Դատական հայց կներկայացնեն Վարդան Պետրոսյանի դեմ

Դատական հայց կներկայացնեն Վարդան Պետրոսյանի դեմ

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից տուժած կողմի՝ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը Hraparak.am-ին տեղեկացրեց, որ շուտով երկու դատական հայց կներկայացնեն Վարդան Պետրոսյանի դեմ՝ մեկը կապված տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը փոխհատուցելու, մյուսը` փաստաբանի ծախսերը փոխհատուցելու համար: «Տաթևիկ Հակոբյանը հիմա գումարի պատճառով բուժում չի ստանում: Իսկ նրան համապատասխան բուժումա պետք»,-ասաց Բալոյանը:



Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: