Ամենալավը հանդիսատեսն էր և ծովախեցգետինները

Ամենալավը հանդիսատեսն էր և ծովախեցգետինները

«Ամենաշատը ինձ դուր եկան Սախալինի «կռաբերը», ծովախեցգետին են ասու՞մ հայերեն», - ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ հանդիպեցինք Սախալինի ֆեստիվալից անմիջապես հետո։ Աշխարհի ծայրում՝ Ռուսաստանի հեռավոր արևելյան կղզում ամեն տարի անցկացվող այս փառատոնն այդպես էլ կոչվում է՝ «աշխարհի ծայր», և Արամն այստեղ հանդիսատեսի համակրանք մրցանակն է շահել իր լայնամետրաժ խաղարկային «Մոսկվիչ՝ իմ սեր» ֆիլմով։ Մի քանի օր առաջ փառատոնն ավարտվեց, և Արամը թռավ Երևան։ 
- 8 ժամ ես թռչում սախալինից Երևան։ Փառատոնի նախագահը «պրիզը» տալուց սենց ասեց՝ ի՞նչ եք կարծում, այս մարդը, որ առաջին օրն եկավ Սախալին, ու՞ր գնաց։ Դահլիճից մեկը գոռաց․ «На рынок!»։ Ասեց․ «Правильно!»։
- Իսկ ի՞նչ, իրենց «բրե՞նդն» է ծովախեցգետինը։ Բոլորը գալիս են «կռա՞բ» են առնում։
- Չէ, ձկնանոց է այնտեղ։ Մի հատ «կռաբ» էինք առնում, դրա երկու ոտքով մի շիշ գարեջուր էինք պրծացնում։
- Սև ծովի «կռաբների» համի՞ է։
- Չէ, ի՞նչ սև ծով։ Գիտե՞ս, ինչ մաքուր ջուր էր, քցվում էիր՝ սառում։ «Ղյամաթ» էր դրանց ծովը, Սևանից երկու անգամ սառը։ Ես կյանքում էդքան սառը ծով չէի տեսել։
- Իրենց ֆեստիվա՞լն է մեծ, թ՞ե մեր «Ոսկե ծիրանը»։
- Իրենց ֆեստիվալը ավելի երիտասարդ է։ Մի քիչ ավելի փոքր է մերից, բայց մերի պես աստղեր կային՝ ճապոնացի, թուրք, հիմնականում ռուսներ։ Երկու լավ պրիզ էր՝ ժյուրիի և «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Համարիր, «Գրան պրի» էր, դրան հավասար։
- Ի՞նչը շատ հիշվեց, բացի ծովախեցգետիններից։
- Հանդիսատեսը։ Այսօր «պոպկորնային» կինոն կերել է հանդիսատեսին։ Այդքան պատրաստված հանդիսատես ես չէի տեսել։ Ոչ թե միայն կինո նայելու էին գալիս, այլև դրանից հետո հավաքվում էին տաղավարներում, ռեժիսորի հետ հանդիպման, ակտիվ հարց ու պատասխան էր լինում ռեժիսորի, դերասանների հետ։ Հասարակ մարդիկ էին։ Մարդիկ կային, հատուկ 10 օր արձակուրդ էին վերցրել իրենց հաշվին, որ գնային այդ ֆիլմերը նայելու։ Եւ այդպիսի ֆանատներ շատ էին։ Երբ որ «Մոսկվիչը» ցույց էին տալիս, նստած էին 12 տարեկանից մինչև 90 տարեկանը։ Ես ասեցի՝ հետաքրքիր է, էս նոր սերունդը, որ եկել է «սովետից» հետո, ի՞նչ է հասկանալու «Մօսկվիչից»։ Բայց դրանք եկան տաղավար՝ 25 տարեկանները, ու ես հասկացա, որ նրանք ուղիղ ընկալել էին էն, ինչ ուզում էի արտահայտել։
- Հիմա էլ «Մոսկվիչ» ավտոմեքենա չկա, ոչ էլ նոստալգիան է նրանց հայտնի, որ կարող ենք ունենալ մենք, էս կինոն նայելով։
- Սա փոքր մարդու ողբերգություն է, որը բոլոր ժամանակներում էլ կա։ Նա ունի իր հոգում հեքիաթը, որին ուզում է գնալ-հասնել։ Ինձ համար էլ էր դա հետաքրքիր։ Ես մտածում էի՝ այս սերունդը, որ եկել- նստել է դահլիճում, տեսնես, ի՞նչ է ընկալելու։ Ու հասկացա։ Եթե մեծահասակների համար «Մոսկվիչը» նոստալգիա էր, երիտասադրների համար չկա դա։ Իրենք ընկալեցին հենց այնպես, ինչպես պետք է ընկալեին՝ ֆիլմ մարդու մասին, որն ուզում է հասնել իր երազանքին ու կործանվում է։
- Հայաստանում համարժեք ֆեստիվալներ չկան, փաստորեն։
- «Ոսկե ծիրանը»։
- Բայց դա մեծ է ավելի, ասում ես։
- Չէ, մեզ մեր փոքր ինդուստրիայով մի հատ «Ոսկե ծիրանն» այ սենց հերիք է /ձեռքը տանում է կոկորդին/։