Բնությունը լավ է աշխատել, մթերող ընկերությունները՝ վատ

Բնությունը լավ է աշխատել, մթերող ընկերությունները՝ վատ

Կառավարության նիստերի «աստղը» մնում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը պարբերաբար զեկուցում է իր ոլորտում տեղի ունեցող աճի մասին։ Այսօր նա ասաց, որ այս տարի 300 հազար տոննա խաղողի բերք կա, ինչը 30 տոկոսով ավելի է անցյալ տարվանից։ Կառավարության սպասելիքները կրկնակի անգամ ավելի համեստ էին՝ 15 տոկոսի մասին էր խոսքը։ Աճն, ինչպես հայտնի է, ոչ այնքան նախարարության, որքան բնության «լավ աշխատանքի» արդյունքն է, իսկ նախարարի և ողջ կառավարության խնդիրն է ամեն ինչ անել, որ բերքը չմնա դաշտերում։ Սակայն առայժմ դա չի հաջողվում։ Մինչ կառավարությունում նիստ էր, Արարատի բնակիչները փակել էին դեպի Երևան տանող մայրուղին, բողոքելով, որ չեն կարողանում հանձնել խաղողի բերքը, իսկ մի քանի օր առաջ նույնը արել էին Արմավիրի մարզի խաղողագործները։ Մթերող ընկերությունները ընդամենը 5 հազարական տոննա էին վերցնում նրանցից, իսկ մնացած խաղողը փչանում էր։ Ըստ նախարարի, մթերող ընկերությունները տարեսկզբից մինչ օրս նախատեսված ծավալից քիչ են մթերել, և 49 մթերող ընկերություններից ընդամնենը 32-ն են սկսել խաղող մթերել։ «Ֆինանսական հոսքեր չեն կարողացել ապահովել՝ կապված արտահանման ծավալների կրճատման հետ», - բացատրում էր նախարարը, իսկ վարչապետն, ինչպես միշտ, հանձնարարեց հետևողական աշխատանքներ տանել և վերցկցել մթերումները, խոստանալով, որ կառավարությունը կաջակցի մթերող ընկերություններին։