Սահման մեկնելը չպետք է ձեւական լինի

Սահման մեկնելը չպետք է ձեւական լինի

Սահմաններ գնալու հարցը կրկին արդիական է դարձել խորհրդարանում, բայց նախորդ տարվա սահմանային ֆոտոսեսիայի անհաջող փորձից հետո այստեղ որոշել են մի լավ ծանրութեթեւ անել, որպեսզի նույն կերպ չընկալվի: Նույնիսկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն է հապաղում։



Երեկվա փակ նիստից հետո հանձնաժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե քննարկվե՞ց արդյոք սահման գնալու հարցը, եւ ի՞նչ որոշվեց: «Պետք է հասկանալ, թե քո դերակատարումն ինչով է այնտեղ պայմանավորված լինելու, որովհետեւ շատ մարդիկ մեկնում են սահման, ոգեշնչում մեր զինվորներին, մարդիկ կան, որոնք մեկնում են այնտեղ, ինչ-որ բաներ են բաժանում։ Մենք պետք է հասկանանք, որ սահման մեկնելը չպետք է դառնա ինքնանպատակ ու ձեւական:



Պետք է նորմալ ծրագիր ունենա»: Նախորդ այցից հետո հնչած քննադատությունները, փաստորեն, լուրջ երկընտրանքի առաջ են կանգնեցրել։ «Հասկանում եմ, որ շատերն իրենց ծրագրերից դուրս երբ մեկնում են, մամուլն էլ իր արձագանքն է անում, մենք մեր հանձնաժողովի աշխատանքներն ունենք, սահման այցելելու հարցը մշտապես եղել է մեր օրակարգում, մնում է հասկանալ՝ գնալուց առաջ ինչ պետք է անել, որպեսզի նպաստենք մեր վերահսկողական ֆունկցիայի շրջանակներում»: Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ ինֆորմացիայի հիման վրա է պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարծիք հայտնել, որ առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանում վիճակն էլ ավելի կսրվի։ «Ես երեք տարի է՝ հայտարարում եմ, որ պատերազմը չի ավարտվել, մենք պետք է չհոգնենք եւ պայքարենք, կանգուն մնանք, որ հասնենք մեր վերջնական հաղթանակին»: