Նոր նշանակում Մայր Աթոռում

Նոր նշանակում Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն ազատվել է Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատուի պարտականություններից և նշանակվել Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն:



Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը (ավազանի անունը` Տիգրան) ծնվել է 1978 թ. մարտի 25-ին Երևանում, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, Գևորգյան Հոգևոր ճեմարանի Զ լսարանում:

2001 թ. հուլիս ամսին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ աշխատանքի է անցել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում:



2002 թ. ուսանել է Դանիայի Օրհուս քաղաքի Diaconal Folk High School-ում` ուսումնասիրելով սոցիալական աստվածաբանություն:



2002 թ. օգոստոսի 26-ին պաշտպանել է ավարտաճառ Պետրոս արք. Բերդումյանի «Մեկնութիւն Ծննդոց» աշխատությունը թեմայով:



2005-2007 թթ. Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն և սպասավոր սարկավագ հնդկահայոց եկեղեցիներում:



2007 թ. Կալկաթայում հրատարակել է «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» աշխատությունը:
2007-2008 թթ. աշխատել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում, 2008 թ. մայիսից կրկին աշխատանքի է անցել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում:



Ունի աստվածաբանության մագիստրոսի աստիճան:
2011 թ. դեկտեմբերի 4-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Զաքարիա աբեղա:
Հեղինակ է մի շարք աստվածաբանական, հայագիտական և հրապարակախոսական հոդվածների: