Թե ինչպես ՀՀԿ-ին թույլ չտվեցին հավերժ իշխել

Թե ինչպես ՀՀԿ-ին թույլ չտվեցին հավերժ իշխել

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, ՀՀԿ-ն քաղաքական նոր թատերաշրջանի մեկնարկը, Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից ձեւավորված ավանդույթի համաձայն, տվել է Վանաձորում, բնականաբար՝ ուտուշ-խմուշով, բարձր տրամադրությամբ եւ ՀՀԿ-ի կենացով:



Քեֆին մասնակցել են բոլոր ջոջերը, իսկ հյուրընկալ կողմն էլ եղել է ՀՀԿ ԱԺ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:



Բաժակաճառերի մեխը, անտարակույս, Սերժ Սարգսյանի ելույթն է եղել, որը, ըստ տեղյակ լրատվամիջոցների, այս անգամ նվիրված է եղել սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանը:



Կարեւորելով սահմանադրական բարեփոխումները՝ Սերժ Սարգսյանն շտապել է ընդգծել նաեւ, որ առաջարկվող փոփոխությունները ՀՀԿ-ին թույլ կտան իշխել առաջիկա տասը տարիներին եւ էլ ավելի ամրապնդել իշխանությունը:



Երբ նայում ես, թե ինչ լրատվամիջոցներ են մանրամասնել ՀՀԿ քեֆի անցուդարձը, հասկանում ես անմիջապես, որ այդ մանրամասներն ամենեւին էլ պատահական չեն հայտնվել «Անուշ» ռեստորանի պատերից դուրս, որտեղ տեղի է ունեցել քեֆը: Սերժ Սարգսյանը փաստորեն ասել է այն, ինչ այսքան ժամանակ ասում են հակաբարեփոխականները եւ փորձում համոզել հանրությանը, որ սահմանադրական փոփոխություններն արվում են ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար:



Չի բացառվում, իհարկե, որ Սերժ Սարգսյանը նման համոզմունք է հայտնել բարեփոխումներից գունատվող հանրապետականներին հանգստացնելու համար: Բայց ինչո՞ւ է նրա հայտարարությունն անմիջապես տարածվում, եթե այն արվում է ՀՀԿ ներքին օգտագործման համար:



Համամիտ չե՞ք, որ ՀՀԿ-ի իշխանության հավերժացման մասին «ոչ»-ի ճակատի պնդումներն այնքան համոզիչ չեն կարող լինել, որքան Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ հայտարարությունը: Սերժ Սարգսյանը, սիրելիներս, բացահայտ կոչ է արել «ոչ» ասել բարեփոխումներին, քանզի դրանք նպաստելու են ՀՀԿ միահեծան իշխանության ամրապնդմանը:



«Ոչ»-ի ճակատում, եթե այնտեղ կիսախելագարներ չեն հավաքվել, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը պետք է որ լուրջ իրարանցում առաջացնի, քանզի Սերժ Սարգսյանը, օրը ցերեկով, իրենցից խլում է ճակատի դրոշակը եւ դառնում «ոչ»-ի թիվ մեկ քարոզիչը: Դե հիմա «ոչ»-ի ճակատում ինչքան ուզում է, թող գոռան Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին: Վերջին հաշվով, նրանք թութակելու են հենց Սերժ Սարգսյանի խոսքերը ՀՀԿ-ի իշխանության հավերժության մասին եւ ուրիշ ոչինչ:



Այլ արգումենտ՝ բարեփոխումներին «ոչ» ասելու, այս պահին հանրությանը չի ներկայացվում եւ չի էլ ներկայացվի, որովհետեւ պարզապես չկա այդպիսին, եւ, բնական է, որ նույն արգումենտը՝ ՀՀԿ-ի հավերժ իշխելու մասին, գործածում են թե Սերժ Սարգսյանը եւ թե «ոչ»-ի ճակատի ակտիվիստները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Պարույր Հայրիկյանը, Լեւոն Զուրաբյանը, Հմայակ Հովհաննիսյանը, թաքուբիր ժառանգականներ եւ այլք: Բոլորին հայտնի է նաեւ, որ հոգով-սրտով «ոչ»-ի այս հանրույթի հետ է նաեւ երկրորդ նախագահը, որ հնարավոր է ճակատ ժամանի մի փոքր ուշացումով՝ իր հետեւից ինքնաթիռ ուղարկելուց հետո:



Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կունենանք այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հաստատվեն «ոչ»-ի ճակատում, որտեղ ակտիվիստություն են անում Ժիրայր Սեֆիլյանը, Պարույր Հայրիկյանը, Լեւոն Զուրաբյանը, Հմայակ Հովհաննիսյանը, թաքուբիր ժառանգականներ եւ այլ երդվյալ ընդդիմադիրներ, ովքեր մի գլուխ կրկնում են Սերժ Սարգսյանի խոսքերը, թե այս բարեփոխումներն արվում են ՀՀԿ-ի իշխանության ամրապնդման համար:



Ի՜նչ Հակոբ Պարոնյան, ի՜նչ Երվանդ Օտյան, ի՜նչ Լեռ Կամսար պետք է լինել մեկ կոմեդիայում կերպարների այսքան համերաշխ հանրույթ պատկերելու համար: Բա ի՜նչ ֆինալ է մեզ սպասվում… Բարեփոխումներին փառավորապես «ոչ» ասելուց հետո, 2018-ին, «ոչ»-ի ճակատի ակտիվիստները, մի-մի նախագահացուի հետեւից ընկած, գնում են ընտրությունների, բնականաբար, իրար կոկորդ կրծելով, իրար փոր թափելով եւ ՀՀԿ-ին իրենց վրա ծիծաղեցնելով:



Վերնագիրն էլ ենք մտածել․ «Թե ինչպես ՀՀԿ-ին թույլ չտվեցին հավերժ իշխել»: