ՀԷՑ-ը կրկին վերադարձավ օֆշորային ընկերությանը

ՀԷՑ-ը կրկին վերադարձավ օֆշորային ընկերությանը

ՀԷՑ-ի գործարքի վստահված անձը, այն իրականացնողը «Տաշիր գրուպն» է, որը ղեկավարում է հայտնի գործարար Սամվել Կարապետյանը։ Այս տեղեկությունը, իր աղբյուրների վրա հղում կատարելով, երեկոյան հրապարակեց «Արմինֆո» գործակալությունը։ Պաշտոնական տեղեկություններ, սակայն, չկան։ Երեկ, կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, վստահեցնելով, որ ոչ մի տեղեկություն չունի ՀԷՑ նոր սեփականատիրոջ մասին։



Կառավարության երեկվա նիստում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անսպասելի փաստաթուղթ ներկայացրեց, որն անակնկալի բերեց բոլորին։ Ըստ դրա, ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերությունը ՀՀ կառավարությանը հայտնում է, որ «Հայկական էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերը պատրաստվում է վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Գործարքի մասին հանրությունը տեղեկացված չէր։ Կառավարության անդամները լուռումունջ էին։ Ոչ հարցեր առաջացավ, ոչ էլ, վարչապետի խոսքով ասած, «դեմ ելույթներ»։ Հովիկ



Աբրահամյանն արագ հանձնարարեց ֆինանսների, էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարություններին եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ներկայացված որոշման նախագիծը, առաջարկներ եւ եզրակացություններ ներկայացնել, եւ անցավ օրակարգի հաջորդ հարցին։ Հանձնարարականը, իհարկե, ձեւական է։ Պարզ է, որ նախարարությունները ոչինչ չեն փոխելու գործարքի պայմաններում, եւ դրանք համաձայնեցված են ամենաբարձր մակարդակներում։ Ասենք, ՌԴ նախագահի եւ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել է նաեւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հարցը։ Այսպիսով, կատարվեց այն, ինչի մասին գրվում եւ խոսվում էր ամռան սկզբից՝ ՀԷՑ-ը վաճառվեց։ Բայց ինչո՞ւ հենց հիմա, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական ընդվզումների ուժգին ալիք է բարձրանում, երբ դեռ չկա



ՀԷՑ-ում կատարվող աուդիտի եզրակացությունը։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը գտնում է, որ այսկերպ իշխանությունները հնարավորություն են ստանում «ջրել» ՀԷՑ-ում կատարված չարաշահումների եւ դրանցում մեղավոր անձանց պատժելու հարցը։ «Եթե գնորդն ու սեփականատերն ունենային տարբեր բիզնես-շահեր, ապա գնորդը կսպասեր աուդիտի եզրակացությանը։ Բայց մենք հասկանում ենք, որ այս գործարքը վերջին բարձրաստիճան այցերի կոնտեքստում է, որ նոր սեփականատերն ընդունելի կամպանիա է



Ռուսաստանի համար, եւ այն մի քանի խնդիր է լուծում։ Նախ, ՀԷՑ-ը լրջագույն ֆինանսական խնդիրներ ուներ, իսկ այս նույն խաղացողի ի հայտ գալով՝ «կեղտը» ցրվում է, չարաշահումների ծածկադմփոց է արվում, այլեւս դրանք չենք ուսումնասիրի, չենք իմանա ումից պահանջել, եւ ամեն ինչ սկսվում է մաքուր թղթից»։ Տնտեսագետը չի բացառում, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը միջանկյալ տարբերակ լինի, որը «տեսքի բերի ընկերության վիճակը, փաստաթղթերը եւ այլն, ու մենք տեսնենք իսկական պոտենցիալ ներդրողին»։ Աուդիտը կորոշի ՀԷՑ շուկայական գինը, հիմք հանդիսանալով գործարքի իրականացման համար, եւ այս իմաստով ներդրողը կստանա իր համար կարեւոր հարցերի պատասխանները։ Արտակ Մանուկյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, համենայնդեպս՝ առաջիկա տարում․ «Խնդիրը երբեք 6,93 դրամի մեջ չէ։ Եթե նորմալ աուդիտ արվի, սա կգումարենք ոչ թե 42-ին, այլ, ասենք, 35-ին։ Սա որպես էժանացման ուղի եմ ասում»։ Այս անգամ կառավարությունն այլեւս չի կարողանա հղում կատարել դոլարի կուրսի տատանմանը,



Սեւանի սակավաջրությանը կամ ատոմակայանին, որը թերի է մատուցել էներգիա։ «Այս գործոնները հիմա չկան, եւ այս պարագայում չենք կարող հաջորդ տարվա համար թանկացում ակնկալել»։ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության մասին ոչ մի տեղեկություններ չկան, բացի այն, որ ընկերությունը 2010 թվականին գրանցվել է Կիպրոսում։ Փաստորեն, ինչպես եւ նախկին տերը՝ «Միդլենդ ռեսուրսեզ Հոլդինգը», որը գրանցված էր բրիտանական Վիրջինյան կղզիներում, եւ որից «ՌԱՕ ԵԷՍ»-ը գնեց «Ցանցերը», սա եւս օֆշորային ընկերություն է։ Չի բացառվում, որ հենց մեծահարուստ Սամվել Կարապետյանն է կանգնած գործարքի հետեւում։ «Չեմ կարող ստույգ ասել։ Համենայնդեպս, տրամաբանությունը դա է թելադրում, որ պետք է որ նման մի բան լինի,- իր կարծիքը գործարքի մասին հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։- Առաջ, լավ թե վատ, այնուամենայնիվ, հայտնի ընկերություն էր, «Ինտեր ՌԱՕ»-ն էր, այնուամենայնիվ։ Իսկ սա հիմա ի՞նչ է։ Այսքան ճվճվացին, գոռգոռացին, վերցրին-տվեցին մի անկապ օֆշորի։ Տիգրան Սարգսյանի անունն է դուրս եկել, բայց Աբրահամյանի կառավարման ընթացքում ամեն ինչ օֆշոր է, եւ բոլոր գործարքներից կեղտոտ հոտ է գալիս»։ 



- Ինչո՞ւ էր գործարքը մութ պահվում, եւ հանկարծ այնքան անսպասելիորեն հայտարարեցին դրա մասին։
- Զարմանալու բան չկա, իբր մնացածն ի՞նչ լուսավոր են անում, որ սա էլ մութ է։ Մեզ մոտ ամեն ինչն է մութ արվում։ Հիշո՞ւմ եք «Ղարաբաղ Տելեկոմի» գործարքը, որը գիշերով կատարվեց։ Չեմ զարմանա, որ վերջում հաստատվի, որ գործարքի հետեւում հայտնի ռուսաստանցի հայ է։
- Ձեր կարծիքով, ի՞նչ գործարք էր սա եւ ի՞նչ կապ ունի աուդիտի հետ։
- Տրամաբանությունը հետեւյալն է։ Պուտինի հետ հանդիպել են, որոշումը կայացրել են աուդիտի մասով էլ, վաճառքի մասով էլ, եւ չի բացառվում, որ փողն էլ ինչ-որ ձեւով Ռուսաստանն է տալու։ Այդ մարդուն՝ սեփականատիրոջը, վարկ են տրամադրելու կամ մեկ այլ տարբերակով։ Վերջին տարիներին վատ ավանդույթ է ձեւավորվել, վատ կուլտուրա, կասեի։ Բոլոր վաճառքները կատարվում են օֆշորային ընկերությունների միջոցով։ Մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ, ասենք, Սեւանն էլ են տվել ինչ-որ օֆշորի, Գառնի-Գեղարդն էլ։
- Ինչո՞ւ նախարարներից ոչ մեկը չհարցրեց գործարքի մասին, Ձեր կարծիքով։
- Նորմալ մարդկանց մոտ է հարց ծագում, նրանց մոտ ի՞նչ ծագի։ Նրանց ամբողջ կյանքն օֆշոր է։