Օրենքները չպետք է հակասեն Սահմանադրությանը

Օրենքները չպետք է հակասեն Սահմանադրությանը

Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովը երեկ երեկոյան ամփոփիչ նիստ է հրավիրել՝ քննարկելու, վերջնական տեսքի բերելու կուսակցությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների փաթեթները։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում սահմանադրական փաթեթի քննարկումից հետո բավական առաջարկներ են ներկայացվել հանձնաժողովին։ Սահմանադրական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը նիստից առաջ մեր հարցին, թե որ առաջարկներն են ընդունելի, եւ, օրինակ, ամենախնդրահարույց՝ խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի մասին դրույթը տեղափոխվելո՞ւ է Ընտրական օրենսգիրք, թե՞ ոչ, քանի որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում օրերս ասել էր, որ, իր տեղեկություններով, այդ դրույթը տեղափոխվելու է ԸՕ, պատասխանեց. «Կարճ ժամանակ անց լրամշակված նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Էական վերանայումներ կլինեն, ինչ-որ ասպեկտով անդրադարձ կլինի նաեւ ընտրությունների երկրորդ փուլին»։ Ազգային փոքրամասնությունների՝ ԱԺ-ում ներկայացվածության մասին հարցին, թե կարո՞ղ են նրանք առանց կուսակցական ցուցակ մտնելու մանդատ ստանալ, եթե մեծամասնական ընտրակարգ գոյություն չունի, ասաց. «Ազգային փոքրամասնություններին Ազգային ժողովում տեղեր հատկացնելու վերաբերյալ սահմանադրական դրույթը, անշուշտ, իմպերատիվ է, պարզապես Ազգային ժողովում նրանց ներկայացուցիչներին ընտրելուն առնչվող հարաբերությունների կարգավորումը վերապահված է Ընտրական օրենսգրքին:



Այս նկատառումով, արդեն այս փուլում սպառիչ անդրադառնալ ընտրական համակարգի այնպիսի հարցադրումների, որոնք դուրս են սահմանադրական բարեփոխումների շրջանակներից, առնվազն իրավաչափ չէ: Միայն մի վերապահում․ ընթացիկ օրենքները ճշգրտորեն պետք է արտացոլեն Սահմանադրության դրույթները, չհակասեն վերջինիս ներքին տրամաբանությանը: Հավելեմ, որ համամասնական ընտրական համակարգը բնավ չի բացառում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երաշխավորված ներգրավվածությանը խորհրդարան»։ Ռեյտինգային քվեարկության մասին էլ նշեց․ «Դա եւս այս փուլում հստակեցված հարցադրում չէ: Վերջին հաշվով նկատենք, որ Ընտրական օրենսգիրքը հանդիսանալու է օրգանական օրենք, որի ընդունման համար պահանջվելու է քվեարկության ավելի բարձր շեմ, ինչից բխում է, որ լուծումներ ընտրելու հարցում քաղաքական փոքրամասնությունները կարող են առավել գործնական ու նկատելի ներգործություն ունենալ տվյալ օրենսդրական ակտի մշակման ու ընդունման գործընթացի վրա»։ Այսպիսով՝ հանձնաժողովի քննությանը ենթարկված նախագիծն այսօր կուղարկվի ՀՀ նախագահին, ով մի քանի օր ունի՝ այս կամ այն առաջարկին հավանություն տալու կամ մերժելու համար։ Երկուշաբթի նախագիծը կներկայացվի ԱԺ, Վարդան Պողոսյանը կներկայացնի, թե որ առաջարկն է ընդունել-մերժել Սերժ Սարգսյանը՝ համապատասխան հիմնավորումով, եւ հոկտեմբերի 6-ին Սահմանադրության նախագիծը կդրվի ԱԺ քվեարկությանը։