Ես մաղթում եմ, որ գա նվիրված մարդ, որովհետեվ այս շենքն իմ ջանքերով է սեփականաշնորհվել

Ես մաղթում եմ, որ գա նվիրված մարդ, որովհետեվ այս շենքն իմ ջանքերով է սեփականաշնորհվել

Հազարից ավելի անդամ ունեցող Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը մեր հարցերին պատասխանելուց առաջ նախ իր պարտքը համարեց բացատրել, որ իր «պաշտոնն» իրականում պաշտոն չէ, այլ՝ չարչարանք։ «Սա պաշտոն չէ, էդ պաշտոնն ասում են նախարարներին, վարչության պետերին, չգիտեմ ում, համենայնդեպս, ոչ ստեղծագործական միությունների ղեկավարներին։ Խմբագիրներինը պաշտոն չէ, դա չարչարանք է, նվիրվածություն է, պատիվ է, պատասխանատվություն է»,-չգիտես ինչու, պաշտոնը խմբագրի գործի հետ համեմատեց տիկին Գեւորգյանը, ով, պարզվում է, արդեն ճամպրուկային տրամադրություն ունի։ Բանն այն է, որ խոսակցություններ կան, որ շուտով նոր համագումար է լինելու, եւ նրան փոխելու են։



Ասում են՝ Աստղիկ Գեւորգյանին փոխելու հարցը գրեթե լուծված կարելի է համարել, քանի որ նման մտադրություն ունի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Նշենք, որ Ժուռնալիստների միությունը սովետից մնացած շենքով, ոչ պակաս սովետական բարքերով ու մտածելակերպով մի կառույց է, գրեթե չգործող, ոչինչ չանող, եւ, ամենակարեւորը՝ այժմ գործող ակտիվ ժուռնալիստներից շատ քչերն են այս միության անդամ։ Միության դերն ու նշանակությունը հայ լրագրողական հանրությունը անկախությունից հետո այդպես էլ չտեսավ, քանի որ այն մշտապես հավատարմորեն ծառայել է իշխանություններին։ Այնպես, ինչպես գրողների, նկարիչների եւ մյուս ստեղծագործական միությունները։ Երբեւէ լրագրողների շահերի պաշտպանությամբ հանդես չի եկել, մամուլի հոգսերով չի հետաքրքրվել, ոչնչով չի նպաստել լրատվամիջոցների խնդիրների լուծմանը։



Տիկին Գեւորգյանը, բնականաբար, այդ կարծիքին չէ։ Միությունը պետական բյուջեից հատկացումներ չի ստանում, ուստի իր տարածքի մեծ մասը վարձակալությամբ է տալիս տարբեր ընկերությունների, որ դրանից գոյացած գումարով կարողանա ապահովել իր գոյությունը։ Ե՞րբ եւ ի՞նչ օրակարգով է հրավիրվելու Ժուռնալիստների միության համագումարը։



«Ուրեմն համագումարի անցկացումը պետք է վարչությունը որոշի, ամենից շտապողը ես եմ, որովհետեւ ես չեմ առաջադրելու իմ թեկնածությունը, դրա համար ուզում եմ շուտ լինի»,- ասաց նա՝ ըստ էության հաստատելով մեր լուրերը, թե Գեւորգյանը հրաժեշտ է տալու իր աթոռին։ Իսկ ինչո՞ւ է ուզում հեռանալ։ «Բավական է, շատ եմ աշխատել, ես ամեն համագումարին շնորհակալություն եմ հայտնել համատեղ աշխատանքի համար… պատգամավորները թույլ չեն տվել, իսկ հիմա արդեն չէ…»։ Իսկ համագումարի անցկացումը կախված է ֆինանսական խնդիրներից, ուզում է մաքուր հանձնել տարածքը հաջորդին, վարձակալներից բոլոր գումարները ստացած․ «Ես պետք է աղքատ վիճակում չհանձնեմ հաջորդին»։ Բացի այդ, համագումար հրավիրելու համար էլ փող է պետք, որն առայժմ չունեն․ պետք է կարողանան հոգալ մարզերից հրավիրվող միության անդամների գործուղման ծախսերը, գրենական պիտույքներ գնեն, նաեւ համեստ ֆուրշեթ կազմակերպեն եւ այլն։



- Թեկնածուներ կա՞ն արդեն Ձեր տեղի համար։



- Չեմ մտածել, դա իմ գործը չէ, ինձ սազական էլ չէ մտածել ինքս ու նախաձեռնել, բոլորովին։ Միեւնույն է, ում էլ որ առաջադրեն, պիտի լինի լրագրող, կարո՞ղ է պատահի որեւէ լրագրող չիմանա ում են առաջադրում։ Կարող են չսիրել, չընդունել, բացատրություն չտան, բայց բոլորը բոլորին ճանաչում են, դաշտը նեղ է։ Կարծում եմ, որ էնքան խելք կունենան մեր համագումարի պատգամավորները, որ կառաջադրեն պրոֆեսիոնալ իմաստով հայտնի մեկին, որը ճանաչված լրագրող է, մարդկային բարձր որակներ ունեցող եւ մի քիչ անկողմնակալ մարդու, որը նվիրվելու հատկություն ունենա։



- Զառա Արամյանի անունն է շոշափվում՝ որպես միության հաջորդ նախագահ, կա՞ նման բան։
- Ոչ, առաջին անգամ եմ լսում։



- Այստեղ գալիս մեկ ուրիշ թեկնածության մասին էլ լսեցի՝ «168 ժամ» թերթի խմբագիր, «Ռեւոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի։



- Ամեն մեկն ազատ է եւ ամեն մեկն իրավունք ունի իրեն տեսնի այդտեղ, ոչինչ չեմ կարող ասել։ Ես մաղթում եմ, որ գա նվիրված մարդ, որովհետեւ այս շենքն իմ ջանքերով է սեփականաշնորհվել, ամեն մեկն ուզում էր առնել, ես շատ եմ չարչարվել, ահավոր եմ չարչարվել, որպեսզի սեփականությունը ձեւակերպեմ ժուռնալիստների միության անունով։



- Թեպետ Դուք ասացիք, թե ինքներդ չեք ցանկանում առաջադրվել, քանի որ հոգնել եք, բայց տեղեկություն կա նաեւ, որ ՀՀ նախագահի տիկինն է Ձեր փոփոխության հետեւում կանգնած։



- Հեչ չգիտեմ, երդվում եմ՝ ամենայն անկեղծությամբ։ Երբեք նախագահի տիկինը, նախագահը, վարչապետը չեն խառնվել մեր համագումարներին։
- Ձեր պատասխաններից այնպիսի տպավորություն ստացա՝ կարծես նեղացած եք։
- Բոլորովին՝ շնորհակալությամբ, ոչ թե նեղացած։ Շնորհակալությամբ այն վստահության համար, որ միության համագումարի պատգամավորներն անընդհատ վստահել են ու ինձ առաջադրել են՝ անկախ իմ ցանկությունից։



- Ձեր կարծիքով, Ժուռնալիստների միությունն արդյունավե՞տ է գործում։



- Շատ ժամանակ է պետք այդ հարցին պատասխանելու համար։ Այն, ինչ մենք արել ենք այս տարիների ընթացքում, շատ տարողունակ պատասխան է պահանջում, որովհետեւ շատ գործ ենք արել, եթե ես թվեմ՝ սկսած երկրաշարժի ժամանակվա օգնությունից․ իմ միջամտությամբ աղետի գոտուն 8 ավտոմեքենա նվեր եւ հանդիսավոր պայմաններում նկարելով, հեռուստատեսությամբ ցուցադրելով, Հայրենական պատերազմի մասնակիցներին մինչեւ այսօր, նաեւ Արցախյան հերոսամարտի հերոսներին նպաստներ, պետական համալսարանի կարիքավոր լրագրողներին՝ 10 հոգու անվանական թոշակներ…



- Իսկ լրագրողների համար, մասնագիտական առումով, ի՞նչ եք արել։



- Հիմա ասում եմ… դրանից հետո, անկախության ժամանակ, մեդիայում, լրատվական դաշտում ընդհանրապես նկատվեց նեղ մասնագիտության պակաս։ Նույն լրագրողը կարող էր գնալ արվեստի մասին գրել, բանկային գործունեության մասին գրել, խորհրդարանի լրագրող լիներ… դա շատ խոցելի բան է, եւ դրա համար մենք միջազգային մի քանի կազմակերպության ֆինանսական աջակցության շնորհիվ ներկայացրինք ծրագրեր եւ վեցամսյա հրաշալի սեմինարներ ենք անցկացրել լրագրողների համար այդ թեմայով. մենեջմենթ՝ անկախ լրատվամիջոցներում, էկոնոմիկայի թեմայով, իրավական թեմայով գրող լրագրողների համար, հետաքննող լրագրողների, ընտրությունների թեմայով… վերջինը Տիգրան Սարգսյանի ժամանակ, ինքն ասաց՝ ներկայացրեք, ես կֆինանսավորեմ, ընտրություններից առաջ, բայց ոչ մի կոպեկ չտվեցին, պատասխան էլ չտվեցին։



- Իսկ լրագրողների շահերի պաշտպանության տեսանկյունից ի՞նչ եք արել։



- Դե, հայտարարություններով ենք հանդես եկել, դատախազին բերել ենք էստեղ՝ կլոր-սեղան հանդիպման, ելույթներ ենք ունեցել, ամեն ինչ արել ենք։



ՀԳ 1․ Տիկին Գեւորգյանը հարցազրույցից հետո խնդրեց անպայման ավելացնել նաեւ, որ իրենք հիմա աշխատում են շատ կարեւոր նախագծի վրա՝ ստեղծել ժուռնալիստների արհմիություն, որը կզբաղվի լրագրողների իրավունքների պաշտպանությամբ։ Ըստ նրա, այսօր շատ են ոտնահարվում լրագրողների աշխատանքային իրավունքները, չեն գրանցում նրանց կամ կիսատ-պռատ պայմանագրերով են գրանցում, նորմալ արձակուրդային չեն վճարում, իսկ լրագրողը պետք է իրեն պաշտպանված զգա․ «Որովհետեւ գործատուն պետք է զգույշ լինի ժուռնալիստի հետ անարդար վարվելուց»։ Փաստորեն, մամուլի շահերը պաշտպանելու, լրատվամիջոցների խնդիրների լուծմանն աջակցելու փոխարեն, Ժուռնալիստների միության նախագահը որոշել է լրագրողներին հանել խմբագիրների դեմ եւ իշխանություններին «նյութ» տալ ԶԼՄ-ների դեմ։



ՀԳ 2. Զրուցեցինք նաեւ Զառա Արամյանի հետ: Վերջինս զարմացավ մեր հարցից՝ նշելով, որ առաջին անգամ է լսում այն մասին, որ ինքն է Աստղիկ Գեւորգյանի «իրավահաջորդի» թեկնածուն, բայց շատ ուրախացավ. «Ես Ձեզանից եմ լսում, ճիշտն ասած, այդ բանը։ Անկեղծ ասած, ուրախացա: Եթե այդպես է, ապա շատ կուրախանամ»։ Ինքը, որպես Ժուռնալիստների միության 25 տարվա անդամ, պատրաստ է, բայց իրեն դեռ որեւէ առաջարկ չի եղել: