Սահմանադրությունը մի «այբ» Է, Սահմանադրության կիրառումը՝ ուրիշ «այբ»

Սահմանադրությունը մի «այբ» Է, Սահմանադրության կիրառումը՝ ուրիշ «այբ»

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի միմիկան ու դեմքի արտահայտությունն ասուլիսի ընթացքում այնքան արագ էին փոփոխվում, որքան Սահմանադրության նախագծի դրույթների վերաբերյալ նրա գնահատականները։ Թեպետ ինքը ՍԴ անդամ է եւ չի կարող քաղաքական հարցերի պատասխանել, սակայն երկրի թիվ մեկ քաղաքական փաստաթղթի նախագծի շուրջ համբերատար՝ մե՛կ արհեստական, հպանցիկ ժպիտով, մե՛կ զարմանքով, մե՛կ զայրույթով, երբեմն էլ՝ դիվանագիտական չեզոքությամբ պատասխաններ տվեց։



Ընթացքում էլ ակնարկում էր լրագրողներին՝ «կաշառել» իրեն սուրճ եւ պաղպաղակ հյուրասիրելով, եթե ցանկանում ենք, որ առանձին հանդիպի եւ մանրակրկիտ զրուցի մեզ հուզող հարցերի շուրջ։ Ի դեպ, ՍԴ անդամը սուրճը դառն է խմում, քանզի ինքը քաղցր մարդ է։ Ահա այսպես՝ ասել-խոսելով էլ նա նշեց Սահմանադրության նոր նախագծի իրեն դուր եկած եւ այնքան էլ դուր չեկած կետերը․ դուր եկածները, սակայն, ավելի շատ էին։ Նա հենց սկզբից ընդգծեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից չէ, սակայն նրա համար դա չէ այս փաստաթղթի ամենակարեւոր կետը, որով կարելի է այն արժեւորել։



ՍԴ անդամի համար ամենակարեւորը դատական իշխանությանը վերաբերող գլուխն է, որտեղ ամրագրված է Արդարադատության խորհրդի ստեղծումը, որը, ըստ նրա, լինելու է դատական անկախության ապահովման երաշխավորը։ Նա նաեւ անդրադարձավ իր կողմից Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին, որոնք, ըստ նրա, քննադատություններ չեն, այլ՝ առաջարկություններ։ Մի քիչ խառը կերպով, բայց մեկնաբանեց դրանցից որոշներն ու նշեց, որ ինքը համաձայն է հանձնաժողովի հայտնած տեսակետին 89-րդ հոդվածի հետ կապված՝ կայուն քաղաքական մեծամասնության ձեւավորման առումով։ Պարոն Թոխյանը նաեւ պնդեց, որ առաջարկությունների հիման վրա լրջագույն որեւէ փոփոխություն չի կատարվի նախագծում, նաեւ հավելեց, որ հանձնաժողովում, իրականում, ոչ բոլորն են կողմ եղել կառավարման խորհրդարանական մոդելին․ այդ մասին ինքը թե՛ մամուլից է տեղեկացել, թե՛ նաեւ ներսից գիտի։ ՍԴ անդամը խոսեց նաեւ կառավարության եւ վարչապետի մասին՝ նկատելով, որ նոր նախագծով կառավարությանն ու վարչապետին շատ մեծ լիազորություններ են վերապահվում, եւ «երկրի տերն ու տիրակալը ԱԺ-ի մշակած ծրագրով դառնում է կառավարությունը»։ Վարչապետն էլ, ըստ նրա, այդպիսով շատ բարձր դիրք է ձեռք բերում՝ ըստ այդմ դառնալով երկրի թիվ մեկ անձը։



«Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ»,- հարցրինք նրան ասուլիսից հետո։
«Լավ է,- ասաց նա ու բացատրեց, թե ինչու։- Մինչեւ հիմա՝ 10 տարի մենք էդ գործով ենք զբաղված․ 95 թվականին բավականին թույլ էր կառավարությունը, հատկապես վարչապետը, 2005 թվականին բավականին ամրապնդեցինք վարչապետի դիրքերը, բայց, երբ որ կա ազգընտիր նախագահ, գործադիր իշխանության կենտրոնը, իրականում, տեղափոխվում է նախագահական ինստիտուտ։ Էսօր դա է վերացվել, ստեղծվել է կառավարություն, որը երկրում գործադիր իշխանության բարձրագույն իրական մարմինն է լինելու»։



- Իսկ դա կառավարման մոդելի հետ հակասության մեջ չի՞ մտնում, ի վերջո, խորհրդարանական կառավարման մոդել է ստեղծվում, սակայն գործադիր իշխանության լիազորություններն են ավելի մեծանում։



- Չէ, Դուք էությունը՝ խորհրդարանականի, շփոթում եք։ Խորհրդարանական կառավարման համակարգերը մեծապես կոչվում են նաեւ վարչապետական։



- Գագիկ Հարությունյանը, մինչեւ նախագծի պատրաստ լինելը, պնդում էր, որ սա մարդակենտրոն Սահմանադրություն է լինելու։ Մարդակենտրոնությունն այս նախագծում հատկապես որտե՞ղ է արտահայտվում։



- Ճիշտ է ասել Գագիկ Հարությունյանը… առաջնայինը՝ փոփոխություններից, նախատեսել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նոր երաշխիքների ստեղծումը, ամենակարեւորը՝ շեշտվել է, որ բոլոր իրավունքների հենքը դա Գերմանիայից է, դա մարդու արժանապատվությունն է, որն անխախտելի է։ Կրկնում եմ՝ սա որպես իրավունք չի դիտվում։ Այ, ես կարող եմ Ձեր ցանկացած իրավունք սահմանափակեմ, խախտեմ… իմ ուսանողներն ինձ բավականին սիրում են մի պատճառով․ ես ամեն ինչ կանեմ իրենց հետ, բայց նրանց արժանապատվությունը կյանքում չեմ խախտի։ Եվ, երկրորդը, կարողացել են, շեշտել են, մեխանիզմներ են ստեղծել, որ այդ իրավունքներն անմիջական գործող լինեն։ Դրա համար է Գագիկ Հարությունյանը շատ ճիշտ ասել, որ ուզել են ոչ թե իշխանակենտրոն, այլ մարդակենտրոն Սահմանադրություն ստեղծել։



- Մարդակենտրոնության մեջ արդյոք չի՞ մտնում այն, որ ժողովուրդն է ընտրում իր երկրի ղեկավարներին՝ նախագահ, վարչապետ եւ այլն, բայց այս դեպքում, փաստորեն, միջնորդավորված կերպով է նրանց ընտրում։



- Ոչ, մի քիչ այդպես չէ։ Ժողովուրդը, բոլոր դեպքերում, ունի անմիջական մանդատ՝ ունենալու ընտրված պառլամենտ։ Ասել, որ ժողովուրդը չի ունենալու էդ հնարավորությունները, այդպես չէ։ Իսկ մնացած մարմիններն Ազգային ժողովի կամքից են ստեղծվելու, այսինքն՝ այստեղ կարեւոր է, թե ինչպես կկատարի պառլամենտն իր ներկայացուցչական գործառույթը։



- Իսկ այդ նորմերի լիարժեք իրացման ու դրանց պահպանման, չխախտման երաշխիքներն ու մեխանիզմներն արտահայտվա՞ծ են այս Սահմանադրությամբ, եւ, առհասարակ, Դուք տեսնո՞ւմ եք նման երաշխիքներ։



- Ուրեմն՝ Սահմանադրությունը մի «այբ» է, Սահմանադրության կիրառումը՝ ուրիշ «այբ»։



- Այ, այստեղ է խնդիրը, որ վստահություն չկա այդ հարցում․ մարդը, ում շուրջ որ կառուցվել է Սահմանադրությունը, չի վստահում դրան…



- Ուրեմն բոլորս պետք է աշխատենք, որ այդ վստահությունը բարձրացնենք, ընդունում եմ, որ կա վստահության դեֆիցիտի հարց… բոլորիս նկատմամբ, այդ թվում՝ նաեւ իմ, դատարանի, ի՞նչ կա, ընդունում եմ։ Ուրեմն աշխատենք, որ… Ա՛յ, իմ էսօրվա հանդիպումը՝ գոնե էսքան… տեսաք Թոխյանին, շփվեցիք Թոխյանի հետ, կարող է՝ եթե մինչեւ հիմա չէիք վստահում, էսօր մի հարցում կարող է ասեք՝ չէ, եթե էդ որոշումը Թոխյանի որոշումն է, դա էդքան էլ հեշտ չէ, էլի, իրեն նենց… ընդունո՞ւմ եք։



- Թոխյանը, սակայն, մասնագիտական հանձնաժողովի անդամ չէ, բացի այդ՝ այստեղ քաղաքական գործոնը շատ մեծ դեր ունի, եւ ժողովրդի անվստահությունն էլ մեծապես պայմանավորված է հենց քաղաքական դրդապատճառներով։



- Ես քաղաքական հարցերին, Վահե ջան, թույլ տուր չպատասխանեմ։



- Նկատի ունեմ՝ արդյոք մասնագիտական հանձնաժողովի անդամներն այնքան զորե՞ղ են պրոպագանդայի առումով, որ կկարողանան նվազեցնել քաղաքական խնդիրների պատճառով առաջացող անվստահությունը եւ հակառակում համոզել ժողովրդին։



- Նրանք այդպիսի խնդիր իրենց առջեւ չեն կարող դնել, նրանք շատ ակտիվ են եղել՝ հանձնաժողովի անդամները, ամեն մեկն իր մասով ինչքան կարողացել է, ելույթ է ունեցել, փորձել է պաշտպանել իր նախագիծը, եւ ճիշտ են արել։ Իսկ քաղաքական գործիչները, ժողովուրդը, ես կրկնում եմ, ինչ էլ գրես, նրանք տալու են իրենց մեկնաբանությունը։



- Հենց սկզբից, երբ նախագիծը շրջանառվեց, կեսկատակ-կեսլուրջ մի թեզ շրջանառվեց, թե «Սահմանադրությունը մեղավոր չէ, իրեն մի՛ փոխեք», այսինքն՝ երկրում առկա խնդիրների լուծման համար Սահմանադրության փոփոխության կարիք չկա։ Հիմա Սահմանադրությունը որքանո՞վ է «մեղավոր», որ իրեն փոխում են։



- Ես իմ խոսքն սկսեցի նրանից, որ ամենահաճախ անձնավորությունն եմ եղել, որ 2005 թվից, դեռ չընդունված, երկրորդ օրն ասել եմ, որ այս Սահմանադրությունն էն չէ, ինչ որ պետք է երկրին։ Տասը տարի պայքարում էի Սահմանադրության բարեփոխումների համար։



- Այսինքն՝ Սահմանադրության «մեղքի» բաժինը կա՞, փոխելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք Դուք։



- Միանշանակ, երկրին պետք է նոր, արդիական Սահմանադրություն, միանշանակ… մենակ էն երկու մասով բավարար է, մենակ դա եթե կարողանանք անել՝ դատական իշխանության անկախության երաշխիքները հիմնովին փոխվել են, եւ թույլ է փոխվել, բայց փոխվել է տեղական ինքնակառավարման մարմինների…



- Երաշխիք կամ հույս կա՞, որ ժողովուրդը կողմ կարտահայտվի այս Սահմանադրությանը։



- Վահե ջան, քաղաքական հարցերի, կրկնում եմ, ես չեմ պատասխանելու… ժողովուրդը պիտի կարդա, ծանոթանա, եթե նրան նորմալ բացատրես՝ քո որ իրավունքն է լայնանում, որ հարցերում է քո մասնակցությունն ընդլայնվում, կգա, իր կարծիքը կհայտնի։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ