«Ջուրը տվի՜ն», անջուր ԱԺ-ում մեկնարկեց աշնանային նստաշրջանը

«Ջուրը տվի՜ն», անջուր ԱԺ-ում մեկնարկեց աշնանային նստաշրջանը

Սահմանադրական բարեփոխումների աշնանային նստաշրջանը մեկնարկեց անջուր ԱԺ-ում: Հետո, երբ ջուրը տվին, ԱԺ-ում «մե ուրախություն, մե խինդ» էր։ «Ջուրը տվի՜ն»,- լսվում էր բոլոր սենյակներից: «Սիմվոլիկ է` սիմվոլիկ»,- ասում էին ընդդիմադիր պատգամավորները: ՀՀԿ-ականներն էլ հակադարձում էին. այո, ներկայացվող փաստաթղթում ջուր չկա՝ լուրջ փոփոխություններ են: Նիստի հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ ներկա էին գրեթե բոլոր պատգամավորները, բացառությամբ մի քանի հոգու: Իր տեղում նստած էր գեղատեսորեն նիհարած, դեմքը հավանաբար «բոտեսքով» թարմացրած Վարդան Օսկանյանը, ով լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց: ՀՀԿ-ականները սահմանադրության «պրեզենտացիայից» առաջ ֆրակցիայի նիստ հրավիրեցին, բոլորի հետ համերաշխ, ՀՀ հիմնը հոտնկայս լսելուց հետո էլ ավելի համերաշխ լքեցին ԱԺ դահլիճը: Պահ առաջացավ, որ դահլիճում գրեթե մարդ չկար, բացի Գալուստ Գրիգորիչից եւ հարցը զեկուցող Վարդան Պողոսյանից, Գրիգորիչն իրեն հատուկ մարգարեությամբ տմբտմբացրեց գլուխը, թե հետո էլ ասում են՝ հեռարձակեք նիստը…: Միջանցքներում, այնուհանդերձ, եռուզեռ էր: ԲՀԿ-ականներն ակնհայտ իրոնիայով հարցնում էին. բա ո՞ւր է Լյովիկ Զուրաբյանի խոստացած միտինգը. «Չեք անցկացնելու» շարժման ակտիվիստները խոստացել էին, որ գալու են, «կողմ» պատգամավորների երեսին թքեն, ինչո՞ւ չեկան թքեն: Տրամադրվե՞լ էիք «թուքումուր ուտելուն», հարցրինք ԲՀԿ-ականին: Հարցը մնաց անպատասխան: Անպատասխան էր նաեւ հարցը, թե ով է փոխարինելու Արփինե Հովհաննիսյանին ԵԽԽՎ պատվիրակությունում: ՀՀԿ-ականները գտնում էին, որ նախագահը կգա Դուշանբեից ու կասի իր «տղամարդու խոսքը»` խնդիրը ներկայացնելով հերթական ԳՄ-ում, որն այս անգամ տեղի կունենա ուրբաթ օրը: