Հակասությունները խորանում են

Հակասությունները խորանում են

Ռոբերտ Քոչարյանի մաս-մաս, այսպես ասած, դոզաներով հայ հասարակությանը մատուցվող հարցազրույցների շարքին, որն ամբողջությամբ «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակելու է «հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին», հանրության որոշ շրջանակներ սպասում են սրտի առանձնահատուկ տրոփյունով։ Նրանք երկրում կտրուկ փոփոխությունների վերջին հույսը կապում են ՀՀ երկրորդ նախագահի հետ, ով, պարզվում է, իրեն լավ է զգում «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակում եւ թեպետ դուռը բաց է թողնում՝ «երբեք մի ասա երբեք», բայց շեշտում է, որ առայժմ վերադառնալու մտադրություն չունի։



Կարելի է կարծել, թե ՀՀ նախագահի պաշտոնը մի համատարած վայելք է, եւ այնտեղ ձգտելու միակ դրդապատճառը կարող է լինել այլ կարգավիճակում «վատ զգալը»։ Բայց օրերս հրապարակված հարցազրույցի հատվածներն ուշագրավ են ոչ միայն դրանով, այլեւ Ռուսաստանին ուղղված քողարկված քննադատությամբ։ Առայսօր որպես ռուսաստանյան կողմնորոշման գործիչ հանդես եկող Քոչարյանը քննադատում է Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը՝ Մաքսային միություն եւ ԵՏՄ մտնելու հետ կապված։ Ասում է, որ մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնվել, քանի որ անդամագրման պահին արդեն դրանց ազդակները կային, եւ ինքը երկար կմտածեր, մինչ նման որոշում կայացնելը։



Ասվածը կորակեինք խելացի եւ պրագմատիկ գնահատական, եթե մի պահ մոռանայինք, որ ռուսական խոշոր ընկերությունների՝ հայաստանյան իրականության մեջ հայտնվելու, մեր ռազմավարական հարստությունները Ռուսաստանին փոխանցելու ամենակարեւոր որոշումները հենց ինքը՝ ՀՀ երկրորդ նախագահն է կայացրել։ Սերժ Սարգսյանն ընդամենը շարունակել է իր նախորդի սկսածը։ Ավելին՝ այս ամենի սկիզբը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ռազմաբազաների եւ մյուս պրոռուսական քայլերով։