Երբ առաջին գծում Արարատ Զուրաբյանն է

Երբ առաջին գծում Արարատ Զուրաբյանն է

Իզուր չէր, այո, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ՀՀՇ-ն վերածվել է գեղի կլուբի: Օրվա ՀՀՇ-ականը երեկ հաստատել է իր երբեմնի ղեկավարի գնահատականը, եւ դրանում երկու կարծիք լինել չի կարող:



Խոսքն Արարատ Զուրաբյանի մասին է, ով երեկ իր դարակազմիկ վերլուծությամբ հանգել է մի մտքի, որ կարող էր ծագել բացառապես գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցչի գլխում: «Այս լարվածությունն Ադրբեջանին մասնակի է ձեռնտու, այնքանով, որ իրենց հասարակության ուշադրությունը շեղեն առավել կարեւոր տնտեսական եւ քաղաքական խնդիրներից: Այստեղ հաստատ Ռուսաստանի մատն է խառը»,- պնդել է Զուրաբյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը դուրս է եկել Ռուսաստանի տիրապետությունից, իսկ Ռուսաստանը նման է մի երեխայի, որ մեծացել է, բայց չի ցանկանում բաժանվել իր մանկության խաղալիքներից:



Ինչպե՞ս հասկանալ Զուրաբյանին, առանց հոգեբանի ներկայության: Մարդը հայտարարում է, որ Ռուսաստանն իր տիրապետության տակից դուրս եկած Ադրբեջանին կարգադրում է կրակել Հայաստանի վրա, իսկ Ադրբեջանն էլ, քանի որ դա իրեն մասնակի ձեռնտու է, կրակում է: Համոզվեցի՞ք, որ հոգեբանի ներկայությունը չէր խանգարի: Սա նույնն է, որ երբ ուկրաինա-բելառուսական կոնֆլիկտ ծագի, Ռուսաստանն իր տիրապետության տակից դուրս եկած Ուկրաինային կարգադրի կրակել Բելառուսի վրա: Հյուսիսային Կորեան ԱՄՆ տիրապետությունից դուրս է, չէ՞: Պատկերացրեք մի պահ, որ Բարաք Օբաման Կիմ Չըն Ինին ասի՝ դավայ, խփի Հարավային Կորեային: Եթե նման բան հնարավոր է, ապա Զուրաբյանը երիցս ճիշտ է, որ Հայաստանի սահմանների մոտ իրավիճակը լարում է Ուկրաինայում, Սիրիայում, Հեռավոր Արեւելքում զբաղված Ռուսաստանը:



Ոմանք ասում են՝ Ռուսաստանին դա պետք է խաղաղարարների անվան տակ Ղարաբաղ զորք մտցնելու մանդատ ստանալու համար: Կատարյալ ապուշություն է սա:



Ռուսաստանին թույլ չտվեցին խաղաղապահներ տեղակայել Դոնբասում՝ ուկրաինական զորքերի եւ աշխարհազորի շփման գծում: Որտեղի՞ց Մոսկվային այնպիսի երաշխիքներ, որ թույլ կտան խաղաղապահներ տեղակայել ԼՂՀ-ում, իսկ Արեւմուտքի պատկերացումներով՝ Ադրբեջանում: ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի խաղաղարարներին ի՞նչ է եղել, որ ռուս խաղաղապահներին թույլատրեն մտնել շփման գիծ:



Մյուս կողմից էլ Արարատ Զուրաբյանն անտեսում է, որ Միջին Ասիայի հարստություններն Ադրբեջանի եւ Վրաստանի վրայով Արեւմուտք տեղափոխման ծրագրերի հիմնական հակառակորդը Ռուսաստանն է, եւ Ադրբեջանը, որ մեծ շահույթներ է ակնկալում այդ հոսքից, ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանին հեռու պահի նավթամուղներից ու գազամուղներից, որպեսզի կարողանա արդարացնել իր արեւմտյան տերերի վստահությունը: Եվ հիմա, հատկապես Ռուսաստանի դրդմամբ, մտնել մի վտանգավոր խաղի մեջ, ինչպիսին հայ-ադրբեջանական պատերազմն է, Ալիեւին ոչ ոք թույլ չի տա, որովհետեւ այդ խաղն իրոք հղի է վտանգով, որ Ռուսաստանը, օգտվելով առիթից, կփորձի ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ: Սա արդեն իսկ նշանակում է, որ Ալիեւը Ռուսաստանի դրդմամբ կամ խառնելով՝ ոչ մի արկածախնդրության էլ չի գնա: Այլ բան, եթե Ալիեւի առաջ կանաչ լույս վառի Արեւմուտքը, ինչի նշանները, կարծես, երեւում են ժամանակ առ ժամանակ, երբ Հեյդարորդին հայտարարում է, թե իրենք միջազգայնորեն ճանաչված իրավունք ունեն՝ վերականգնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:



Զուրաբյանը պարտավոր է ոչ թե հարցնել՝ ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական հակամարտության սրումը, այլ հասկանալ, թե ինչպես է ցանկանում Ադրբեջանը վերականգնել իր ամբողջականությունը, եւ ինչպիսին է այդ հարցում Արեւմուտքի տեսլականը, որ շարադրված է Ուորլիքի հուշերում: Իսկ Ուորլիքի հուշերում պարզ ասված է ամեն ինչ՝ հայերը վերադարձնում են գրավյալ տարածքները եւ Ղարաբաղի հետ կապի համար օգտագործում Լաչինի միջանցքը: Ես չգիտեմ, գուցե սա Զուրաբյանի համար ընդունելի տարբերակ է, բայց, վստահ եմ, այն չի համապատասխանում հայ ժողովրդի եւ հատկապես ղարաբաղցիների տեսլականին:



Մի առիթով գրել էինք, որ երբ Ադրբեջանը կրակում է, չի կարելի նստել ու փիլիսոփայել, թե ինչու է կրակում, ո՞ւմ խառնելով ու հրահանգով է կրակում, իր «խասյաթի» համաձա՞յն է կրակում, թե՞ մի այլ պատճառով: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարապ ժամավաճառություն, ինչը ՀՀ եւ ԼՂՀ բանակներին մի տեսակ իներտության է մատնում: Այսօր Արարատ Զուրաբյանի, Շավարշ Քոչարյանի նման եւ խելքներին զոռ տվող տարատեսակ այլ փիլիսոփաների պակաս չկա նույնիսկ բանակում: Եվ ահա, ժամանակն է հասկանալու, որ երբ Ադրբեջանը կրակում է, նրա մեկ կրակոցին պետք է տասը պատասխանել, քսանը, այնքան, որ վազեն իրենց տերերի մոտ եւ օգնության կանչեն: Իսկ ինչ վերաբերում է փիլիսոփայությանը, դրա համար միշտ էլ ժամանակ կճարվի՝ խաղաղ օրերին վերլուծելու, բացատրելու տեղի ունեցածը:



Մենք չէինք հաղթի, եթե մտածեինք՝ տեսնես ո՞վ է խառնում մեզ ու ադրբեջանցիներին: Այդպես մենք մարտադաշտում նույնիսկ բուն հակառակորդին կկորցնենք, ինչպես հիմա կորցրել է Արարատ Զուրաբյանը, ով գրեթե բաց տեքստով հուշում է կրակել ռուսների վրա, որովհետեւ նրանք են խառնողը, հետեւաբար, նաեւ նրանք են մեր զոհերի ու կորուստների պատասխանատուն:



Ասում էի, չէ՞, հոգեբան է պետք: