Մեդալ տվողի տեղ՝ մեդալակիրն է ճռռում

Մեդալ տվողի տեղ՝ մեդալակիրն է ճռռում

Մի քանի օր առաջ երեւի կդժվարանայինք ասել, թե այդ ինչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ մոռանան սահմանադրական բարեփոխումների մասին: Բայց հերթական անգամ մեզ օգնության հասավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վերցրեց ու վաստակավորի կոչում տվեց Արմենչիկին՝ ոտքի հանելով ոչ միայն Արմենչիկի արվեստով չհետաքրքրվողներին, այլեւ ՀՀԿ-ական քեֆերից այդ երգչին ծանոթ մի շարք հանրապետականների, ովքեր շատ թե քիչ սլուխ ունեն եւ կարողանում են երաժշտությունը «Ջան ախպերս» երգից ջոկել:



Եվ հիմա ո՞վ է հիշում, որ մի երկու օր առաջ սահմանադրական բարեփոխումներին դեմ խոսող պատգամավորներն սպառնում էին ինքնահրկիզվել, եթե… Այսօր գրեթե բոլորը համերաշխ տժժում են Արմենչիկի անվան շուրջ, որին շնորհված պատվավոր կոչումը մթագնել է անգամ Հայաստանի անկախության օրվա հետ կապված ԱՄՆ պետդեպի եւ բազմաթիվ երեւելի առաջնորդների շնորհավորական ուղերձների փայլը:



Փոխվում են իշխանությունները, փոխվում են կոչում ու մեդալ ստացողները… Սա բնական է, այդպես էլ պետք է լիներ: Ամեն իշխանության հետ մարդկանց մի նոր խմբի մի բան հասնում է, եւ այնպես չէ, որ Արմենչիկը պետք է երկար սպասեր: Այսօր Արմենչիկի փայ իշխանության ժամանակն է։ Նա ոչ մեկից առաջ չի անցել, ոչ էլ հերթ է խախտել:



Ասվածը վերաբերում է նաեւ քաղաքականությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիներին: Սրանք էլ, ինչպես Արմենչիկը, համբերատար սպասում են իրենց փայ իշխանությանը եւ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չեն կարող սպրդել այլ իշխանությունների որոշում կայացնելու տիրույթ: Այսօր, նայելով քաղաքական գործչի թռփոշությանը, կարելի է հստակ ասել՝ նրա փայ իշխանությո՞ւնն է ղեկին, թե՞ չէ: Խոսքն օլիգարխ քաղաքական գործիչների մասին չէ, ովքեր միշտ թռփոշ են, այլ շատ թե քիչ քաղաքական դեմքերի, որոնց վրա հստակ ընդգծվում է օրվա քաղաքական կուրսը:



Գիտե՞ք, օրինակ, թե ինչու եմ ես այսքան հարգում ՍԻՄ նախկին փոխնախագահ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: Նրա համբերության, արտասովոր առատաձեռնության եւ իր փայ իշխանություններին ճիշտ տարորոշելու ունակության համար: Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը նրան մեդալ չտվեցին: Վերջին մեդալը նա երեւի կոմունիստներից էր ստացել՝ շրջխորհուրդներից մեկում գլուխ պահելու ժամանակ: Եվ, ահա, եկավ Սերժ Սարգսյանը, եւ Մովսես Խորենացու մեդալը կախվեց Բաբուխանյան Հայկի դոշից: Մարդ ինչքան համբերատար պետք է լիներ, որ կոմունիստներից մինչեւ Սերժ Սարգսյան սպասեր իր հերթին: Սպասեց, հետո «ծախեց» ինչ ուներ-չուներ՝ կուսակցություն, ընկերներ եւ այլն, եւ գոյացած դիվիդենտներով դարձավ Մովսես Խորենացու կավալեր:



Այսուհանդերձ, աչքաչափով կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը «մենակով» ավելի շատ մեդալ ու կոչում է տվել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասին վերցված: Այդ ցուցանիշով նա զիջում է թերեւս միայն Խորհրդային Միության առաջնորդ Բրեժնեւին: Եվ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ մեդալի ու կոչման արժանիները մի ուրիշ տեսակ են շատացել: Պարզապես Սերժ Սարգսյանը մեդալ ու կոչում շնորհելուց առաջ չի նայում օրենքի համապատասխան կետը, որով սահմանվում է տվյալ մեդալի կամ կոչման արժանի մարդկանց շրջանակը: Դարձյալ պետք է վերադառնամ Մովսես Խորենացու մեդալին, որից համ Ալլա Պուգաչովան ունի, համ Հայկ Բաբուխանյանը: Ինձ նույնիսկ թվում է՝ Սերժ Սարգսյանը սրանցից մեկին ձեռ է առել: Բայց պարգեւատրությունը մնում է պարգեւատրություն, այսինքն՝ հարգանքի արժանի մի բան:



Օրենքում հստակ գրված է. «2014թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների եւ կրոնական գործիչները»։ Հիմա, ենթադրենք՝ ռուսական էստրադայի պրիմադոննայի՝ որպես մշակույթի բնագավառի կնոջ շքեղ կրծքին «Մովսես Խորենացին» մի կերպ հանգչում է: Իսկ ի՞նչ անուն տաս Բաբուխանյանին այդ մեդալով պարգեւատրելու եւ Խորենացու ոսկորներն անիմաստ տեղը դիվադադար անելու գործողություններին:



Որեւէ մեկը ճանաչո՞ւմ է մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների կամ, առավել եւս, կրոնական գործիչ ոմն Հայկ Բաբուխանյանի:



Փոխարենը բոլորը գիտեն, թե ով է ՍԻՄ նախկին փոխնախագահ, այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:



Ահա եւ տեղ չմնաց Արմենչիկին կոչում տալու շուրջ շատ ծավալվելու: Մեկ-երկու բառով միայն ասեմ: Հասկանալի է, որ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, ըստ օրենքի, տալիս են վաստակավորներին եւ ոչ թե իրենց «իզը» գտած լավ վաստակողներին: Որոշողն այս դեպքում նախագահն է, բայց այս գործում ցանկալի է նաեւ համապատասխան բնագավառի պաշտոնատար անձերի միջնորդությունը: Ճանաչելով հայ ուլտրաժամանակակից բոհեմայի ներսում տիրող նախանձի մթնոլորտը՝ չենք կարծում, թե մեկը գտնվել է, որ Արմենչիկի համար միջնորդի: Մնում է ենթադրել, որ Արմենչիկին կոչումը շնորհել է Սերժ Սարգսյանն իր կամքով, ինչպես դա արել է նախորդ դեպքում:



Եվս մեկ նախադասություն, եւ ավարտեմ: Կարիք չկա նման դեպքերում ոչ հուզվել, ոչ էլ քարկոծել որեւէ մեկին: Արդեն ասացի՝ ամեն իշխանություն իր մեդալակիրներն է ունենում:



Ձեր հերթն էլ կգա, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը՝ Մարգարիտ Եսայանի մատնանշած եւ ընդդիմության սեւեռուն հայացքին արժանացած իր վերարտադրության գործիքները չդնի գործողության մեջ: