Մահացած մարդու անհատական, ինտիմ կյանքի մեջ են թափանցում

Մահացած մարդու անհատական, ինտիմ կյանքի մեջ են թափանցում

«Մի սպանիր» աստծո պատվիրանն այս օրերին լրագրողների համար հնչում է «Մի լուսաբանիր» ձեւակերպմամբ․ որոշ դեպքերի լուսաբանումը մահացու մեղք է եւ բացելու է դժոխքի դռները։ «Դժոխքի դռներն» էլ կարծես տեղակայված լինեն Կիեւյան կամրջի տակ։ Այս անգամ «չի կարելի»-ների ցանկում է գտնվում Կիեւյան կամրջի ինքնասպանությունների լուսաբանումը։



«Նմանատիպ երեւույթներ կան, դա թաքցնել չի կարելի, դա բնականոն է, ուղղակի լուսաբանումը պետք է լինի գրագետ, ճիշտ մշակված, որպեսզի նա, ով ընկալում է այդպիսի երեւույթները, կարողանա ընդունել իրատեսորեն այն ամենը, ինչ կա։ Տեղեկատվությունը պետք է լինի պարզ, թափանցիկ, բայց շատ ճկուն եւ զգոն։ Այդ դեպքում կարեւոր փաստերը, որպես այդպիսին, որ տեղի է ունեցել ոչ ավել, ոչ պակաս, որոնք չպետք է կրեն ավելորդ, անհարկի պատկերներ, նկարներ, անհարկի ինֆորմացիա է։ Այս վերջին դեպքի հետ, օրինակ, ինձ, նաեւ որպես հոգեբան, շատ նեղացրեց, որպես հասարակության անդամ, մահացած մարդու անհատական ինտիմ կյանքի մեջ են թափանցում։ Նման երեւույթները, եթե փորձում են տեղեկատվությունը «գեղեցիկ» դարձնելու համար ներկայացնել, ապա դա ամենասխալ ձեւն է, որ ընտրել են»,- նշում է հոգեբան Աննա Բադալյանը։ Երբ ասում եք՝ անհարկի ինֆորմացիա, ի՞նչ նկատի ունեք։ «Ոչ թե անհարկի ինֆորմացիա, բայց աղմուկ-աղաղակ, ողբ, լաց, չգիտեմ… մանրակրկիտ ներկայացնում են, այդ ամենը դրական չէ։ Այսօր մենք շատ այդպիսի հաղորդումներ ունենք, որոնք լուսաբանում ու գովաբանում են ծեծը, ջարդը, գովաբանում են ոչ գեղեցիկ խոսելաձեւը, նույնիսկ հարազատների մեջ վեճը, կռիվը դարձել է հանրային «թամաշայի երեւույթ»։



Ուրիշ մի բան էլ կա․ այդքան խոսում են սպանություններից, ինքնասպանություններից եւ այլն, այդ ամենը մենք պետք է կարողանանք մեր մեջ մշակել նաեւ, որ դրանք բնական երեւույթներ են, ու մենք ավելի հոգեբանորեն կայուն լինենք։ Այդ մարդն ունեցել է այս խնդիրները, ինքն այնքան ուժեղ չի եղել, չի կարողացել հաղթահարել, այսինչը սայթաքել է այստեղ, նույն բնական աղետը մենք ենք ունեցել, բայց ո՞նց ենք կարողացել ոտքի կանգնել»։ Չնայած շատերը բողոքում են, թե լրատվական դաշտը լեցուն է բացասականով, այնուամենայնիվ, հասարակությունն ինքն է նախընտրում այդ բացասական ինֆորմացիան․ «Ես ինքս էլ այդ բոլորը, ամենաչնչինն էլ կարդում եմ, որպեսզի կարողանամ պատկերացում կազմել, թե այս պահին հասարակությունն ինչ աստիճանի վրա է գտնվում, հոգեկան մակարդակն ինչպիսին է։ Դա նշանակում է, որ ներքին խնդիր ունի, մազոխիզմ է իր մեջ, ինքն իրեն տանջում է։ Մեր ազգի մեջ հետաքրքրասիրությանը զուգահեռ իմաստասիրության ինչ-որ բաներ էլ կան, ու իրենք դրանով ուզում են նոր բաներ գտնել, ելքը իրավիճակից»։



Այն կեսկատակ-կեսլուրջ դիտարկման հետ, թե մեր ազգի մեծամասնությունն այդ դեպքում մազոխիստ է, Աննա Բադալյանը համաձայն չէ։ Միաժամանակ հետաքրքրվեցինք հասարակության ներկայիս հոգեբանական վիճակով։ «Կարծես ընդունված է սոցիալ-տնտեսական ծանր վիճակի վրա բարդել հոգեբանական վիճակը։ Այո, ընդունում եմ, ֆինանսները, գումարները կարեւոր են։ Ընդունում եմ, որովհետեւ եթե մարդը թերսնվում է, ապա նրա առողջության հետ խնդիրներ կան, եթե մարդն առողջ չէ, ապա նրա մտածելակերպը, ասենք, նրա հոգեբանությունը, նրա երեւակայությունը, ընդհանրապես ամեն ինչը կարծես թե նորմալ չի աշխատում, ինքը պարփակվում է իր հիվանդության մեջ։ Բայց մի շատ կարեւոր գործոն էլ կա, ֆինանսներն այդքան խփել, ահազանգել դրան… մարդիկ կան, որոնք ունեն միջին ֆինանսներ, բայց երբ նայում ես՝ պայծառությունից այնքան լիքն է նրանց ներաշխարհը, նրանց հոգին, նրանց միտքը, շփման հմտությունները, այնքան գեղեցիկ են, նրանք լուսարձակում են ուղղակի։ Ես, որպես մասնագետ, երկու զուգահեռների հետ էլ հանդիպում եմ։ Նախ, առաջինն սկսենք, եթե մի բան վատ է, մենք ենք սխալ աշխատում, եթե մի բան վատ է, ուրեմն մենք չենք կարողանում ճիշտ որոշել։ Բոլոր հասարակություններում էլ լինում է՝ հոգեբանական ցուցանիշն իջնում-բարձրանում է, վերելքներ, վայրէջքներ լինում են, տագնապներ, այդ ամենը լինում է։ Մեր պարագայում մենք կարծես թե բնականոն ռիթմով առաջ ենք գնում։ Մեր էթնիկական տարին հատուկ է, մենք կարող ենք լիարժեք ուրախալ, հետո միանգամից տխրել, հետո միանգամից ոտքի կանգնել։ Վերջին իրադարձությունների հետ կապված, կարեւորը՝ մեր հասարակությունն ամենածանր իրավիճակներում զերծ է ամբոխ լինելուց։ Իսկ ամենավտանգավորը, երբ որ խումբը, հասարակության մի մասը վերածվում է ամբոխի։ Շատ վաղուց է, որ մենք դա չենք ունեցել, ուրեմն՝ հասարակությունն առողջ է»։