Հյուսիսային պողոտայի կառուցապատողին սնանկ են ճանաչել 3 մլն դրամի համար

Հյուսիսային պողոտայի կառուցապատողին սնանկ են ճանաչել 3 մլն դրամի համար

«Նորդ Այլնդ» ՓԲԸ-ն, որը Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից է եւ ներկայում հանդիսանում է շենքերի տնտեսական հանգույցի տերը, սնանկ է ճանաչվել։ Այժմ բազմաբնակարան էլիտար երկու շենքերի տնտեսական հանգույցը՝ պոմպերով, կաթսայատան կայանով, հովացման համակարգով, դրված է աճուրդի։ Սնանկության պահանջը ներկայացրել է մի ընկերություն, որը ֆինանսական աուդիտ էր անցկացնում «Նորդ Այլնդ»-ում։ Վերջինս, իբր, աուդիտ է պատվիրել, բայց չի կարողացել վճարել դրա գինը՝ 3 մլն դրամը։ Մինչդեռ աճուրդի հանված գույքի գինը 653 մլն դրամ է։ «653 մլն դրամի գույք ունեցող ընկերությանը 3 մլն դրամի համար սնանկ են ճանաչել։ Աճուրդի ժամանակ երկու անգամ լոտն իջեցնելուց հետո գույքի գինը դարձրել են 470 մլն։ Ամսի 12-ին նորից աճուրդ է։ Հայտեր չկան, օրենքով, ամեն նոր աճուրդին գինն իջնում է։ Իրենք զրոյական են դարձնելու՝ առնեն»,- կանխատեսում են Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքի բնակիչները։



Նրանք վստահ են, որ սնանկությունը կեղծ է, քանի որ ամեն ամիս «Նորդ Այլնդ»-ին մոտ 1 մլն դրամ մուծումներ էին անում։ «Երեք ամիս գումարները հավաքեին՝ այդ 3 մլն-ն կտային»,- ասում են մարդիկ։ Հյուսիսային պողոտա 6-ի կառավարչությունը դիմել է Քննչական կոմիտե, պահանջելով քրեական գործ հարուցել կեղծ սնանկության մեղադրանքով։ Բայց գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Բնակիչներն էլ դիմել են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Ըստ դատարանի վճռի՝ սնանկ ճանաչված «Նորդ Այլնդ» ընկերության չկատարած դրամական պարտավորության չափը կազմում է ընդամենը 3 մլն ՀՀ դրամ։ Գտնում ենք, որ այս հիմքով «Նորդ Այլնդ»-ին սնանկ ճանաչելը հեռու է արժանահավատությունից, քանի որ «Նորդ Այլնդ» ՓԲԸ-ն շինարարությամբ զբաղվող հայաստանյան խոշոր ընկերություններից է, եւ մեծածավալ կառուցապատումներ իրականացնող ընկերության համար 3 մլն դրամի վճարման պարտավորության կատարումը շատ փոքր խնդիր է»,- գրում է Հյուսիսային պողոտա 6 համատիրության կառավարիչ Հովհաննես Ստեփանյանը գլխավոր դատախազին։



Ինտրիգն այն է, որ «Նորդ Այլնդ» ՓԲԸ-ն պատկանում էր «Հարությունյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին, որի տերը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանն է։ Նախկինում կառուցապատողն ու իրավաբանական գրասենյակը նույնիսկ միեւնույն հասցեում էին գտնվում։ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ Դավիթ Հարությունյանը, որը պողոտայի կառուցման տարիներին արդարադատության նախարարն էր, վաղեմի բարեկամներ են եւ թիմակիցներ։ Կընդառաջի՞ արդյոք գլխավոր դատախազը պողոտայի բնակիչներին, կդադարեցնի՞ պատերազմը Երեւանի ամենաէլիտար այս պողոտայում։ Բնակիչները սպասում են։ Ամենահետաքրքիրն այն է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքներում Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքն ընդհանրապես չկա։ Ողջ տարածքը՝ 3300 քմ-ն, ըստ փաստաթղթերի, զբաղեցնում է տնտեսական հանգույցը՝ բակը, կաթսայատունը, այլ ենթակառուցվածքներ։ Դրանք պատկանում են կառուցապատողին։ Այս ընկերությունն ամեն ինչ արեց, որ շենքերը կառուցելուց եւ բնակարանները վաճառելուց հետո էլ եկամտի աղբյուր ունենա եւ սպասարկում էր բնակիչներին՝ անմարդկային վճարներ կորզելով նրանցից։ Թե ուր են գնում այս գումարները, բնակիչները չգիտեն, որովհետեւ կառավարող ընկերությունը նրանց երբեք հաշվետվություն չի ներկայացրել։ Ահա ինչու արդեն երկար տարիներ Հյուսիսային պողոտա 4 եւ 6 շենքերի բնակիչները դատարաններից դուրս չեն գալիս, վիճարկելով «Նորդ Այլնդի» սեփականության իրավունքը, աշխատելով վերադարձնել շենքի ենթակառուցվածքները տնօրինելու իրավունքը։ Սնանկության գործընթացը «Նորդ Այլնդ» ՓԲԸ-ին առժամանակ փրկեց դատական հայցերից։



«Հյուսիսային պողոտա թիվ 6 շենքի սպասարկման համար պետության կողմից հատկացված բակը եւ բակում կառուցված ստորգետնյա տնտեսական հանգույցը չէին կարող անցնել «Նորդ Այլնդ» ՓԲԸ-ին ի սեփականություն,- ասում է շենքի բնակիչ, համատիրության նախագահ Ռաֆայել Վեքիլյանը,- առկա է փորձագետի եզրակացությունը, որը հիմնավորում է այս դիրքորոշումը։ Եթե մենք կարողանանք վերջապես դատարանում ապացուցել, որ իրենց սեփականության իրավունքն առոչինչ է, այդ գույքը կդառնա հանրային։ «Նորդ Այլնդն» էլ գտել է տարբերակ խնդիրը լուծելու՝ սնանկության պրոցես է մոգոնել, եւ այժմ դատական պրոցեսը կանգ է առել, քանի որ գնում է սնանկության գործընթաց»։ Երբ Հյուսիսային պողոտան նոր էր կառուցվում, քոչարյանական քարոզչամեքենան այն ներկայացնում էր որպես «փողատերերի» դրախտավայր։ Նրանց բերում-կանգնեցնում էին կիսակառույց շենքերի մոտ եւ հատուկ նրանց համար հեքիաթներ պատմում։ Օրինակ, որ Հյուսիսային պողոտա 4 շենքը շքեղ եւ ընդարձակ մուտք է ունենալու, շվեյցարներով, շքեղ կահավորված։ Զմայլված փողատերերը հավատում էին եւ «մուծվում»։ Հետագայում ոչ մի շվեյցար էլ չեղավ։ Շքեղ մուտքը տվեցին «Բիլայն»-ին։ Ի՞նչ շվեյցար։ Նույնիսկ մի նորմալ ավտոկայանատեղի բնակիչները չունեցան։ Դրախտային բնակարաններ հասնելու համար նրանք բարձրանում են «շան բուդկի» պես նեղ մուտքով։ Այս շենքի բնակիչները եւս անվերջանալի դատական մարտերի մեջ են։



ՀԳ․ Հյուսիսային պողոտայի բնակիչների հետ դատական վեճում «Նորդ Այլնդ» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Գեւորգ Մինասյանը տարօրինակ մեկնաբանություն տվեց թեմայի շուրջ։ Նրան հարցրինք, թե ինչպես կարող էր 650 մլն դրամի գույք ունեցող ընկերությունը սնանկ ճանաչվել 3 մլն դրամ չունենալու համար։ «Ես սնանկության գործով չեմ զբաղվում։ Ինչ վերաբերում է պողոտայի բնակիչների հայցին ընդդեմ «Նորդ Այլնդ» ընկերության, ապա ես հասկանում եմ, որ Ձեր հարցադրումը Հյուսիսային պողոտա 6 համատիրության ակտիվությամբ է պայմանավորված։ Ես նախ կարծիք չունեմ՝ իրենց հետ կապված, եւ որեւէ զրույցից՝ նրանց առնչվող, խուսափում եմ, երկրորդն էլ՝ ես արձակուրդում եմ, Հայաստանում չեմ»,-եղավ նրա պատասխանը։