Եթե քրդերը չեն անցնում ԱԺ, ուրեմն ոչ դրանց Սահմանադրությունն ա ճիշտ, ոչ դրանց որոշումները

Եթե քրդերը չեն անցնում ԱԺ, ուրեմն ոչ դրանց Սահմանադրությունն ա ճիշտ, ոչ դրանց որոշումները

Ի սկզբանե նոր սահմանադրության նախագիծը մարդու իրավունքների եւ հատկապես Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսակետից հռչակվեց ավելի ժողովրդավար, որպիսին չեն եղել նախորդ սահմանադրությունները։ Բայց ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ․ այս դեպքում էլ իշխանությունը կարծես ամեն ինչ ձեւել է իր հագով: Սահմանադրության նախագծով առաջարկվում է խորհրդարանում պատգամավորական տեղեր հատկացնել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Նոր սահմանադրությամբ ԱԺ-ն կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից: Բացի այդ, նախատեսված տեղերին ավելացվելու են լրացուցիչ տեղեր, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հատկացվելու են ազգային փոքրամասնություններին: Սակայն այդ տեղերն էլ, ըստ էության, ծառայելու են իշխանությանը։



Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը մեզ հետ զրույցում մասնավորեցրեց, որ խոսքը 4 էթնիկ խմբերի՝ եզդիների, ասորիների, ռուսների եւ հույների մասին է՝ Հայաստանում գործող 4 ամենամեծ ազգային փոքրամասնությունների: Սակայն, եթե գործող Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ձեւավորվում է խառը ընտրական համակարգի արդյունքում՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով, հրապարակված նախագծով առաջարկվում է ԱԺ ընտրություն միայն համամասնական ընտրակարգով: Կնշանակի, որ հայաստանյան ազգային փոքրամասնություններն ԱԺ պետք է մուտք գործեն այս կամ այն կուսակցության ցուցակով: Ենթադրենք՝ եզդիներից մեկը նախընտրում է այնպիսի կուսակցություն, որն ընտրություններում չի հաղթահարում անցողիկ շեմը, բայց սահմանադրության պարտադիր նորմ է, որ եզդի համայնքից մեկն անպայման ընդգրկվի նոր խորհրդարանում, ինչպե՞ս է կարգավորվելու հարցը: «Նրանց համար կլինի համամասնական, թե մեծամասնական կարգ, ես չեմ կարող այս պահին ասել, բայց խելամիտ լուծում կտրվի»,- ասաց Գեւորգ Դանիելյանը, ինչից պարզ դարձավ, որ շատ հարցերի լուծումը դեռ իրենք էլ չեն պատկերացնում։



Գուցե այս հարցը կարգավորվի Ընտրական օրենսգրքով, որը նույնպես առաջիկայում փոփոխության կենթարկվի: Սակայն, դատելով ազգային փոքրամասնության որոշ ներկայացուցիչների հետ մեր զրույցից, նրանք առանձնապես դեմ չեն ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Այսինքն՝ ՀՀԿ-ն իր դիրքերն ամրապնդելու եւ հավելյալ մի քանի ձայն ստանալու հնարավորություն է ստանում: Իրենք՝ փոքրամասնությունների ներկայացուցիչները, թեեւ ողջունում են նոր սահմանադրության ընձեռած հնարավորությունները, բայց նաեւ առարկություններ ունեն: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազիի համար նույնպես անհասկանալի է․ եթե անցում է կատարվում խորհրդարանական կառավարման եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ապա հնարավոր չի լինի առանց կուսակցական ցուցակներ ընդգրկվելու մտնել խորհրդարան։ Քաղաքական դաշտի ո՞ր կուսակցությանն է եզդիական համայնքը ներկայում նախապատվություն տալիս, ո՞ր ցուցակում կհամաձայնեն ընդգրկվել եզդիական համայնքի ներկայացուցիչները։ «Ես բոլորի մասով այս պահին չեմ կարող խոսել», իսկ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական։ «Դա կախված է այն անձանցից, ովքեր կներգրավվեն ցուցակում: Այսինքն՝ Ընտրական օրենսգիրքը չի ենթադրելու մեխանիզմ, որ թեկնածուներին համայնքը պետք է առաջադրի:



Իմ կարծիքով, համայնքի ակտիվ գործիչները, որոնք ծանոթ են համայնքի խնդիրներին, կփորձեն մտնել որեւէ ցուցակ»,- վստահ է Բորիս Մուրազին։ Հայաստանի ասորիների համայնքը դեռեւս քննարկում է այս դրույթը: «Իհարկե, մենք ողջունում ենք այս մոտեցումը, բայց դեռ մեր դիրքորոշումը չենք կոնկրետացրել»,- փոխանցեց համայնքի ղեկավար Արսեն Միխայելովը՝ նշելով իրենց առարկությունները, որ որեւէ կուսակցության ցուցակում իրենք պարտադրված չընդգրկվեն: Նա ասում է, որ կան մարդիկ, որոնք չեն համաձայնում որեւէ կուսակցության ցուցակում ներկայացուցիչ ունենալու տարբերակին եւ հակված են կամ առանձին ներկայանալ, կամ սեփական կուսակցությամբ. «Մեր հարեւան պետություններում էլ մարդիկ քվոտա են տալիս եւ ասորիներին, եւ ազգային մյուս փոքրամասնություններին»:



Հարեւան Իրանում, օրինակ, նախապես համայնքի ներսում ընտրում են թեկնածուների, որոնք եւ մտնում են խորհրդարան: «Թեպետ առաջարկվող տարբերակին էլ ենք համաձայն»,- ասաց ասորիների համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում իրենց համայնքը պատրաստվում է Պետռեգիստրում գրանցել «Միջագետք» կուսակցությունը։ «Գուցե չհասցնենք ժամկետների մեջ ավարտին հասցնել այդ գործընթացը, այդ դեպքում մեծ կուսակցություններով կգնանք»: Քաղաքական դաշտի կուսակցություններից որի՞ն են նախապատվությունը տալիս՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական․ մեր հարցից ասորական համայնքի ղեկավարը զարմացավ. «Իհարկե՝ իշխանական, մենք երկրում ընդդիմադիր չենք, ինչպես հայ ազգն է դրսում, ամբողջ աշխարհում իշխանամետ, այնպես էլ մենք այստեղ՝ Հայաստանում ենք իշխանամետ»:
Քրդական համայնքը թերեւս ներկայացուցիչ չունենա խորհրդարանում, համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն այս նորությունը մեզնից լսելով՝ վրդովվեց. «Ես չեմ հասկանում՝ էդ ո՞վ է որոշել, էդ ի՞նչ է արել, քրդերը պետականորեն գրանցված 2500 հոգի են, մի էդքան էլ հույներն են, իսկ եզդիների մեծ մասն էլ իրենց քուրդ են համարում, ինչի՞ պիտի... եթե քրդերը չեն անցում, ուրեմն ոչ դրանց սահմանադրությունն ա ճիշտ, ոչ դրանց որոշումները»:



Բոլոր ընտրություններում իշխանությունների կողքին կանգնած եւ իրենց ձայնը նրանց տված քրդական համայնքի ղեկավարը հիասթափված ասաց, որ ամեն անգամ էլ այդպես է. «Մի քանի անգամ փորձել են մեր ներկայացուցիչներին ընդգրկել իրենց ցուցակներ, բայց էնպիսի տեղեր են գրել, որ չեն անցել, նույն ՀՀԿ-ն, նույն «Բարգավաճը», ու ոչ միայն քրդերին, նույն եզդիներին, բայց ոչ մեկը չի անցել»: Ուզում եք ասել՝ ամեն անգամ ձեզ օգտագործել են, ձայներ կորզել, բայց մանդատ չե՞ն տվել։ «Դե, հիմա երեւի»: Կնյազ Հասանովն ասում է, որ երբ վերջնականապես հաստատվի, որ քրդերը ներկայացված չեն լինելու ԱԺ-ում, իրենք բողոքի ձայն կբարձրացնեն ընդհուպ նախագահ Սերժ Սարգսյան: