Բիզնեսմեններին ստիպում են «կամովին» վճարել թանկացած հոսանքի համար

Բիզնեսմեններին ստիպում են «կամովին» վճարել թանկացած հոսանքի համար

«Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Սարգսյան Սերժի հայտնի հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ բեռը եւ կսուբսիդավորի հոսանքի ավելացրած արժեքը, մինչեւ աուդիտի ավարտը»,- հիշեցնում է «Ոչ թալանին» նախաձեռնությունը։ Հիշողության թարմացման համար այս անգամ հիմք է ծառայել մի տեղեկատվություն, ըստ որի՝ «ինչ-որ մարդիկ, ներկայանալով պետական աշխատող, մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից ստորագրություններ են հավաքում, պարտադրելով հոսանքի համար վճարել թանկացված սակագնով եւ սպառնում են չվճարելու դեպքում հոսանքազրկել»։



Մենք զրուցեցինք նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ եւ փորձեցինք ճշտել տեղեկատվության «արտահոսքի» աղբյուրը․ «Տեղեկատվությունը տարբեր տեղերից է, այսպես ասեմ՝ խանութի տերերից, հենց երեկ նաեւ ինձ մոտեցան քաղաքում ու ասեցին, որ իրենց խանութ այցելել են մարդիկ, ովքեր որ պայմանագիր են տվել ստորագրելու, որում մասնավորապես գրված է եղել, որ խանութի տերը համաձայն է, որ այսուհետ պետք է վճարի թանկացված հոսանքի համար։ Երբ հարցրել են՝ իսկ եթե ես չեմ ուզում ստորագրել, ի՞նչ կլինի, ասել են` կհոսանքազրկենք։ Այսինքն՝ սկսել են ներքին կեղտոտ խաղ, որով մանր ու միջին բիզնեսին ճնշում են, սպառնում են ու ստիպում են ստորագրել պայմանագրեր, որով իբրեւ թե տվյալ բիզնեսմենը համաձայնում է կամովին վճարել թանկ»։ Իսկ այդ մարդիկ ներկայացե՞լ են, ովքե՞ր են նրանք. «Եթե անկեղծ՝ ինձ չասացին։ Այն մարդը, որ մոտեցել էր ինձ, չասաց, թե որտեղից են եղել, բայց առաջին ինֆորմացիան ով որ տվել էր, ասել են, որ հայէլեկտրացանցից են եղել։ Որքանով է ճիշտ՝ հստակ այս պահին չեմ կարող ասել, միգուցե ինքն է սխալ հիշում, չեմ կարող որպես 100 տոկոսանոց ինֆորմացիա տալ։ Բայց փաստը, որ ինչ-որ մարդիկ շրջում են մանր, միջին բիզնեսմենների մոտ ու ստիպում են ստորագրել պայմանագիր, իբրեւ թե կամովին պիտի վճարեն թանկ, դա արդեն փաստ է։ Արդեն մի քանի տեղից եկած ինֆորմացիա է, ու չենք կասկածում դրա ճշտության վրա։ Ինքներս էլ պետք է փորձենք արդեն հետեւողական լինել ու հասկանալ, թե ովքեր են նրանք ու ինչ նպատակներ են հետապնդում»։ Իսկ այդ բիզնեսմենները համաձայնե՞լ են ստորագրել փաստաթուղթը. «Նա, ով ինֆորմացիան տվել էր մեզ, չի ստորագրել, մյուսն ստորագրել է, որ չհոսանքազրկվի, առանց հասկանալու, թե ինչ է ստորագրում։ Այսինքն՝ բոլորը չէ, որ բավականին ինքնագիտակից են, որ բոյկոտեն, չստորագրեն ու բարձրացնեն այդ խնդիրը։ Ամեն դեպքում, մենք ունենք դեռ 2-3 տեղից ինֆորմացիա՝ երեկվանից սկսած, բայց համոզված եմ, որ սկսել են համատարած բնույթ կրել, այսինքն՝ կեղտոտ խաղ է իշխանությունն սկսել, այն դեպքում, երբ որ վարչապետ կոչվածը դեռ չի հայտարարել՝ մանր ու միջին բիզնեսի համար սուբսիդավորելո՞ւ է, թե՞ ոչ։ Ներքին կարգով տակից սկսել են մանր ու միջին բիզնեսին ստիպել, որ իրենք կամովին վճարեն ավել»։



Ո՞ր խանութների տերերն են ձեզ հետ խոսել, կարո՞ղ ենք համոզված լինել, որ ինֆորմացիան ճիշտ է. «Այդ մարդիկ չեն ցանկացել ներկայանալ, կարծում եմ՝ կգա ժամանակ, երբ այն ավելի համատարած կլինի, կլինեն մարդիկ, ովքեր այնքան իրավագիտակից կլինեն, որ իրենք կգիտակցեն դա ու չեն վախենա իրենց անունը ներկայացնելուց։ Այս դեպքում խնդրել են, որ իրենց անունը չբարձրաձայնենք։ Մենք համոզված ենք, որովհետեւ մեզ մոտեցել են մարդիկ, ովքեր հենց իրենք խանութներ ունեն, ու չեմ կարծում, որ պիտի խաբեին։ Ամեն դեպքում, նորից եմ կրկնում՝ մենք հայտարարություն ենք տարածել ու ինքներս էլ փորձելու ենք հետեւողական լինել ու ավելի հավաստի հիմքեր ունենալ այդ ամենի հետ կապված, որը կհիմնավորի՝ այո, կա նման երեւույթ։ Որովհետեւ տարբեր տեղերից, մի քանի աղբյուրներից նույն ինֆորմացիան չեմ կարծում, որ կարող է սխալ լինել»։