Մինչև կբացվի առավոտը

Մինչև կբացվի առավոտը

ԵՏՄ անդամակցության անվտանգության բլոկի մասին մեր պատկերացրածը ճիշտ չէ: Իշխանությունները դրա տակ ուրիշ իմաստ են դնում, իսկ մարդկանց թվացել էր, որ եթե մենք Նազարբաեւի եւ Պուտինի պրոյեկտին միանանք, իսկույն հայտնվելու ենք Ռուսաստանի պաշտպանության տակ, ռուսները Բաքվին սպառնալու են, որ Ղարաբաղի շփման գծում եւ Հայաստանի սահմաններին կրակոցները համարվելու են թշնամական քայլ, Ալիեւը վախենալու է եւ այլն: Սովորական հայկական ուտոպիա… ԵՏՄ անդամ դառնալն անվտանգության բլոկի կոնտեքստում գնահատելիս, եթե մարդ ուտոպիստ չէ, անմիջապես ասոցացվում է Ուկրաինայի հետ:



Պարզ հասկացվում է, որ իշխանությունները մի շատ պրագմատիկ բան են ասում. եթե մերժեինք, Ուկրաինայի օրը կընկնեինք: ԵՏՄ-ն ռազմական բլոկ չէ, տնտեսական չէ, ինչպես ցույց են տալիս Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ սանկցիոն ապրանքների թեմայով լարվածությունները, ԵՏՄ-ն քաղաքական ակումբ չէ: ԵՏՄ-ն ստրուկտուրա է, որտեղ գտնվողները չեն ուզում կոնֆրոնտացիոն ֆոն ունենալ Ռուսաստանի հետ: Հայաստանի դեպքում դա հեշտությամբ տրանսֆորմացվում է «հայ-ռուսական դարավոր բարեկամության» էթնո-կուլտուրական կլիշեի, եւ Ռուսաստանի թշնամության կոմպոնենտը հասարակության գիտակցության մեջ չի դրսեւորվում: Իշխանությունները դրանից առանձնապես վատ չեն զգում, կարեւորը՝ էլիտան գիտի, որ մեկ քայլ աջ կամ ձախ կորդոնից, պատժվում է «տեղում գնդակահարությամբ»:



Անալոգիայի կարգով արժե հիշել 1991թվի գարուն-օգոստոսյան պուտչ ժամանակահատվածը, երբ Ղարաբաղում «Կոլցո» օպերացիա էր իրականացվում, որը տեղափոխվեց նաեւ Գորիսի շրջան, իսկ Նոյեմբերյանում հայկական միլիցիան ջարդվեց ռուս-ադրբեջանական համատեղ պրովոկացիայի հետեւանքով:



Եվրասիականության քաղաքակրթական կոնցեպցիան ռուս-թուրքական ընդհանրության մոդելն է, որը գոյություն ունի 19-րդ դարից: Իմպերիական Ռուսաստանում սլավոնաֆիլ եւ եվրասիական ընտրությունը քննարկվել է բոլոր ասպեկտներով: 1877-78թթ. Բալկանյան պատերազմից հետո ուղղափառ սերբերի եւ բուլղարների քաղաքական ընտրության վեկտորը թեքվեց դեպի եվրատլանտյան քաղաքակրթություն: Ռուսաստանի համար դա շոկ էր: Իմպերիան հակվեց դեպի իսլամական աշխարհ: Այդ ընտրությունը խորացրին բոլշեւիկները: ՍՍՀՄ դաշնակից կոչվող երկրները հիմնականում իսլամադավան էին: Դեպի իսլամական աշխարհ ՍՍՀՄ վերջին էքսպանսիան Աֆղանստանն էր, որը շատ արագ դարձավ իմպերիայի կործանման պատճառ:



Ելցինի տասնամյա իշխանության շրջանի վայրիվերումներից հետո ներկայիս Ռուսաստանը վերստին կոնֆրոնտացիայի մեջ է եվրոպական քաղաքակրթության հետ: Այդ կոնֆրոնտացիայում Ռուսաստանը դարձյալ դաշնակիցներ է փնտրում մուսուլմանական աշխարհում: Նազարբաեւի պրոյեկտի իմաստը թուրքական եւ ռուսական աշխարհները միավորելու մեջ է: Թուրքախոս երկրների վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Ղազախստանում: Նազարբաեւը ԵՏՄ բլոկում Թուրքիային ներգրավելու լոբբիստն է: Պարադոքս է, որ ԵՏՄ մեր անդամակցության գլխավոր դիվիդենտ համարելով Ղարաբաղի հարցը, մենք հայտնվել ենք քաղաքակրթական միջավայրում, որը ձեւավորող մի սեգմենտը Ղարաբաղը համարում է «ավտոխտոն թուրքերի հայրենիք»: Ղազախստանում թուրքախոս երկրների գագաթնաժողովում Ալիեւը խոսել է Զանգեզուրը «բոլշեւիկների կողմից Հայաստանին տալու» մասին, որը «բաժանում է թուրքական աշխարհի միասնությունը»: Ընդհանուր դիսկուրսը, հետեւաբար, պետք է տեղափոխվի լրիվ ուրիշ կոնտեքստ:



Այսինքն, պետք է կապիտալ մոդելավորվի ապագան՝ հնարավո՞ր է, որ ռուսական եւ թուրքական աշխարհի մի սեգմենտի՝ Ղազախստանի եւ Ղրղզստանի միասնական քաղաքակրթական սիստեմում Ղարաբաղի հարցը դիտվի ինքնորոշման իրավունքի ռակուրսով: Ռուսաստանի ներկայիս ոչ թշնամական պահվածքը, որը չի ամրապնդվում ագրեսիայի դեպքում Ղարաբաղի ստատուս-քվոն պահպանելու վերաբերյալ ռեալ երաշխիքներով, կոնցեպտուալ իմաստով կարող է ավելի ռիսկային լինել, քան այն դեպքում, եթե մենք ԵՏՄ անդամ չլինեինք, եւ Մոսկվան փորձեր Ալիեւի միջոցով խախտել ստատուս-քվոն: Անալոգիան լավ է, երբ ամբողջության մեջ է ֆիքսվում: Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին 1991թ. գարնանն սկսված պատերազմական ցիկլը 1994թ. գարնանը մենք փակել ենք զինադադարի պայմանագրով: Հիմա մի վիճակ է, որ սպասում ենք, մինչեւ կբացվի առավոտը…



Հայկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ