Բիբինը չգիտի, թե ում են վաճառել «Ցանցերը»

Բիբինը չգիտի, թե ում են վաճառել «Ցանցերը»

Սեպտեմբերի 30-ին, առաջ ընկնելով վարչապետ Աբրահամյանից, «Տաշիր գրուպն» իր պաշտոնական կայքում հայտնեց, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը վաճառել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Տաշիր գրուպ» ընկերությանը, եւ որ ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել գործարքին։ Փաստորեն լուրերը, որոնք արդեն կես տարի շրջանառվում էին մամուլում, եւ որոնք պատասխանատու մարմինները պարբերաբար հերքում էին, համապատասխանում էին իրականությանը։ Միանգամայն կանխատեսելի էր նաեւ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որով նա սկսեց կառավարության նիստը․ «Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»: Իհարկե, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը բազում փափուկ բարձերով հրամցվեց ժողովրդին, համեմվեց մարդասիրական խոստումներով։ «Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»,- ասում էր վարչապետը։ «Տաշիր խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչեւ 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար»,- քաղցր-քաղցր շարում էր վարչապետը։ Մինչեւ 250 կվ սպառողները Հայաստանում մոտ 600 հազար ընտանիքներ են, եւ թանկացման 7 դրամները նրանց լիուլի կփոխհատուցվեն։



Քաղաքացիների համար՝ ամբողջությամբ, իսկ ՓՄՁ-ների՝ կեսի չափով։ Բոլոր այս ընտանիքները եւ ՓՄՁ-ները պետք է ուրախ լինեն, որ «Տաշիրի» հետ դեռ մի 10 ամիս էլ կկարողանան վայելել էժան կիլովատները եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երախտապարտ լինեն մեծն բարեգործ Սամվել Կարապետյանին։ Թե օգոստոսի 1-ից հետո քանի անգամ է թանկանալու հոսանքը, այսօր չի խոսվում։ Դրա ժամանակը չէ։ Ոչինչ չխոսվեց նաեւ մոտ 10 օր առաջ կառավարության այս նույն դահլիճում հավանության արժանացած մեկ այլ որոշման մասին, որով ՀԷՑ-ն ուզում էին վաճառել օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։



Հասկանալի չեղավ, թե ինչ որոշեցին ֆինանսների, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարները, որոնց հանձնարարված էր ուսումնասիրել ՀԷՑ-ն օֆշորային ընկերությանը վաճառելու որոշումը։ Այսօր էլ գործարքից տեղյակ այս նախարարներն արագ ծլկեցին կառավարության շենքից, խուսափելով ավելորդ հարցերից։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր ընկերության գնորդը ոչ թե «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը դարձավ, որի մասին նախապես հայտարարել էր ՀՀ կառավարությունը, այլ «Տաշիր գրուպը»։ Այս հարցը տվեցինք ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին։ «Այս հարցն ավելի շուտ պետք է ուղղել «Ցանցերի» ներկայիս եւ նախկին սեփականատերերին, որոնք վարում էին բանակցությունները, եւ ՀՀ կառավարությանը, որը տեղյակ է գործարքի մանրամասներին։ «Ցանցերին» այս պահին այլ հարցեր են հուզում։ Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու՝ ակտիվորեն պատրաստվում ենք ձմռան, նաեւ աշխատում ենք հասցնել կատարել ներդրումային ծրագրի կետերը։ Սրանք են մեր գլխավոր խնդիրները, իսկ ձեռնարկության առքուվաճառքի հարցերը լավ կլինի տաք ձեր կառավարությանը»,- ասաց Բիբինը, պատասխանելով «Հրապարակի» հարցին։ Թե ինչ կապ ունի «Տաշիրն» օֆշորային ընկերության հետ, դեռ պարզել է պետք, թեեւ Կարապետյանի եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի»՝ օֆշորի հետ անմիջական կապի մասին այս օրերին բազմիցս գրել է մամուլը։



Այլ անուններ էլ էին շրջանառվում՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Հարություն Փամբուկյան։ Սակայն Կարապետյանն ու Ծառուկյանը հերքեցին իրենց առնչությունն օֆշորին։ Իսկ ռուսական մամուլը, մասնավորապես Коммерсант թերթը, դեռ սեպտեմբերին ստուգաբանել էր Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ» ընկերության ծագումը։



Կիպրոսի ռեեստրի տվյալներն ապացուցում են, որ «Լիորմանդ»-ի սեփականատերերը «Marcuard Trust» ՍՊԸ-ի մեջ մտնող ձեռնարկություններն են, որոնք իրենց հերթին Ցյուրիխում, Մոսկվայում, Սինգապուրում օֆիսներ ունեցող Marcuard Heritage ընկերության մասն են։ Վերջինս 2003 թվականին է հիմնադրվել եւ կապ ունի ռուսական կապիտալի հետ։ Իսկ տնօրեններից մեկը՝ Ռուդլոֆ ազգանունով, 2006-2013 թվականներին նաեւ «Ռոսնեֆտի», ինչպես նաեւ «Տաշիր գրուպի» տնօրենների խորհրդում էր։ Այնպես որ, եւ «Տաշիր գրուպի» եւ «Լիորմանդ Հոլդինգզ»-ի հետեւում նույն անձն է՝ Սամվել Կարապետյանը։ Սա հաստատեց նաեւ մեր աղբյուրը էներգետիկայի նախարարությունում։



Եթե «Տաշիրն» ու «Լիորմանդ Հոլդինգզ»-ը, ի վերջո, նույն անձին են պատկանում, ապա ինչո՞ւ Սամվել Կարապետյանը որոշեց ՀԷՑ-ի ձեռքբերման գործարքը ձեւակերպել հենց «Տաշիր գրուպի» անունով։ Կարելի է ենթադրել, որ նրան վախեցրեց հանրության աչքում «օֆշորային» սկանդալի հերթական հերոսը դառնալու հեռանկարը։ Սակայն հանրությանն այս պահին այլ հարց է հետաքրքրում։ Այն, որ ինքը խաբված է, եւ որ հոսանքը, միեւնույն է, թանկանալու է։ «Մենք չենք ընդունում այն ամենը, ինչ ասվեց այսօր կառավարությունում,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Մաքսիմ Սարգսյանը։- Փորձում են Կարապետյանից բարի «ձյաձյա» սարքել։ Նախ, հոսանքի թանկացման անհիմն փաստարկներ էին բերում, անօրինական, հետո հայտնվեց բարի «ձյաձյա»-ն։ Մենք այս ամենը չենք ընդունելու»։ Առայժմ «Ոչ թալանին» նախաձեռնությունը քննարկում է անելիքները, որոնց մասին կհայտարարի առաջիկայում։