«Գրագիտության» շքահանդես

«Գրագիտության» շքահանդես

«Անգրագիտության պատ»՝ այսպես էր վերնագրված մի հրապարակում (http://www.ilur.am/news/view/48115.html#sthash.2kGa2uRA.dpuf), որտեղ քննադատության թիրախում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր:
Հեղինակն ասում է, որ հատուկ ուշադրություն չի դարձրել, թե ինչ միջացառումների է մասնակցում ԿԳ նախարարը եւ ավելացնում. «… պարզապես սոցիալական ցանցերից մեկում պատահաբար աչքովս ընկավ պարոն Աշոտյանի հայտնած մտքի գոհարները, որը չէր կարող չշարժել նվաստիս հետաքրքրասիրությունը»:



Մեջբերված նախադասության մեջ հեղինակը թույլ է տվել հետեւյալ սխալները՝
ա. հայերենում հոգնակի ենթական պահանջում է հոգնակի ստորոգյալ, եւ «գրագետ» հեղինակը պետք է գրեր՝ «աչքովս ընկան մտքի գոհարները»,
բ. չի կարելի ասել՝ «արտահայտած մտքի գոհարները», ճիշտը պարզապես «մտքի գոհարներ» գրելն է,
գ. ոչ թե «հետաքրքրասիրությունն» է շարժվում, այլ՝ հետաքրքրությունը:



Այնուհետեւ կարդում ենք. «Մի մեջբերում անեմ «Ազատություն» ռադիոկայանի այս միջոռման լուսաբանումից, որից հետո կասեմ ասելիքս»: Չի հասկացվում՝ խոսքն «Ազատություն» ռադիոկայանի՞ միջոցառման մասին է, թե՝ ԿԳ նախարարի մասնակցությամբ միջոցառման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի լուսաբանման: Հետո էլ տգեղ է՝ «ասելիքս կասեմ»-ը, կարելի էր գրել՝ «կանցնեմ ասելիքիս»։



Հետո մեջբերվում է ԿԳ նախարարի միտքը, որը հեղինակային խոսքից բաժանված է կետադրական (՝) նշանով: Հայերենում, եթե մեջբերվում է ուրիշի խոսքը, ապա այն առնվում է չակերտների մեջ, կամ հեղինակի խոսքից տրոհվում «որ» կամ «թե» շաղկապով:
«Եթե ՀՀԿ ներկայացուցիչը խոստովանում է, որ իրենց իշխանավորման ընթացքում…»,- կարդում ենք այնուհետեւ: Ի՞նչ է նշանակում «իշխանավորում»-ը, հայերենում նման բառ չկա:
«Գրագետը» շարունակում է «գոհարներ» շռայլել. «…սակայն պետական պաշտոնյան ոչ թե ամեն օր պետք է վախեցած բացի լրատվամիջոցները, որ հանկարծ վատ լուր չառնի սահմանից, այլ պետք է այնպիսի գործունեություն ծավալի, որից հետո կկանխարգելվեն այդ վատ լուրերը»: Ասվածից դուք մի բան հասկացա՞ք: Ես կռահեցի, որ նա ցանկացել է ասել, որ պաշտոնյան պետք է այնպես աշխատի, որ սահմանային միջադեպեր չլինեն, բայց նրա գրածից այնպես է հասկացվում, որ պաշտոնյան պետք է «վատ լուրերը կանխարգելի»: Այսինքն ի՞նչ, գրաքննություն մտցվի՞:



«Ցավոք սրտի, Աշոտյանը միակը չէ ՀՀ իշխանության ներսում»,- պետական համակարգը «բնութագրում է» հեղինակը, բայց մի՞թե չէր կարելի գրել՝ «իշխանությունում», «իշխանության մե՞ջս» որն է:
Եւ վերջինը «ադամանդը», որ վկայում է հեղինակի շա՜տ «կիրթ» մակարդակը. »...մի չնչին բարոյականություն ունենալու դեպքում վեր կկենայիք ու «սիքտիր» կլինեիք…»,- նախարարի հասցեին նետում է նա իր «պրոլետհամբոյական քնքուշ կոմպլիմենտը»՝ Չարենցի ասած: Ու երեւի հետո կարդում, հրճվում, հպարտանում է:
Նմանին ի՞նչ ասես: Միայն մի բան. «Մարդ աստծո, ուրիշի «անգրագիտությունից» խոսելիս գոնե գրագետ շարադրիր ասելիքդ, իսկ եթե չես կարող՝ լռիր: Գոնե շրջապատիդ գրագետ մարդկանց նյարդերը խնայիր»:



Վահրամ Աթանեսյան