Աժ-ում աշնանային նստաշրջանի մեկնարկը դրամատիկ ընթացք կարող է ունենալ

Աժ-ում աշնանային նստաշրջանի մեկնարկը դրամատիկ ընթացք կարող է ունենալ

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկն այսօր դրամատիկ ընթացք կարող է ունենալ: Բացի նրանից, որ ՀՀԿ-ն բոլոր «զենքերը» գործի է դնելու սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, որպեսզի ջախջախիչ հաղթանակ գրանցի ընդդիմախոսների նկատմամբ, ընդդիմադիր հատվածն էլ քնած չէ: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, օրինակ, իր շրջապատում տրտնջացել է, որ առաջիկա եռօրյան իր համար դժոխային է լինելու, որտեղ ինքը պարտադրված նույն շարքում ժամեր է անցկացնելու մարդկանց կողքին, որոնց հետ հիմա «շուն ու կատու» է:



ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի նախագահական այցից հետո ՀԱԿ-ում նրա անունը լսել չեն ուզում, տիկին ատենապետին դասել են դավաճանների շարքը ու մամուլով անգամ պարտադրում էին հրաժարվել մանդատից, որը, ըստ իրենց, նրան է բաժին հասել Լեւոն Տեր-Պետրոսյանի բարյացակամության շնորհիվ:



Արշալույսները խաղաղ չեն լինի նաեւ «Ժառանգությունում»․ խմբակցության բոլոր անդամները տարբեր տեսակետ ունեն այս հարցի վերաբերյալ, Զարուհի Փոստանջյանը հստակ պաշտպանում է կուսակցության «դեմ»-ը, իսկ Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը նախագիծը քննարկում են իշխանության ներկայացուցիչների հետ եւ առաջարկներ անում:



Ներթիմային հակասությունները ԲՀԿ-ում էլ կարող են սրվել, քանի որ կուսակցությունում երկու թեւ կա՝ իշխանամետներ եւ արմատականներ, որոնք սահմանադրության փոփոխությունների հարցում իրենց դիրքորոշումը չեն փոխել եւ չեն աջակցում իշխանություններին: