Դու իմ միակը ճակատագրով և առաջինը՝ թյուրիմացաբար...

Դու իմ միակը ճակատագրով և առաջինը՝ թյուրիմացաբար...

Ախր ինչպես կարելի էր ավազե մի լեռ դնել կնոջ ուսերին, թե՝ տար... Ո՞վ չգիտի, որ կինը էմոցիոնալ էակ է և կարող է պահի տակ այնպիսի շարժումներ անել ու այնպիսի բաներ ասել, որ ավազե լեռը միանգամից թափվի ցած:



Անկեղծ ասած՝ նախանձում եմ Նաիրա Զոհրաբյանի տոկունությանը, որով նա փորձում է տանել ԲՀԿ-ն՝ հստակ իֆորմացիա չունենալով նույնիսկ, թե ով է լքել կուսակցությունը, ով է մնացել, ինչո՞ւ են լքել, ինչո՞ւ են մնացել: Դիցուք՝ Վարդան Օսկանյանի մասին, ճիշտ է, Նաիրա Զոհրաբյանը հստակ ասում է՝ նա ԲՀԿ անդամ չէ, բայց և չի հստակեցնում, թե ինչո՞ւ: Հնարավոր է՝ ներքին խոհանոցին վերաբերող հարց ենք տալիս, բայց երբ Օսկանյանը մտնում էր ԲՀԿ, մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հայտարարություններ արեցին, որ Օսկանյանը քաղաքական որոշում է կյացրել և մտել ԲՀԿ: Բա այսպիսի խոշոր ձուկը լքում է ԲՀԿ-ն ու առանց բացատրությա՞ն:



Քանի՜-քանի՜ բաշիբոզուկ է այս կուսակցության շնորհիվ մարդ դարձել, քաղաքական գործչի համբավ ձեռք բերել... Ո՞ւր են նրանք, որ եռյակի հանրահավաքներում կուրծք էին ճղում, թե հեսա-հեսա իշխանափոխություն են անելու, որ ԲՀԿ-ն ընդդիմության առաջնորդն ու շոգեքարշն է: Այն օրերի ԲՀԿ-ից մի Նաիրա է մնացել և ես իրոք նախանձում եմ նրա կանացի տոկունությանը, որով նա դեռ տանում է ԲՀԿ-ն և համառորեն պնդում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Ներողություն, լեզվի սայթաքում էր.. Ոչ թե ընդդիմադիր, այլ թիվ մեկ ընդդիմադիր:



Ի դեպ՝ Նաիրա Զոհրաբյանը միակը չէ, ով ԲՀԿ-ն համարում է թիվ մեկ ընդդիմադիր ուժ Հայաստանում: Նույն կարծիքին է նաև Վենետիկի հանձնաժողովը, որ ԲՀԿ-ին խնդրել է որպես թիվ մեկ ընդդիմադիր ուժ մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին: Փաստորեն Վենետիկի հանձնաժողովը ոչ միայն ընդհանուր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, ինչպես, օրինակ, սահմանադրական բարեփոխումների շուրջ լայն համակարծություն ապահովելը, այլև առանձին խնդրանքներ ունի՝ ուղղված առանձին ուժերի՝ մասնակցել այդ բարեփոխումների քննարկումներին:



Զարմանալի մարդիկ են այդ Վենետիկի հանձնաժողովի անդամները: Խնդրել՝ խնդրելն էր, բոլոր ընդդիմադիրներին խնդրեին մասնակցել քննարկումներին և հարցը կփակվեր ու մեր մյուս ըմբոստները՝ ՀԱԿ-ը, "Ժառանգությունը", էլ ո՞վ մնաց, հա, համարյա անունը փոխած ՕԵԿ-ը (ի դեպ՝ ՕԵԿ-ականներին ասեմ, որ Սարկոզին իր կուսակցության անունը փոխել է արդեն) իզուր չընդդիմանային սահմանադրական բարեփոխումների քննարկումներին և իրենց խելացի առաջարկներով նպաստեին ավելի լավ սահմանադրություն ունենալու գործին: Բայց որ միայն ԲՀԿ-ին են խնդրել, ուրեմն Վենետիկում մի բան գիտեն:



Սիրելի Նաիրա, ես ԲՀԿ-ին այլ առաջարկ ունեմ, քան Վենետիկի հանձնաժողովի առաջարկն է: Իմ կարծիքով՝ ժամանակն է նախ՝ հրաժարվել այն թյուրիմացությունից, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է: Ինչո՞ւ վարկաբեկել մի ուժի, որի մասին նրա հիմնադիրը ասել է. "ԲՀԿ-ն ո՞նց կարող է ընդդիմադիր լինել": Իսկ եթե ցանկությունը շատ մեծ է՝ մնալ ինչ-ինչ քաղաքագիտական վերլուծությունների ծիրին մեջ, ապա գոնե պետք չէ հայտարարել, որ ԲՀԿ-ն թիվ մեկ ընդդիմադիրն է: Դրանից բազմաթիվ մանրմունր թյուրիմացություններ են ծնվում, որոնք ստիպում են, օրակարգը թողած, վերադառնալ այն խավար ժամանակները, երբ ԲՀԿ-ն, բուժուա-դեմոկրատական հեղափոխության գլուխն ացած, մարդկանց առաջնորդում էր չգիտեմ ուր:



Էդիկ Անդրեասյան