Սահմանադրություն փոխելը աղջիկ մարդու տալու պես մի բան է

Սահմանադրություն փոխելը աղջիկ մարդու տալու պես մի բան է

Հավատա՞լ, որ Սերժ Սարգսյանը ողբերգություն չի ապրի, եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ հաղթի «ոչ»-ը: Այդ մասին նախագահն անձամբ, եթե հավատալու լինենք Խոսրով Հարությունյանին, ասել է ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ:
Փարատելով լրատվամիջոցներից մեկի անհանգստությունն այն հարցում, թե ՀՀԿ-ն ամեն միջոցի չի՞ դիմի հանրաքվեի ժամանակ «այո» ապահովելու համար, Խոսրով Հարությունյանը տառացիորեն հետեւյալն է ասել. «Եկեք ռեալ լինենք, միգուցե դա այդպես է, որովհետեւ Հանրապետականն ունի թե՛ քաղաքական, թե՛ ոչ քաղաքական ռեսուրսը: Բայց խնդիրը դա չէ: Մեր նպատակը սեփական կամ ոչ սեփական ռեսուրսի հաշվին հաղթանակ կորզելը չէ: Դրանով է հենց պայմանավորված, որ հենց ընդդիմությունը հարց բարձրացրեց, որ ճիշտ կլինի Հանրայինով ուղիղ հեռարձակում իրականացնել, մենք համաձայնեցինք անմիջապես: Իրականում, մեր նպատակն այն է, որ հանրության մեջ առաջանա առողջ հետաքրքրություն: Հանրապետության նախագահը ՀՀԿ խորհրդի նիստում հստակ արձանագրեց, որ որեւէ ողբերգություն չի ապրի, եթե հանրաքվեի արդյունքում սահմանադրական նախագծին ասվի «ոչ»: Աշխարհը սրանով չի փլվի: Մենք նպատակ չունենք սեփական ռեսուրսը ցանկացած գնով պարտադրել»: Այսինքն՝ կստացվի՞, լավ, չի՞ ստացվի՝ բարեփոխումների հերն էլ անիծած: Ճի՞շտ ենք հասկանում Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին եւ Խոսրով Հարությունյանին: Կարծում եմ՝ այո, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ եթե ՀՀԿ-ն մտքին դնում է հաղթել, ապա միշտ նախապես է հայտարարում՝ հաղթել պրծել ենք: Դիցուք՝ հանրաքվեի մասով, ակնհայտ է, որ տղերքը մի տեսակ անհավես են գնում դեպի հերթական հաղթանակը:



Ինչո՞ւ:



Դարձյալ անդրադառնանք Խոսրով Հարությունյանի մեկնաբանությանը: Խոսրով դային ասում է. «Մեր նպատակն այն է, որ հանրության մեջ առաջանա առողջ հետաքրքրություն»: Չէ-հա… Այսինքն՝ գիտե՞ք ինչ է ուզում ասել: Ուզում է ասել․ ՀՀԿ-ն, որ տասնամյակներ շարունակ վերարտադրվել է նյութական, պետական, ուժային լծակների միջոցով, մարդկանց վախեցնելով, սպառնալով, ողջ գործարար հատվածը հարկային մարմինների միջոցով կառավարելով, ծեծելով, ջարդելով, հիմա ուզում է պարզապես ժողովրդի մեջ հետաքրքրություն առաջացնել: Կասեն «այո», լավ, կասեն «ոչ»՝ մենք ի՞նչ կարող ենք անել:



Հեչ, ի՞նչ կարող եք, որ ինչ անեք: Մեր այս բազմաչարչար ժողովրդի մեջ հետաքրքրություն առաջացնելու ուրիշ բան չգտաք, հա՞: Գնայիք, ձեզ Կիեւյանից գցեիք, ավելի հետաքրքիր կլիներ: Այլապես՝ սահմանադրական բարեփոխումնե՜ր, սահմանադրական ֆլան-ֆստա՜ն, Վենետիկի հանձնաժողո՜վ… Հայտնի ֆիլմում ասում է՝ աղջիկ մարդու տալն էլ մե փեշակ է. էլ մեռել առնիլ, էլ փող մսխիլ… էլ ուրիշի կնկան փեսուն նշանց տալ, թե՝ Մարքրիտն ի…



Այսուհանդերձ, կարծում ենք, որ ՀՀԿ-ին հաջողվել է ժողովրդի մեջ հետաքրքրություն առաջացնել, բայց ոչ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ: Դիցուք՝ մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես են Սերժ Սարգսյանը եւ ողջ ՀՀԿ-ն իրենց դրսեւորելու «ոչ»-ի ճակատում, ի՞նչ են անելու, որ իրենց «ոչ»-ը տարբերվի ՀԱԿ-ի, ԲՀԿ մնացորդացի, «Ժառանգության», ՕԵԿ-ի (սրանց նոր անունը ո՞նց էր), արտախորհրդարանական տարատեսակ փրկիչների եւ զանազան անհատ ընդդիմադիր գործիչների «ոչ»-ից:



Հետաքրքիր չէ՞, թե ինչպես է նախագահական կառավարման համակարգի ջատագով Հովիկ Աբրահամյանը ղեկավարելու այդ համակարգը փոխելու «այո»-ի շտաբը:



Մի խոսքով՝ մեզ ոչ թե հանրաքվե, այլ մե քեֆ, մե ուրախություն է սպասվում: Պետք է մեծ հետաքրքրություն դրսեւորել եւ լավ տրամադրվել այդ ուրախությանը, որովհետեւ մի կյանք ենք ապրում, իսկ այդպիսի բան տասը տարին մեկ է լինում: Մանավանդ՝ գիտենք արդեն, որ մեր սիրելի նախագահը ողբերգություն չի ապրելու իր նախաձեռնության տապալման առնչությամբ: