Լրագրային շանսոն (Արմենչիկի հետ կապ չունի)

Լրագրային շանսոն (Արմենչիկի հետ կապ չունի)

Աֆրիկայում մի երկիր կար... Անունը հիմա չեմ հիշում, ասում են՝ այնտեղ մի շատ հետաքրքիր սովորույթ է եղել՝ առաջնորդներին պարգևատրելու սովորույթը: Ենթադրենք, տվյալ առաջնորդը գնացել է հարևան ցեղի անասունները քշել-բերել: Ասա՝ հա: Հա: Երեկոյան ժողովուրդը հավաքվում էր խարույկի շուրջ և այդ առաջնորդին որևէ կերպ պարգևատրում: Կամ նրա համար պարում էին, կամ ամբողջական ցուլ էին խորովում, կամ մի քանի աղջիկ տալիս, որ առաջնորդը, աչքից հեռու, վրանի տակ զվարճանա: Առաջնորդներն էլ, այսպիսի բաներից ոգևորված, նորանոր սխրանքներ էին գործում և ամեն սխրանքի հետ այդ ցեղի բարեկեցությունն ավելանում էր:



Հիմա կասեք՝ դա ի՞նչ կապ ունի Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալու հետ: Հարցը տեղին է, բայց, այ ձեր ցավը տանեմ, այս պատմությունը, ախր, Արմենչիկի մասին չէ: Դեռ պատմությունս չավարտած՝ Արմենչիկ հա Արմենչիկ: Համբերություն ունեցեք:



Էն էի ասում, այդ երկիրն այդպես բարգավաճում էր: Ամեն եկող նոր առաջնորդ աշխատում էր այնպես անել, որ նախարդին գերազանցեր իր լավ գործերով և ավելի շատ ու բազմազան պարգևատրվեր իր ժողովրդից:



Առաջադեմ քաղաքակրթությունները, սակայն, այս երկիրն էլ չխնայեցին, և առաջնորդներին պարգևատրելու սովորույթը գնալով վերացավ: Մի օր էլ ավագանին նիստ արեց ու որոշեց՝ վերջ գեղցիությանը, սրանից հետո առաջնորդը պետք է պարգևատրի: Դրանից հետո առաջ եկավ հարցը՝ ո՞ւմ և ինչի՞ համար պետք է պարգևատրի, երբ բոլոր լավ գործերն ինքն է անում և ինքն է շենացնում երկիրը: Ավագանին այդ հարցի պատասխանն էլ ուներ՝ դա ձեր գործը չէ, առաջնորդը կորոշի: Եվ խալխը, որ մինչ այդ համախումբ էր և մտածում էր, թե հերթական քաջագործության համար ինչ պարգև տա առաջնորդին, ընկավ մտածմունքի մեջ՝ մենք ախր այդ ի՞նչ պետք է անենք, որ առաջնորդի նման մարդը մեզ պարգևատրի:



Այդ մտածմունքը, սակայն, շատ արագ փարատվեց, երբ եղան առաջին պարգևատրությունները: Մարդիկ հասկացան, որ ինչ-որ բանով պետք է աչքի ընկնել: Եվ ցեղի համընդհանուր այդ ոգևորությունը հունավորելու, ուղղորդելու, ըստ ոլորտների կարգավորելու համար ստեղծվեցին համքարություններ՝ ամեն մեկն իր մինի առաջնորդով: Սա, մեր պատկերաացումներով, կառավարության նախնական տիպն էր: Սկզբում ամեն ինչ խառնիճաղանջ էր: Մեկ էլ կտեսնեիր՝ առաջնորդը հյուսնին մեդալ կտար խոհարարության ասպարեզում ակնառու հաջողությունների համար և կամ փականագործին՝ խոշոր եղջերավոր անասունների բուծման գործում անուրանալի նվաճումների համար: Բայց, քանի որ, առաջնորդի որոշումը որոշում էր, հյուսն ու փականագործը նրա ձեռքից ստանում էին իրենց պարգևներն ու հանդիսավորապես երդվում ծառայել հայրենիքին:



Շատ չանցած՝ բոլորը նկատեցին, որ առաջնորդին դուր է եկել պարգևատրման գործը, և նա այնքան է տարվել դրանով, որ մոռացել է երկրի բարօրության մասին: Այդ ժամանակ արդեն գործի դրվեցին հեռուստատեսությունները, որոնք օրնիբուն մեդալակիր էին ցույց տալիս, իսկ սրանք էկրանից հահա-հիհի էին անում և ճառում առաջնորդի նոր ձեռքբերումների և հաջողությունների մասին: Բայց դա չէր օգնում գործին, ու, թեև առաջնորդը վարժվել էր նոր գործին և մինիմումի հասցրել ոլորտ-մեդալ համատեղելիության մեջ առկա շփոթը, միևնույն է, հասարակությունը չէր ուրախանում հերթական շոուից:



Հասարակությունն այլևս հոգնել էր պարգևատրություններից:



Հասարակությունը հաց էր ուզում:



Ժամանակ էր փոխվել: