Եթե Ղրիմի թաթարների ղեկավարը գար, դարձյա՞լ այսքան կաղմկեինք

Եթե Ղրիմի թաթարների ղեկավարը գար, դարձյա՞լ այսքան կաղմկեինք

Ղրիմի ղեկավարի այցը Հայաստան կարող է իսկական գլխացավանք դառնալ մեզ համար: Բայց կարող է նաեւ չդառնալ, եթե մենք չդարձնենք: Իրականում դա մի այնպիսի իրադարձություն չէ, որ մտածենք, թե շրջադարձային է լինելու Հայաստանի եւ միջազգային հանրության հետագա հարաբերությունների համար:



Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկեց Ղրիմի ինքնորոշման եւ անկախության հանրաքվեի օգտին: Ոչինչ էլ տեղի չունեցավ, որովհետեւ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչու ես այդպես քվեարկում: Եվ, բացի այդ, նույն միջազգային հանրությունը հրաշալի է հասկանում, թե ինչու Հայաստանը կողմ քվեարկեց Ղրիմի անկախությանը: Եթե կուզեք իմանալ՝ Հայաստանի քվեարկությունը շատ ավելի տրամաբանական ու բացատրելի էր, քան նույն հարցով ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի եւ շատ այլ երկրների «ոչ»-ը, որոնք ժամանակին նախճիրների գնով Կոսովոն անջատել էին Սերբիայից: Սրանց դեպքում երկդիմի քաղաքականությունն ակնհայտ է, կարելի է ասել՝ դարձել է նրանց համար կենսակերպ: Դա սեփական շահով պայմանավորված քաղաքականություն է, ուրիշ ոչինչ, որ առաջ է տարվում փոքր ազգերի ու ժողովուրդների շահերի հաշվին: Կարող եք չկասկածել՝ եթե Մայդանից հետո Ուկրաինան Ռուսաստանից որեւէ տարածք բռնակցեր, նույն ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ մյուսներն Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ չէին կիրառի, ոչ էլ ՆԱՏՕ-ն կսպառնար Ուկրաինային:



Մի՞թե Արեւմուտքը մեծ հաշվով նույն երկդիմի քաղաքականությունը չի վարում Ղարաբաղի հարցում, եւ մի՞թե Կիպրոսի, Ղրիմի, Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Սուդանի հարավի եւ հյուսիսի խնդիրները բացարձակապես նմանություններ ու շփման եզրեր չունեն: Մենք սիրում ենք բացարձակացնել Ղարաբաղի խնդիրը, մինչդեռ պարտավոր ենք այն դիտարկել համաշխարհային նմանատիպ գործընթացների շրջանակում, հաշվի առնելով մեր հարցի կարգավորման հետ կապված՝ գերտերությունների, համաշխարհային ուժային եւ ֆինանսական կենտրոնների դիրքորոշումները:



Մենք շատ ենք նեղսրտում, երբ Ղարաբաղի հարցի հետ կապված որեւէ միջազգային կառույցի զեկույցում հանդիպում ենք «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» արտահայտությանը, մանավանդ, երբ կա պնդում, որ այդ ամբողջականությունը չի կարելի խախտել: Բայց, ի վերջո, միջազգային հանրությունը լավ գիտի, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասվածը խիստ հարաբերական հասկացություն է, եւ Ղարաբաղն ու Նախիջեւանը երբեք անկախ Ադրբեջանի մաս չեն կազմել: Այդ տարածքները, ինչպես եւ Ղրիմը, ոչ վաղ անցյալում պարզապես նվիրաբերվել են խորհրդային Ադրբեջանին եւ Ուկրաինային, ինչը չի նշանակում, որ դարձել են ադրբեջանական կամ ուկրաինական հող, որովհետեւ այդ տարածքների վրա ապրել են մի դեպքում հայեր, իսկ մյուս դեպքում՝ ռուսներ:



Պնդել, որ Ղարաբաղի եւ Ղրիմի հարցերում նմանություններ չկան՝ մանկամտություն է: Այդպես մենք մեկ այլ գերտերության՝ Ռուսաստանին ազատում ենք Ղարաբաղը ճանաչելու հոգսից, միեւնույն ժամանակ նաեւ մեզ դնում հիմար վիճակում: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ ճանաչեցինք Ղրիմը եւ ինչո՞ւ արժանացանք Արեւմուտքի կշտամբանքին: Եթե միայն ռուսների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար ենք արել եւ հիմա էլ աղմկում ենք, որ Ղրիմի ղեկավարը չգա Հայաստան, ապա դա չի՞ նշանակում, որ Հայաստանը ոչ թե պետություն է, այլ ջրիկ գոյացություն աշխարհի քարտեզի վրա:



Ավելի վաղ բոլորը հարձակվել էին Գալուստ Սահակյանի վրա, թե նա չճանաչված Օսիայի ղեկավարի հետ հանդիպումով քիչ էր մնացել կործաներ հայ-վրացական հարաբերությունները: Հայկական մամուլն այդ կապակցությամբ, երեւի, ավելի բարձր աղմկեց, քան վրացականը: Բայց եկեք մի պահ հարցին մոտենանք այլ կերպ: Իսկ ինչպե՞ս Վրաստանին աստիճանաբար ուշքի բերել ադրբեջանական նավթադոլարների պատճառած հալյուցինացիաներից եւ հասկացնել, որ եթե կա խորհրդավրացական ղեկավարների նվերներն ընդունելու ժամանակը, ապա կա նաեւ այդ նվերներց օբյեկտիվորեն հրաժարվելու ժամանակը, մանավանդ, երբ Լենին-Քեմալ-Ստալին ճիվաղային տանդեմն արդեն 25 տարի է, ինչ դադարել է սուրբ երրորդություն լինելուց:
Նման իրավիճակներում պետք է հանգստություն պահպանել եւ մտածել առաջին հերթին Ղարաբաղին որեւէ կերպ չվնասելու մասին: Մենք հակառակն ենք անում միշտ՝ մեր աղմուկներով ավելի ցցուն, հետեւաբար նաեւ ավելի աղմկահարույց դարձնելով Ղարաբաղի ղեկավարների այցելություններն արտասահմանյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, որոնց արդյունքում, չնայած այդ երկրների պաշտոնական իրարամերժ դիրքորոշումներին, ավելի ճանաչելի է դառնում Ղարաբաղը:



Եվ վերջապես, եթե մենք այդքան սկզբունքային ենք չճանաչված երկրների ներկայացուցիչներ ընդունել-ճանապարհելու հարցերում, ապա ո՞ւր է անհետանում մեր սկզբունքայնությունը, երբ ճանաչված եւ սիրված երկրներից, օրինակ, Ֆրանսիայից ու Բելգիայից խորհրդարանական պատվիրակություններ են ժամանում Արցախ եւ հանդիպում նախագահի հետ: Չմոռանանք նաեւ, որ չնայած դաժան պատժամիջոցներին, այսօր բազմաթիվ եվրոպական ընկերություններ են աշխատում Ղրիմում, ինչը նշանակում է, որ չճանաչված քաղաքական միավորների հետ հարաբերությունները մահացու մեղք չեն համարվում, այլ ընդամենը քաղաքականության մաս են, որոնք հետո կարող են քաղաքական գործընթացների վերածվել: