ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկելու նպատակով

ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի միջոցների վարչությունը:



«Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ տեղավորվում այն խնդիրները, որոնցով մենք գրեթե ամեն օր զբաղվում ենք՝ որտե՞ղ դեռևս շատ մեծ անելիքներ ունենք, որտե՞ղ ենք ինչ-որ արդյունքների հասել, որպեսզի կարողանանք միասին առաջնահերթություններ սահմանել: Իհարկե, ցանկանում եմ, որ մենք քննարկենք նաև այն ծրագրերը, որոնք նոր ենք սկսել կամ նախապատրաստվում ենք իրականացնել: Խոսքս առաջին հերթին վերաբերում է Սևանի հետ կապված ծրագրերին և մարզում ջերմոցաշինության հետ կապված մեծ աշխատանքին, որ մենք միասին պետք է իրականացնենք: Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, իրոք, մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպեսզի այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: Ձկնաբուծության ծրագիրը, որ արդեն սկսել ենք երկու տարի առաջ, կարծում եմ՝ զարգացման մեծ ներուժ ունեցող ծրագիր է: Անշուշտ, կուզենայի, որպեսզի այսօր նաև որոշակի արդյունքներ ընդհանրացնենք կապված այն խոշոր գումարների հետ, որ մենք ծախսում ենք շատ մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքում, արոտավայրերի ջրարբիացման, պետության կողմից շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով տրամադրվող սերմացուների, պարարտանյութի, դիզելային վառելիքի համար: Հասկանանք՝ ունե՞նք արդյոք առաջընթաց, թե՞ ուղղակի այդ գումարներով որոշակի վիճակ ենք պահպանում: Ավելանու՞մ են արդյոք ցանքատարածքները, բերքատվությունը: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ չափով է արդիականացվել գյուղատնտեսական մեքենաների պարկը, որովհետև այստեղ էլ մեծ աշխատանք է կատարվել և, անշուշտ, որևէ մարզի, այդ թվում նաև՝ Գեղարքունքի զարգացման պատկերն ամբողջական չի լինի առանց առողջապահության և կրթության հետ կապված խնդիրների լուծման»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: