Արմեն Մարտիրոսյանի մտքի ծայրով ամեն ինչ էլ անցնում է, բայց կուսակցությունից դուրս չի գա

Արմեն Մարտիրոսյանի մտքի ծայրով ամեն ինչ էլ անցնում է, բայց կուսակցությունից դուրս չի գա

Մեր երկրում սպասվող սահմանադրական փոփոխությունները դեռ շատ «տներ կքանդեն»: Դեռ վերջերս «Ժառանգություն» կուսակցությունը հրաժեշտ տվեց Ռուբիկ Հակոբյանին, և չնայած Ռուբիկ Հակոբյանը մեղքը բարդեց իր և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի «մոտեցումների» վրա, այնուամենայնիվ ներքին խոհանոցում հղում են անում Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի նախագահականի հանդիպմանը: Դե քանի որ ընկերովի մահը հարսանիք է, հիմա էլ խոսակցություններ են պտտվում, որ «Ժառանգությունը» շուտով հրաժեշտ կտա նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով Ռուբիկ Հակոբյանի հետ միասին այցելել էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների թեման:



Hraparak.am-ը կապ հաստատեց Արմեն Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու խոսակցությունները. «Հերքում եմ»: Պարոն Մարտիրոսյան Ձեր մտքի ծայրով էլ չի անցե՞լ դուրս գալ կուսակցությունից. «Ուրեմն մտքի ծայրով ինչ որ անցնում է, դա եթե կյանքի կոչվի, կարող է շատ հետաքրքրիր լինի կյանքը, բայց նաև՝ շատ վտանգավոր: Մտքի ծայրով անցնելն ինչ կապ ունի: Իմ մտքի ծայրով այնքան բան է անցնում, հո կյանքի չե՞ն կոչվում»:



Մենք հետաքրքրվեցինք նաև՝ Արմեն Մարտիրոսյանը մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին. «Անձամբ ես դեռ չգիտեմ: Որպես քաղաքացի կարող է գնամ մասնակցեմ: Կարող է կուսակցությունը որոշում ընդունի, կմասնակցեմ որպես կուսակցական, կերևա»:



Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր, թեմիանում է սահմանադրական բարեփոխումների դեմ կազմավորված «Ոչ»-ի ճակատի գործունեությանը, մասնակցել նաև Գյումրիում նախորդ շաբաթվա հանրահավաքին: Բայց Արմեն Մարտիրոսյանի ծրագրերը դեռ «կերևան»: