Լրագրային շանսոն. մենք ենք, մեր անկախությունը

Լրագրային շանսոն. մենք ենք, մեր անկախությունը

Նոր շարժանկար՝ «Մեդալը նախագահականից»



-Չափահաս մարդ մը, որ Հայկ Բաբուխանյանին մեդալ, իսկ Արմենչիկին կոչում է շնորհում, ես անոր հետ ճամփա չեմ երթա…
-Է մի գնա…



Տոնական «Երաժշտական փոստարկղ»



Հարգելի ունկնդիրներ, ՀՀ ԱԺ-ից պատգամավոր Մարգարիտ Եսայանը մեզ գրում է. «Իմ շատ սիրելի «Երաժշտական փոստարկղ», Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների քննարկման կապակցությամբ խնդրում եմ հաղորդել «Ամենալավը դու ես, ամենալավն ես դու» երգը, ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի կատարմամբ»:



Սիրով կատարում ենք տիկին Եսայանի խնդրանքը… գնացիիիիիինք, միասիիիիին….



Անակնկալ



ՀՀ անկախության օրը, «Ինքնիշխանության» երթի կազմակերպիչները, ինչպես և խոստացել էին, ամենաանսպասելի անակնկալը մատուցեցին՝ Երևանում արյուն թափվեց:



Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ գրասենյակը 30 հոգով գրավելու մասին հայտարարություններին, ապա դրանք, եթե արտահայտվելու լինենք զինվորական բառապաշարով, ընդամենը կեղծ մանյովր էին:



Ոմի՞ց են բողոքում



Հայ գիտնականները տխրել են կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի կոշտ պատասխանից, թե դուք ի՞նչ եք արել, որ պահանջում եք բյուջեով հատկացումները ավելացնել:



Սիրելի գիտնականնե, Դավիթ Հարությունյանը շատ էլ ճիշտ է ասում: 70-80-նն անց մարդիկ եք արդեն, բայց մեկիդ մտքով իսկ չի անցնում մի հատ ուսումնասիրություն գրել այն մասին, թե ինչպես է պատահում, որ գիտությունից այդքան հեռու մարդիկ հայտնվում են կառավարությունում: Հիմա ումի՞ց եք բողոքում:



Համեստության մարմնացում մարզպետ



Արարատի մարզպետին չեն ճանաչել համանուն մարզի համանուն գինու կոմբինատի տնօրինուհին ու Գագիկ Ծառուկյանը: Նրան շատ անհարմար վիճակի մեջ են դրել Մասիսի մթերման կայանում: Առաջինը, մոտենալով մարզպետի շքախմբին, հարցրել է՝ կներեք, դուք ո՞վ եք, իսկ երկրորդը՝ գյուղացիներին հինգ րոպե ջոմարդ խոստումներ տալուց հետո հեռացել է՝ դարձյալ չնկատելով մարզպետի ներկայությունը:



Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ Արարատի մարզպետ, համեստության մարմնացում Ռուբիկ Աբրահամյանին: Կարծում ենք՝ վատ չի լինի, որ նա դասընթացների գնա Սյունիքի մարզպետի մոտ: Իսկ եթե դա էլ չօգնի, հրաժարականը կա ու կա:



Ալասանիան ե՞րբ է հայոց պատմություն ուսումնասիրել



Որպեսզի Արարատի մարզպետի հետ կապված տխուր նոտայով չավարտենք «Շանսոնի» այս թողարկումը, ասենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ալասանիան մի հետաքրքիր հայտարարություն է արել: Վրացի նախկին պաշտոնյան մասնավորապես ասել է. «Իվանիշվիլիի նման գարշելի արարածը Վրաստանում բարձունքների հասավ Սահակաշվիլիի հովանավորությամբ»: Ասոցացիաներ չկա՞ն:



Էդիկ Անդրեասյան