Գաղջագիտության կլասիկները կամ՝ ցավ պատճառող մանրախնդրություն

Գաղջագիտության կլասիկները կամ՝ ցավ պատճառող մանրախնդրություն

Այն, որ մեր երեք նախագահները այսպիսի օրերին միասին չեն լինում մի հարց է, այն որ մեր նախագահները այսպիսի օրերին առիթը բաց չեն թողնում միմյանց խայթելու համար՝ մեկ ուրիշ հարց և այն, որ նրանք միմյանց հանդեպ տածած ատելությունից պատրաստ են իրենց լաքեյներին հրահանգել մունդռել տոնը, թող որ միամիտ ժողովրդի տոնը, արդեն մի երրորդ բան, որին ոչ անուն, ոչ մեկնաբանություն տալ հնարավոր չէ:



Ոչ իրենց չափ մանրախնդիր եմ և ոչ էլ իրենց նման ծարավի եմ պաշտոնի ու փուչ փառքի, որի տևողությունը ավելին չէ, քան սեփական իշխանությունը: Ինձ ուրիշ բան հետաքրքրեց այսօր:



ՀՀ առաջին նախագահի պաշտոնն զբաղեցրած մարդն այսօր բարեաճել է իր (ի՞ր) ժողովրդին հանգստացնել, ասելով, որ քանի ՄԱԿ-ը կա, Հայաստանն իր անկախությունը չի կորցնի: Ուզում է ասել՝ իշխանությունն էլ չլինի, անկախությունը կմնա: Մատնանշել է ՄԱԿ-ի 70-ամյակը և հայտարարել, որ այդ 70 տարվա ընթացքում դեռ ոչ մի երկիր իր անկախությունը չի կորցրել և այսուհետև էլ չի կորցնի: Սա գիտե՞ք ինչի նման է: Սա նույնն է, թե մեկը ձեզ ասի՝ ձեր գյուղի Մաթոսը 100 տարի ապրեց, դու էլ կապրես: Եվ այս մակարդակի, շատ ներողություն, կլասիկ ֆելդշերը մեր առաջին նախագահն է եղել: 



Ո՞ւր է Հարավսլավիան, ո՞ւր է Խորհրդային Միությունը, ինչպե՞ս աշխարհի քարտեզին Սերբիայի հաշվին Կոսովո հայտնվեց, ինչո՞ւ ՄԱԿ-ը ոչինչ չարեց, երբ Ուկրաինան բաժանվում էր երեք մասի, երբ Վրաստանից պոկվեցին Աբխազիան և Օսեթիան, ինչո՞ւ է ՄԱԿ-ը լռում Կիպրոսի հարցում, Ինչո՞ւ են բզկտում Սիրիան, ինչո՞ւ չեն ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Այս ամենը ՄԱԿ-ի աչքի առաջ է տեղի ունեցել և ունենում:



Ե՞րբ պետք է Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանա, որ անկախությունը ոչ թե ի վերուստ (կամ ՄԱԿ-ից) տրվող բան է, այլ ձեռք է բերվում պայքարով, իսկ մեր դեպքում (երկու անգամ) նաև արյամբ ու անասելի զրկանքների գնով, և մենք անկախությունը կկորցնենք եթե ժողովուրդը դադարի այն ընկալել որպես գոյության կերպ: Արդյոք ե՞ս պետք է նրան՝ ՀՀ առաջին նախագահին բացատրեմ այս ամենը:



Ի՞նչ է ՄԱԿ-ը, եթե ոչ աշխարհի հզորների կամարտահայտության գրասենյակ: Հիմա մենք ի՞նչ անենք, մեր ժողովրդի արյուն-քրտինքով ձեռք բերած անկախությունը հանձնենք ՄԱԿ-ի տնօրինմանն ու գնանք տո՞ւն, հանգիստ խղճով իրար տա՞կ փորենք:



Մեծարգո Առաջին, առանձնատուն, բարեկեցիկ ծերություն ապահով քաղաքական մայրամուտ Ձեզ ՄԱԿ-ը չի տվել չէ՞: Էլի այս գաղջ երկիրն է տվել, որովհետև հրաշք ժողովուրդ ունի, որ մեղավոր չէ տիրող այս գաղջության համար:



Կարո՞ղ է Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրել, թե որտեղից են հրահրվում հենց ապրիլի 24-ին հեռացնել ռեժիմը, հենց սեպտեմբերի 21-ին պաշարել ՀՀԿ գրասենյակը և նմանատիպ մյուս հիմարությունները, որ ոչ միայն քարը քարին դնելու նպատակ չեն հետապնդում, այլ ավելի են խտացնում գաղջը: Բա եկեք, երեքով մի հատ խորհուրդ արեք, հասկացեք, թե բանն ինչ է:



Այսօր ծեծ կերած ազատամարտիկը ժաանակին Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներում էր ֆռֆռում, անկախության արշալույսի հին ու բարի ժամանակների ակտիվիստ էր: Ո՞վ պետք է նրա գլուխը խելք մտցներ, թե Սմբո ջան, անկախության օրը լուրջ օր է, մենք ենք հռչակել այն, այդ օրը սիրուն չէ փողոց փակելն ու ցույց անելը: Դժվար չէ, իհարկե, գուշակել՝ ով պետք է կարգի հրավիրեր ազատամարտիկին, բայց այ, անհասկանալի է, թե ինչու չի արել այդ: Այս մանրախնդրությունն է, որ ցավ է պաճառում: