Ռեյտինգային քվեարկություն ռեգիոններո՞վ

Ռեյտինգային քվեարկություն ռեգիոններո՞վ

Սահմանադրական նախագծի ընդունումով կռիվը չի ավարտվում, «մեծ» կռիվն սկսվելու է դրանից հետո, երբ ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների «ապագան» որոշելու ժամանակն է գալու: Իսկ նրանց մեջ արդեն խլրտոցն ընկել է, որը մեծ «ռազբորկայի» վերածվելու լուրջ հիմքեր ունի:



Նոր սահմանադրության համապատասխան, կառավարման նոր մոդելի դեպքում հայտարարվում է, որ գործելու է ամբողջովին համամասնական ընտրակարգը, բայց դրա անվան տակ հնարամիտ լուծումներ են փնտրվում, որպեսզի իշխանությունը պահել լինի:



Գրեթե ռեալ է դառնում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկության տարբերակը, որն իշխանություններին թույլ կտա պահել իշխանությունը: Մի քանի տարբերակներ են քննարկվում, բայց վերջնականը, հավանաբար, կլինի հետեւյալը. խորհրդարան կանցնեն մարդիկ, որոնք իրենց ընտրատարածքներում կարողացել են ՀՀԿ-ի համար ամենամեծ թվով ձայներ ապահովել: Սրան հասնելու համար պարտադիր կլինի, որպեսզի ցուցակներում ընդգրկվեն հայտնի մականունավորները, գործարարները եւ փողատերերը:



Սա հարուցել է ՀՀԿ-ի, այսպես կոչված, «ինտելեկտուալ» թեւի վրդովմունքը. նրանք կարծում են, որ փողով կգնվեն մանդատները, իսկ իրենք կմնան «բորդյուրին», եւ Սահմանադրության խոստացած բարեփոխումներն ի չիք կդառնան:
ՀՀԿ-ականները հրապարակային զրույցներում դեռեւս խուսափում են խոսել այդ մասին, բայց ներսում քննարկում են ու բողոքում:



ՀՀԿ-ի ամենատարեց ու փորձառու պատգամավորներից մեկը՝ երրորդ ժամկետում գտնվող Վազգեն Կարախանյանը այս ընտրակարգի նպատակահարմարության մասին փորձեց պատասխանել իր օրինակով. «Ես ապրում եմ Ավան վարչական տարածքում եւ մի քիչ ինձ գովեմ… Երբեմն կինս ասում է՝ ինչո՞ւ դու քո մասին չես պատմում, Պարույր Հայրիկյանը պատմում է, խոսում են քո անցած ճանապարհի մասին ու քո անունը չեն տալիս: Ես ուրախ եմ, որ ժողովրդի հետ կարողանում եմ խոսել, զրուցել, բաներ ասել, բաներ լսել, ինչու չէ՝ նաեւ չկատարված, վատ արարքների մասին, եւ մտածում եմ, որ որոշակի հարգանք ունեմ, ու խնդիր չի լինի, եւ իրականում ձայներ բերելու տարբերակը սա է»: Բայց Կարախանյանին առաջարկեցինք ավելի ռեալ գնահատել ու համեմատել իր եւ մեկ ուրիշի ֆինանսական ռեսուրսները։ «Դե, ճիշտն ասած՝ դժվարանում եմ պատասխանել, բայց կարծում եմ՝ ժողովուրդը բավականին հասունացել է, ու մտածում եմ՝ կարող է իմ նմանին ձայն տան, ես էլ ունեմ լավ տղա, լավ շրջապատ…»,- ծոր տվեց ՀՀԿ-ականը, բայց, ի վերջո, խոստովանեց․ «Իհարկե, այդ տարբերակը (նկատի ունի փողի՝ հեղ.) աշխատելու է, որովհետեւ ժողովուրդն էսօր էս վիճակում է…»: Պատգամավորը հիշեց, որ 1999 թվականին ինքը ոչ իշխանական ուժի կողմից թաղապետի թեկնածություն էր դրել ու պարտվել Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալին. «Ես շատ ձայներ հավաքեցի, բայց պարտվեցի, ընտրությունների հաջորդ օրը մի պատկառելի պարոն եկավ իմ մոտ, ասաց. «Թքի մի հատ իմ երեսին»։ Ասի՝ ի՞նչ է եղել, ասեց՝ 10 հազար դրամ վերցրել եմ, քեզ չեմ ընտրել, ասի՝ խի՞ թքեմ, ուրեմն դրա կարիքն ունեցել ես»: Կարախանյանը խոստովանեց, որ ինքը կողմ չի լինի ռեյտինգային քվեարկությանը:



Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ դեռ հստակ որոշում չկա, թե որ տարբերակն է ընտրվելու. «Ընդհանրապես ռեյտինգայինը ճիշտ է, բայց նայած թե ինչ տարբերակով՝ ընդհանո՞ւր, թե՞ ռեգիոններով: Մինչեւ մանրամասները չհասկանանք..., որովհետեւ դրանք եւ դրական, եւ բացասական կողմեր ունեն»: ՀՀԿ-ական պատգամավորը մեր հարցին ի պատասխան ասաց. «Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ ընտրակարգն ամբողջովին համամասնական է, ապա թիմի ու թիմի ղեկավարի որոշելու խնդիրն էլ է:



Այսինքն՝ Ձեր ասածը, որ անհավասար պայքար կարող է լինել, եւ ավելի գաղափարական մարդիկ հետ մղվեն, դա արդեն թիմի հայեցողությամբ է որոշվելու: Պարտադիր չէ, որ ինքը շատ ձայն բերի, որ նոր անցնի»:



ՀՀԿ-ականը վստահեցրեց, որ հարցը ՀՀԿ-ում դեռ քննարկման չի դրվել, այդ մասին կուլիսներում է քննարկվում: