Անկախ նախկին տարաձայնություններից՝ բոլորը պետք է միասնական պայքարի ելնեն

Անկախ նախկին տարաձայնություններից՝ բոլորը պետք է միասնական պայքարի ելնեն

Դեռ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող ոչ իշխանականների գլխավոր թիրախը սահմանադրական փոփոխություններն էին, երբ այդ փաստաթուղթը դեռ ցրցամ չէր տրված։ Բայց նրանք ձմռան ամիսներին խորհրդաժողովներ էին անում, բոցաշունչ ճառեր ասում, իսկ այժմ՝ փաստաթղթի հրապարակումից հետո, ընդհատակ են անցել։



Փետրվարյան ցունամիից ու Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածից հետո կարելի էր հասկանալ նրանց պասիվությունը, բայց նրանք շարունակում են իշխանությունների դեմ հոխորտալ, իսկ երբ խոսքը հասնում է գործին, չքվում են ասպարեզից: Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի թերեւս միակ սկզբունքային ուժ համարվող Հայ ազգային կոնգրեսը, որն այս հարցով իշխանության հետ որեւէ հանդիպման չի մասնակցել, նախկինում եւ հիմա նույն կարծիքին է՝ թույլ չտալ երկրի ու ժողովրդի համար «վտանգավոր» փոփոխությունները: Նախագծի հրապարակումից հետո ՀԱԿ-ում կարծիքներն էլ ավելի բյուրեղացան, ու միասնական ճակատ ձեւավորելու կոչեր հնչեցին: «Որովհետեւ այն, ինչ ուզում են անեն, երկրի կործանման ճանապարհ է»,- մեզ հետ զրույցում ՀԱԿ տեսակետը փոխանցեց Վահագն Խաչատրյանը, դրա համար ՀԱԿ-ն ուժերը կլարի, որպեսզի խոչընդոտի այս գործընթացը: Պայքարի մեկնարկի ժամկետների ու ֆորմատի մասին Խաչատրյանը խոստացավ՝ կտեղեկացնեն առաջիկայում: ԲՀԿ-ի հետ կատարվածը եւ իրենց երկարամյա ապարդյուն փորձերը հաշվի առնելով՝ ի՞նչ ակնկալիքներ ունենանք։ «Մենք տարիներ առաջ էլ ենք պայքարել, ամիսներ առաջ էլ, մեր հաջողություններին դեռ չենք հասել, բայց կհասնենք, չենք հիասթափվել, ասել ենք՝ անելու ենք»,- լավատեսորեն եզրափակեց Վահագն Խաչատրյանը:



«Ժառանգությունում», ըստ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, քննարկել են նախագիծը, որոշում դեռ չի կայացվել. «Ըստ էության, «Ժառանգության» տեսակետը կարելի է հայտնի համարել, որովհետեւ մենք մինչեւ նախագծի հրապարակումն էլ հայտարարություններ արել ենք»: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ նոր սահմանադրության պարագայում քաղաքական դաշտն էլ, մյուս ոլորտների պես, կդառնա միահեծան, բռնապետական՝ նախագահի գլխավորությամբ: Արդյոք կուսակցության տեսակետն այս հարցում միատա՞րր է, ժառանգականները մեկ անգամ չէ, որ ապացուցել են՝ 5 հոգով կարող են 7 երգ երգել։ «Մինչեւ տեքստի հրապարակումը եթե մի փոքր… մի քանի հոգի կային, որ քննարկման կողմնակից էին, ապա հրապարակումից հետո նրանք նույնպես կտրուկ դեմ են արտահայտվել»:



Ի դեպ, իշխանությունների հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանի տեսակետը չհաջողվեց լսել: Նա ասաց, թե քաղաքում չէ, ապա արագ անջատեց հեռախոսը: Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ «Ժառանգությունը» եւս լինելու է սահմանադրական հանրաքվեի դեմ առաջնագծում, եւ ինքը բազմիցս միասնական ճակատի մասին է բարձրաձայնել: Անկախ նախկինում եղած տարաձայնություններից՝ բոլորը պարտադիր պետք է միասնական պայքարի ելնեն. «Եվ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ընդդիմություն, եւ քաղաքացիական հասարակություն, անհատներ, երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ»։ Ավելին՝ Մարտիրոսյանը հայտնեց, որ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ արդեն բանակցություններ են սկսվել, անուններ չցանկացավ հրապարակել. «Մոտակա ժամանակահատվածում ավելի երեւացող կլինի պայքարը»:



ԲՀԿ-Ն ՉԻ ՇՏԱՊՈՒՄ



«Չարիքի իշխանության» դեմ պայքարի նախկին առաջամարտիկ ԲՀԿ-ում, պարզվում է, դեռ ուսումնասիրում են նախագիծն ու կարծիք հայտնել չեն կարող: «Այս պահի դրությամբ մեր կուսակցության համապատասխան փորձագետները, մասնագետները խորը ուսումնասիրության են ենթարկում փաստաթուղթը: Այդ ուսումնասիրության եզրակացությունը ներկայացնելուց հետո, բնականաբար, կուսակցությունը ղեկավար մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ կքննարկի եւ հրապարակային հանդես կգա իր դիրքորոշմամբ»,- մեզ փոխանցեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Իսկ ե՞րբ կավարտվեն ուսումնասիրությունները, երբ գործընթացն ավարտի՞ն մոտենա։ «Խելամիտ ժամկետներում,- հակադարձեց ԲՀԿ-ականը։- Նախկինում բոլոր իրադարձությունների ու հրապարակած փաստաթղթերի կետերի վերաբերյալ մեր մտահոգությունները մենք արդեն հայտնել ենք. սա այն փաստաթուղթը չէ, որ րոպեական որոշում կայացնենք»: Հաշվի առնելով բազմաթիվ ԲՀԿ-ականների տեսակետները, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է, եւ դեմ են կառավարման խորհրդարանական մոդելին, հնարավո՞ր է ԲՀԿ-ն միանա միասնական պայքարի ճակատին։ «Մինչեւ խորը մասնագիտական ուսումնասիրություն չկատարվի, մենք մեր մասնագետների հետ չուսումնասիրենք բոլոր մտահոգությունները, հավանական զարգացումները, մենք որեւիցե գնահատական չենք տա»,- կրկնեց ԲՀԿ-ականը:



Նախկին կոալիցիոն գործընկեր, այժմ ընդդիմադիր ՕԵԿ-ն արդեն հստակ դիրքորոշում է հայտնել՝ քննարկելու բան չունեն, որովհետեւ իրենց առաջարկները չեն ընդունվել։ ««Հայկական վերածնունդն» իր 100 քաղաքական-հասարակական կազմակերպություններով քննարկել է նախագիծը, եւ մենք այս փոփոխություններին այս տեսքով դեմ ենք»,- փոխանցեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Իսկ միանալո՞ւ են միասնական ճակատին, որի մասին կոչ են արել ՀԱԿ անդամները։ «Հիմա բոլոր քաղաքական միավորներն էլ այդ մասին խոսում են, ինչ խոսք՝ հիմա եթե սկսվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզչական գործընթացներ, այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են, պետք է «այո»-ի համար քարոզարշավ կատարեն, իսկ ովքեր դեմ են, պետք է «դեմ» քարոզչական աշխատանք կատարեն: Մենք նույնպես միանալու ենք հակաքարոզչական աշխատանքներին: Պարզապես պետք է սպասենք եւ տեսնենք, թե իշխանությունն ինչ է որոշում՝ դնո՞ւմ է նախագիծը շրջանառության մեջ, թե՞ ոչ»: Իսկ ռեալ պայքա՞ր՝ շուրջօրյա հանրահավաքներ, նստացույցեր եւ այլն։ «Թող նախագիծը բերեն ԱԺ, որից հետո այդ ընթացքը ցույց կտա, թե ինչպիսի կազմակերպչական աշխատանքներ կունենա ընդդիմադիր դաշտը»:



Բիշարյանն ընդգծեց, որ կհամագործակցեն այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնց «պայքարի շեշտադրումները համընկնում են» իրենցինի հետ: ՀԱԿ-ն առաջարկում է հանրաքվեն վերածել իշխանության հրաժարականի պահանջի. «Եթե կլինեն խնդիրներ, որոնք կապված կլինեն Սահմանադրության փոփոխությունների հետ, խնդիրներ սոցիալ-տնտեսական հարցերի, որոնք առկախված են, եւ տեսնում ենք, թե ինչպիսի վիճակում է ողջ երկիրը, մենք պատրաստ ենք նման խնդիրների շուրջ համագործակցել»: Իսկ իշխանափոխության պահա՞նջ։ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ոճը, իր սկզբունքները, մոտեցումները: Ես հարգում եմ իրենց մոտեցումները, էդպիսի բան են որոշել անել, թող անեն, բայց մենք ունենք մեր մոտեցումները, խնդիրները»:



Արտախորհրդարանական «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նախ հիշեցնում է, որ մինչեւ փաստաթղթի հրապարակումն էլ իրենք որոշում են կայացրել, որ փոփոխությունները հարկավոր չեն, որովհետեւ չկայացած ընտրական համակարգի պարագայում ոչինչ չի փոխվի, հիմա էլ իրենց կարծիքը չի փոխվել. «Բայց ՀԱԿ-ի միասնական ճակատի նախաձեռնությանն էլ լուրջ չենք վերաբերվում, ՀԱԿ-ի նախաձեռնությունները շատ ենք տեսել»: Մակեյանի կարծիքով, դեռ պետք է սպասել ու հասկանալ՝ արդյոք Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է գնալ այդ փոփոխություններին. «Որովհետեւ տարածաշրջանում գերտերությունների շահերի բախում կարող է լինել, իսկ քանի որ Սերժ Սարգսյանը պետք է թվեր նկարի այդ հանրաքվեի ժամանակ, ամեն ինչ դեռ հստակ չէ: Գուցե կողմերից մեկը թույլ չտա դա»:



Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունից էլ փոխանցեցին. «Մենք հանդես ենք գալիս ընդդիմադիր ուժերի միավորման գաղափարի տեսանկյունից, բայց ինչպես մենք, այնպես էլ ամբողջ ժողովուրդը հոգնել ու զզվել է ձեւական ընդդիմադիր պաթոսից ու արհեստական ընդդիմություններից: Արդեն հայտարարել ենք, որ աշնանը «Ալյանսն» սկսելու է հանրահավաքների շարք եւ դիմելու է բոլոր ընդդիմադիր ուժերին՝ միանալու կոչով: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, ըստ այդմ էլ կիրականացվեն համապատասխան գործողություններ սահմանադրական էքսպերիմենտի մասով»: