Արմեն Ամիրյանը՝ մշակույթի նախարարի թեկնածո՞ւ

Արմեն Ամիրյանը՝ մշակույթի նախարարի թեկնածո՞ւ

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսում են եւ կառավարական, եւ մշակութային շրջանակներում։ Մեր տեղեկություններով, մի խումբ մտավորականներ իշխանություններին են դիմել նախարարին փոխելու առաջարկով եւ առաջարկել են նշանակել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին։ Վերջինը լավ հարաբերություններ ունի նախագահականի հետ, մի քանի տարի առաջ նրան առաջարկում էին ստանձնել Հանրային հեռուստատեսության տնօրենի պաշտոնը, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով հսկայական վատնումները, որ թույլ էին տվել նախկին տնօրենները։ Այսօր էլ Ամիրյանը, ըստ Հ1-ի մեր աղբյուրների, լարված հարաբերություններ ունի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ։ Մի քանի անգամ Ամիրյանը նույնիսկ խնդրել է ազատել իրեն ռադիոյի տնօրենի պաշտոնից եւ մնացել է զուտ ՀՀ նախագահի խնդրանքով։ Ասում են նույնիսկ, որ եթե չլիներ նախագահի հովանավորությունը, Ջաղինյանը վաղուց ազատած կլիներ նրան։ Ամիրյանին մշակույթի նախարար նշանակելու լուրը մեծ ոգեւորությամբ են ընդունել մերձմշակութային շրջանակները, կարծիք կա, որ Արմեն Ամիրյանը մենեջերի լավ ունակություններ ունի, կոլեկտիվը ղեկավարում է որպես ընտանիք, եւ նրա աշխատողները, որպես կանոն, գոհ են նրանից։ Մանավանդ, ասում են՝ Հանրային ռադիոյում աշխատավարձերն ավելի բարձր են, քան հեռուստատեսությունում, եւ դա տնօրենի շնորհքն է։ Թե ինչպես է վերաբերվում Արմեն Ամիրյանը նախարար նշանակվելու մասին լուրերին, մեզ պարզել չհաջողվեց, նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ամռանը սովորաբար մեկնում է հանգստանալու։