Դատական իշխանության ինքնուրույնությանը լրջագույն հարված է հասցվում

Դատական իշխանության ինքնուրույնությանը լրջագույն հարված է հասցվում

Մեկ տարի առաջ, երբ դեռ սահմանադրական բարեփոխումները միս ու արյուն չէին ստացել, ներկայացվում էր, որ նոր Սահմանադրությամբ ավելի ամուր երաշխիքներ են սահմանված լինելու երրորդ իշխանության անկախության համար։ Այժմ պարզ է արդեն, որ սա պատրանք էր, եւ նոր Սահմանադրությունը խորհրդարանին դատավորներ նշանակելու չտեսնված արտոնություն է վերապահում։ Խորհրդարանը, ինչպես հայտնի է, քաղաքական մարմին է եւ, մեղմ ասած, սուբյեկտիվ։ Ուստի դատավոր են նշանակվելու միայն թիմի մարդիկ։ Այլ կերպ ասած, դատավորների ինստիտուտը քաղաքականացվում է։ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ ընտրում է վճռաբեկ դատարանի մրցույթով ընտրված դատավորներին` «յուրաքանչյուր տեղի համար երեք թեկնածու», որից հետո նշանակումները հաստատում է նախագահը։ Ազգային ժողովը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ եւ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, նշանակում է վճռաբեկ դատարանի նախագահին։ Ժամկետը 6 տարի է, մինչդեռ մյուս դատարանների նախագահներն ընտրվում են 3 տարով։



Մենաշնորհային Ազգային ժողով ենք ունենալու



Դատավորների անկախության իմաստով սահմանադրության այս տարբերակն առաջընթա՞ց է, թե՞ հետընթաց։ Որքանո՞վ է արդարացված, որ ԱԺ-ն դատավորներ նշանակի։ ՀԱԿ պատգամավոր, նախկի զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ օրենսդիրը կարող է դատավորներ նշանակել, բայց միայն այն դեպքում, եթե սույն օրենսդիրը մենաշնորհային չէ։ «Եթե քաղաքական մենաշնորհ չի լինում, այն վերացված է լինում, որեւէ քաղաքական ուժ միանձնյա չի տիրում ԱԺ լիազորություններին, ապա նորմալ է, որ որոշ դատավորներ նշանակվում են ԱԺ կողմից։ Օրինակ, ԱՄՆ-ում Գերագույն դատարանի անդամներին նշանակում է բարձրագույն օրենսդիր մարմինը։ Բայց եթե քաղաքական մենաշնորհը պահպանվում է, որեւէ նշանակություն չունի, թե որ պետական մարմինն է նշանակում դատավորներին, որովհետեւ դա նշանակում է, որ ոչ թե Ազգային ժողովն է նշանակում անում, այլ քաղաքական ուժը։ Չէ՞ որ ԱԺ մեծամասնությունն է նշանակում»։



Գլխավոր դատախազը դատավորից ուժեղ ֆիգուր է



Նոր սահմանադրությամբ դատավորները չեն կարող վերընտրվել, անկախ իրենց աշխատանքի որակից։ Իսկ գլխավոր դատախազը կարող է երկու անգամ ընտրվել՝ 6 տարի ժամկետով։ Այսինքն, ի սկզբանե անհավասար պայմաններ են ստեղծվում, եւ գլխավոր դատախազն ավելի ամուր ֆիգուր է դառնում, քան դատավորը։ 6 տարում նա ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում, ավելի լայն կապեր, ավելի երկար ժամանակով է ապահովում իր իշխանությունը, քան դատավորը։ Ո՞վ չգիտի, որ դատախազությունը մշտապես ցանկացել է ներազդել դատարանների վրա։ Այս տեսանկյունից բարձրագույն դատական խորհուրդը պետք է հուսալի երաշխիք լինի նման փորձերի դեմ։ Բայց նոր սահմանադրության հեղինակներն ամեն ինչ արել են, որ վիժեցնեն խորհրդի այդ դերը։



ԲԴԽ-ում երաժշտություն են պատվիրում հանրապետական իրավաբանները



Բանն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի միայն կեսն են դատավորներ, մյուս կեսն իրավաբան գիտնականներ են։ Նախագահի ձայնը վճռորոշ դեր է ունենալու։ Նա ընտրվում է ռոտացիոն կարգով, այսինքն, խորհրդում նախագահ կարող են լինել եւ դատավորները, եւ իրավաբանները։ Ըստ փաստաբան, «Նորիկյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Նորայր Նորիկյանի, գործող իրավակարգավորումների շրջանակում դատավորներն անհամեմատ ավելի ինքնուրույն են եւ անկախ, քան սահմանադրության առաջարկվող տարբերակում․ «Հիմա արդարադատության խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որից 9-ը դատավորներ են, դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված, իսկ մնացած 4-ն իրավաբան գիտնականներ են, որոնցից երկուսին առաջադրում է նախագահը, երկուսին՝ ԱԺ-ն։ Առաջարկվող նախագծում նախ անվանափոխություն է տեղի ունենում։ Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվում է Բարձրագույն դատական խորհուրդ, որը կոչված է ապահովելու դատավորների անկախությունն ու բնականոն աշխատանքը, եւ դրա կազմը բաղկացած է լինում 10 հոգուց, որից 5-ին ԱԺ-ն է նշանակում, 5-ը դատավորներ են։ Սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունն է ընտրելու այս 5-ին»։ Օրինակ, հանրապետական իրավաբանների՞ց։ «Կուզեն՝ հանրապետական, կուզեն՝ «Բարգավաճ» կամ «Օրինաց երկրից»։ Խնդիրն այն է, որ քաղաքական մեծամասնությունը դատական իշխանության 50 տոկոսի նկատմամբ լծակ է ձեռք բերում իր խնդիրները լուծելու համար, եւ սա լրջագույն նահանջ է։ ԲԴԽ-ում նախագահները ռոտացիոն սկզբունքով են փոխվելու, ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է լինելու։ Ցանկացած որոշում իրենք անցկացնելու են։ Սրանով դատական իշխանության ինքնուրույնությանը լրջագույն հարված է հասցվում»։



Ինչո՞ւ փոխել մի բան, որը չի էլ գործել



Փաստաբանների շրջանում ընդդիմադիր մասնագետներից կազմված մի խումբ է ձեւավորվել, որի անդամները լրջորեն ուսումնասիրում են սահմանադրության փոփոխված տարբերակի դատական իշխանությանը նվիրված գլուխները։ Երվանդ Վարոսյանը, ով նրանց մեջ է, հրաժարվեց իր տեսակետները ներկայացնել մեզ հետաքրքրող հարցերի շուրջ․ «Հոկտեմբերին հանրությանը կներկայացվեն հիմնավորումներն առ այն, թե ինչու ներկա պահին սահմանադրական բարեփոխումներ պետք չեն, եւ ինչ կոնկրետ վտանգներով է դա պայմանավորված,- ասաց նա,- իսկ հիմա մի բան կասեմ միայն՝ սահմանադրությունը փոփոխել ներկա փուլում պետք չէ, հատկապես, երբ այն չի էլ գործել»։