Կտեղափոխվի Ընտրական օրենսգիրք

Կտեղափոխվի Ընտրական օրենսգիրք

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում աչքալուսանք տվեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ընդունելու է ԲՀԿ-ի կայուն մեծամասնության վերաբերյալ առաջարկը, եւ, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի մասին ամրագրումը սահմանադրությունից կտեղափոխվի Ընտրական օրենսգիրք․ «Կայուն մեծամասնության վերաբերյալ մեր առաջարկն այն էր, որպեսզի մենք գերի չդառնանք երկրորդ փուլի ինստիտուտին եւ դա չդարձնենք սահմանադրական նորմ, այլ դա գնա Ընտրական օրենսգիրք»։ Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կգրվի։ Մելքումյանը պնդեց․ «Ոչ, սահմանադրության մեջ ուրիշ բան է գրվելու, չի գրվելու, որ դա պարտադիր նորմ է»։ Մելքումյանն ավելին չմանրամասնեց՝ նկատելով, որ այդ դրույթն ընդամենը, իր խոսքով, ֆակուլտատիվ է լինելու։ Նա ասաց, որ իրեն այդ մասին հեռախոսազրույցում հայտնել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը։ ԲՀԿ-ականն ասաց նաեւ, որ իրենց ներկայացրած այլ առաջարկները նույնպես ընդունվել են, մասնավորապես ընտրիչների ինստիտուտի, հավաքների անցկացման եւ այլնի վերաբերյալ։