Վահան Մարտիրոսյանը Բաքվում խոսել է «Հայաստանի հանցավոր ռեժիմի» մասին

Վահան Մարտիրոսյանը Բաքվում խոսել է «Հայաստանի հանցավոր ռեժիմի» մասին

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը քիչ առաջ Բաքվում ասուլիս է տվել, որի ընթացքում նա մի շարք հայտարարություններ է արել։ «Ես ինքնակամ եմ տեղափոխվել Ադրբեջան և շնորհակալ եմ այս երկրի կառավարությունից ինձ տրամադրված քաղաքական ապաստանից», - ասել է հայ ընդդիմադիրը, - Ես քննադատել եմ Սերժ Սարգսյանի արյունալի և հանցավոր ռեժիմը և շարունակելու եմ այն դատապարտել, որտեղ էլ գտնվեմ։ Հայաստանի իշխանությունները ստիպում էին ինձ ընդունել հանցավոր ռեժիմի պայմանները, բայց ես հրաժարվեցի», - ասել է նա։



haqqin.az-ի հաղորդմամբ, Մարտիրոսյանը խոսել է «Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմի մասին», որը կառուցված է կոռուպցիայի վրա և սերտորեն կապված է եվրոպական կառույցների հետ։ «Հայաստանում ոչ մի նորմալ մարդ չի ուզում, որ Ադրբեջանի հետ պատերազմ լինի։ մենք խաղաղություն ենք ուզում։ Հայոց բանակը սարսափելի վիճակում է և ընդունակ չէ հակահարված տալու ոչ միայն Ադրբեջանի, այլև որևէ երրորդ կարգի աֆրիկյան երկրի»։



Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում սկսված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվեց մոտ 15-20 հազար մարդ, հիմնականում հայեր։ «Նրանց մեծամասնությունը, տեսնելով Հայաստանում տիրող սարսափը, շուտով հեռացել է։ Մյուսներից, որոնք հիմնականում քրեական անցյալ ունեն, խմբավորումներ են կազմում և ուղարկում են Լեռնային Ղարաբաղ»։



Վահան Մարտիրոսյանը նաև ասել է, որ Ադրբեջանում իր համար լավագույն պայմաններ են ստեղծել, որ ինքը բնակվում է Բաքվի առաջնակարգ հյուրանոցում, և երեկ երեկոյան էլ մենակ  զբոսանքի է դուրս եկել քաղաքով։ «Հայաստանում մեզ փորձում էին կեղծ պատկերացում տալ Ադրբեջանի մասին։ Ես վստահ եմ, որ եթե նրանք իմանան իրականությունը, հայ փախստականների հոսքը դեպի Ադրբեջան ավելի մեծ կլինի, քան արաբների դեպի՝ Եվրոպա»։