելու եւ ԵԱՏՄ մտնելու մասին:



Սերժ Սարգսյանն իմ պաշտպանության կարիքը չի զգում, երեւի համոզված եք բոլորդ: Բայց ասեմ, որ, իմ կարծիքով, զավեշտալի է ոչ թե Սերժ Սարգսյանի առաջարկն Իրան-Հայաստան երկաթուղու գործարկման մասին, այլ նրա «քննադատների» մոտեցումը, թե չէր կարելի տարիներ շարունակ ինտեգրվել Եվրոպային, ապա` մտնել ԵՏՄ: Եկեք հիշենք թեւավոր խոսքը․ քաղաքականության մեջ, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ առավել եւս, չպետք է բացառել ոչինչ: Նույնիսկ եթե Հայաստանը դիտարկենք որպես անկախության տարրական նշույլներից զուրկ երկիր, ինչպես համարում են մեր վայ-մեկնաբանները, միեւնույն է, այն ինքնին համաշխարհային մեծ քաղաքականության մի մասնիկ է, եւ որքան էլ շատերը ցանկանան, չեն կարող շրջանցել այդ հանգամանքը: Ոչ ոք թող չմտածի, որ մերձբալթյան երկրներն այսօր ավելի անկախ են, քան Հայաստանը: Մեր եւ նրանց տարբերությունը պայմանավորված է բացառապես մեր եւ նրանց շուրջ ստեղծված տարբեր քաղաքական իրավիճակներով: Կարող եք տեսնել նաեւ, թե ինչ է կատարվում Հունաստանում: Այդ երկիրն ամբողջությամբ կախված է օտարերկրյա կրեդիտորների քմահաճույքներից, որոնք երկիրը կանգնեցնում են քաղաքական բարդագույն իրավիճակների, ընդհուպ ԵՄ-ից դուրս գալ-դուրս չգալու երկընտրանքի առջեւ:



Շատ լավ կլիներ, որ Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարը զավեշտալի համարող մեր վերլուծաբանները նաեւ հստակեցնեին, թե ինչ էր կատարվելու Հայաստանի հետ, եթե 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ Երեւանում ռուսալեզ ուժերի բազմահազարանոց հանրահավաքն էր ընթանում, Սերժ Սարգսյանը չստորագրեր ԵՏՄ համաձայնագիրը: Մի փոքր թարմացնենք մեր հիշողությունն այդ զավեշտալի օրվա հետ կապված` հենց Մինսկում ստորագրվեց փաստաթուղթը, տխրահչակ եռյակի բազմահազարանոց հանրահավաքը վերածվեց տոնախմբության ու ավարտվեց հրավառությամբ: 2014թ. հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, հարգելիներս, ցույց տվեց նաեւ, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը եւս կայացվել է ճնշման ու սպառնալիքի ներքո, ընդ որում՝ ոչ միայն ռուսական, այլեւ հայաստանյան:



Ինչպե՞ս կվերաբերվեն ԵԱՏՄ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության եւ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները Հայաստանի առաջարկին, կմասնակցե՞ն Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը, թե՞ չեն մասնակցի: Այս հարցի պատասխանը, կարծում եմ, պետք է որոնել այն երկրներում, որոնց համար ուղղակի կենսական նշանակություն կարող է ունենալ Հայաստան-Իրան երկաթուղին: Ի՞նչ կունենան նրանք այդ երկաթուղով եւ ինչ չեն ունենա, եթե երկաթուղին այդպես էլ չկառուցվի: Այսինքն, մտածելու տեղ կա, անշուշտ` տարվե՞լ այդ գաղափարով, թե՞ անուշադրության մատնել: Մերոնք, սակայն, էս գլխից համոզված են, որ նշված կազմակերպությունների ղեկավարները լուրջ չեն վերաբերվի Հայաստանի առաջարկին, որովհետեւ Հայաստանը չի որոշողը, այլ՝ Ռուսաստանը, հետեւաբար, պետք է նախ հասկանան` համաձա՞յն է Պուտինը, թե՞ համաձայն չէ: Դարձյալ զավեշտի հետ գործ ունենք:



Մեր մեջ ասած` Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի նման պետությունները, բարեբախտաբար, խնդիրը տեսնում են ոչ թե մերոնց դատարկաբանությունների, այլ իրենց տնտեսական շահերի եւ տարածաշրջանային գործընթացների լույսի ներքո: Ուստի հարցը սխալ ենք դնում․ Ռուսաստանը կուզի` երկաթուղին կկառուցվի, չի ուզի` չի կառուցվի: Նորմալ երկրները, հավատացնում եմ, «կապրիզներով» չեն առաջնորդվում, այլ ռեալություններով, իսկ ռեալությունների փոխվելու հետ էլ իրենք են փոխվում, մշակում նոր քաղաքականություն ու որդեգրում նոր մոտեցումներ: Այստեղ շատ ուսուցողական կարող է լինել Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ «Միստրալ» նավերի պատմությունը: Ռուսաստանը, ռազմանավեր պատվիրելով Ֆրանսիային, մտքով չէր էլ անցկացնում` կհամաձայնի՞ ԱՄՆ-ն, թե՞ չի համաձայնի, որ Ֆրանսիան իր համար երկու ռազմանավ պատրաստի: Ռուսաստանն ու Ֆրանսիան պայմանագիր կնքեցին, Ռուսաստանը նույնիսկ փողը վճարեց, բայց… եղավ այն, ինչ եղավ: Ո՞վ կարող է պնդել, որ Ֆրանսիան անկախ երկիր չէ եւ չէր կարող, ի հեճուկս ԱՄՆ-ի, նավերը վաճառել Ռուսաստանին:



Բայց չվաճառեց, որովհետեւ խնդիրը, տնտեսական լինելուց զատ, նաեւ քաղաքական էր այլեւս, իսկ քաղաքականությունն այս պահին, այո, նաեւ ԱՄՆ-ի նման գերտերության միջամտությամբ, դա է պահանջում:
Իսկ ճի՞շտ է արդյոք մտածելը, որ վաղն ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա, այսինքն` Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները միշտ մնալու են այս կայուն-ծանր վիճակում: Բնականաբար` ոչ: Միշտ էլ գտնվելու են լուծումներ, որոնք վերջին պահին փոխարինելու են կործանարար առճակատումներին: Այնպես որ, չի կարելի անտեսել ժամանակի խնդիրը, ինչպես անում ենք մենք, եւ միանշանակ պնդել, որ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը Պուտինի քմահաճույքով է պայմանավորված: Եթե նույնիսկ դա համարենք քմահաճույք, ապա, միեւնույն է, այդ քմահաճույքն էլ ժամանակավոր ու փոփոխական է`նայած ուր կտանեն գործընթացները, որոնք կապված կլինեն ոչ միայն այդ երկաթուղու, այլեւ, ընդհանրապես, Հայաստան պետության ու անվան հետ: