«Այն ժամանակ ասում էինք՝ այդ պահը չէ». Այժմ պահը եկել է

«Այն ժամանակ ասում էինք՝ այդ պահը չէ». Այժմ պահը եկել է

ԲՀԿ-ում նախանձելի օրեր չեն ապրում. սահմանադրության փոփոխությունների հարցը սրել է մի բուռ մնացած կուսակցականների հարաբերությունները, պատճառը միասնական դիրքորոշման բացակայությունն է:



Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալող ճակատի առաջամարտիկներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվը չնայած այս օրերին հայտարարել է, որ պատրաստ է ներդրում ունենալ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն ապահովող սահմանադրության նախագծի «այո»-ի քարոզչությանը, բայց ԲՀԿ-ում բոլորը չեն կիսում այդ «այո»-ն, ու աննախանձելի վիճակում են հայտնվել կուսակցական «ընդդիմադիրները»: Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ում առավել քան հստակ են դրել հարցը՝ կամ ենթարկվում են կուսակցության դիրքորոշմանը, կամ հեռանում են ԲՀԿ-ից: Եթե խմբակցության անդամ անկուսակցականներ Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանն ազատ կարող են իրացնել սահմանադրական բարեփոխումների իրենց «ոչ»-ը եւ հոկտեմբերի 5-ին «դեմ» քննարկել, ապա շատ ավելի բարդ է Էլինար Վարդանյանի ու Հայկ Խաչատրյանի վիճակը: Էլինար Վարդանյանը դեռ անցած քառօրյային մեր զրույցում վերահաստատեց իր նախկին դիրքորոշումը սահմանադրության փոփոխության վերաբերյալ, նա «ձեռնպահ» քվեարկեց նախագիծն օրակարգ մտցնելու հարցի ժամանակ, իսկ Հայկ Խաչատրյանը «դեմ» քվեարկած միակ ԲՀԿ-ականը դարձավ:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշել է ԲՀԿ-ի հետ չայրել բոլոր կամուրջները, որպեսզի նախ չչեզոքացնի ապագա խորհրդարանում հայտնվելու այս հավանականությունը, բացի դրանից, դեռ մշուշոտ է Վարդան Օսկանյանի նոր կուսակցության ապագան: Չի բացառվում, որ նա նույնպես «դեմ» չքվեարկի՝ նախընտրելով անշառ «ձեռնպահ»-ը: Մինչդեռ Էլինար Վարդանյանին ու Հայկ Խաչատրյանին կուսակցական ակտիվը հստակ նախազգուշացրել է՝ կամ կատարում եք կուսակցության որոշումը, կամ կհամարվեք անհնազանդներ ու կհեռացվեք կուսակցությունից՝ կուսկարգապահությունը խախտելու համար:



Արդեն մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել «վտանգավոր գոտում հայտնված» ԲՀԿ-ականների հետ, երեկ մեր հարցադրումները նույնիսկ ներկայացրինք Էլինար Վարդանյանի օգնականին՝ պարզաբանումներ ակնկալելով, բայց այդպես էլ չստացանք:



Փոխարենը մեծ պատրաստակամությամբ մեզ հետ զրուցեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով այլախոհ կուսակցականների պատասխանատվության հարցին՝ Մելքումյանն ասաց, որ դեռեւս միայն Հայկ Խաչատրյանից են նման հայտարարություն լսել. «Էլինար Վարդանյանից ես անձամբ չեմ լսել», իսկ բուն հարցին պատասխանեց այսպես. «Մենք բազմակարծությունը ողջունում ենք, եթե մարդիկ կան, որոնք ունեն իրենց կարծիքը, այդ մարդկանց ոչ իրավունք ունենք գնդակահարելու, ոչ էլ ինչ-որ բան, բայց եթե կա կուսակցության որոշում, կարծում եմ, որ այդ որոշումը պարտադիր է կուսակցականների համար: Ինչ վերաբերում է խմբակցության անդամներին, օրինակ՝ Վարդան Օսկանյանը, թող իրենք իրենց դիրքորոշումը հայտնեն»: Այնուամենայնիվ, ի՞նչ է սպասվում «կարգազանցներին»։ «Եկեք՝ թող գա այդ փուլը, նոր կանդրադառնանք»,- ասաց Մելքումյանը՝ հաջորդ պահին մատնելով կուսակցությունում առկա իրավիճակը. «Կարող է գա քվեարկության օրը, եւ մարդիկ հարգելի պատճառով չներկայանան խորհրդարան»:



ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք «այո»-ի քարոզարշավին ԲՀԿ-ի մասնակցության մասին։ «Այո, մենք միայն պասիվ «այո» ասողներ չենք, մենք պետք է շարունակենք «այո»-ի քարոզարշավին մասնակցենք: Իսկ ԲՀԿ-ի մասնակցությունը կլինի տարբեր ձեւերով. մեր տարածքային կազմակերպությունները հնարավոր է որոշակի աշխատանքներ կատարեն տեղերում մեր համակիրների, մեր անդամների հետ։ Երկրորդ. մեր քաղաքական գործիչները, իրավաբանները, սահմանադրության մասնագետները հեռուստատեսությամբ, ԶԼՄ-ներով միգուցե ներկայացնեն բարեփոխումների առավելությունները»: Կարծում եք կհաջողվի՞ ձեր ծառայությունները մատուցել իշխանություններին եւ օգուտ տալ այս գործընթացին, նաեւ համոզիչ լինել մարդկանց առջեւ։ «Համոզված եմ: Համոզելու խնդիր չկա, մարդիկ շատ լավ գիտեն իրենց անելիքները, մարդկանց ուղղակի պետք է մասնագիտական բացատրություններ տալ»: Կարծում եք մարդիկ մոռացե՞լ են ԲՀԿ-ականների նախկին հայտարարությունները, եւ ձեր «քարոզն» արժանահավա՞տ կլինի: Մելքումյանը վրդովվեց մեր վերջին հարցից։



- Եթե հիշում եք, 2012-ին, երբ մենք գնում էինք խորհրդարանական ընտրություններ, Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը քաղաքական լուրջ կոնսուլտացիաներ անցկացրին քաղաքական բոլոր կուսակցությունների հետ, որպեսզի անցում կատարենք կառավարման խորհրդարանական մոդելին եւ անցում կատարենք համամասնական ընտրակարգին: Դա ի վերուստ ամրագրված է ԲՀԿ-ի ծրագրային դրույթներում: Երբ եկավ 2014 թվականի աշունը, երբ որ արդեն ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան էր գեներացվում, այն ժամանակ ոչ մեկդ չասացիք՝ բա ԲՀԿ-ն ինչի՞ է «ոչ» ասում: Բա ինչո՞ւ այն ժամանակ դուք չէիք հարցնում՝ ասում, որ, այ, 2012-ին դուք «այո» էիք ասում, հիմա ինչի՞ եք փոխել՝ «ոչ» եք ասում:



- Մոռացել եք, Ձեզ այդ մասին էլ ենք հարցրել:



- Լավ, դա էլ արձանագրենք, ինչեւէ, հիմա ասեմ, թե ինչու ենք այս պահին «ոչ» ասում: Խնդիրը կայանում էր նրանում, որ այդ փուլում մենք, գոնե ես, իմ գործընկերներ Վահան Բաբայանը ոչ թե ասում էինք, որ դեմ ենք բարեփոխումներին, այլ ասում էինք, որ սա այդ պահը չէ, ժամանակավրեպ է, որովհետեւ եթե շաբաթների, մեկ-երկու ամսում արագ գնում է իշխանական եւ ոչ իշխանական ուժերի պայքարի հանգուցալուծում, ուրեմն այս այդ պահը չէ, հաջորդ փուլի խնդիր է, եկեք այդ հանգուցալուծումը լինի, նոր կանդրադառնանք: Եկավ փետրվարյան իրադարձությունները, հանգուցալուծումը եղավ, քաղաքական դաշտը խաղաղվեց, իշխանափոխության հայտ ներկայացնող չկար, եւ ընդհանրապես առճակատում եւ լարվածություն չկար։ Այս պարագայում, երբ որ մեր ծրագրային դրույթները նորից օրակարգում են, մենք չենք կարող անտարբեր մնալ, մանավանդ որ մեր շատ առաջարկներ ընդունվեցին, մենք էլ համոզված ենք մեր դիրքորոշման մեջ, որ դա ճիշտ ճանապարհ է, Հայաստանի քաղաքական որոշումների ընդունման մենաշնորհը քանդել, եւ այս սահմանադրությամբ քանդվում է, ուրեմն մենք էլ որեւէ բանով կաշկանդված չենք:



- Փաստորեն, միայն Գագիկ Ծառուկյա՞նն էր դեմ այս գործընթացին։



- Ես ասացի, որ պահի մասով ենք ասել, որ ժամանակավրեպ է, որեւէ մեկն այն ժամանակ չի ասել, որ մենք ընդհանրապես դեմ ենք այդ փոփոխություններին, մեր ծրագրում գրած է, մենք ո՞նց կարող էինք նման բան ասել: