«Կրտսեր դաշնակցի» սինդրոմը

«Կրտսեր դաշնակցի» սինդրոմը

Հայրենական մեդիա-տիրույթում հնչում են Հայաստանը «միջազգային կոալիցիայի» կազմում տեսնելու ցանկություններ: Խոսքն Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին Հայաստանի մասնակցության մասին է, որն իբր «ինքնիշխանության հաստատման եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն կլիներ»:



Նախ, ի՞նչ ասել է «միջազգային կոալիցիա», երբ այնքան էլ պարզ չէ, թե ԻՊ-ի դեմ որ երկրներն են ռազմական գործողություններ իրականացնում: Ռուսաստանի նախագահը, օրինակ, ՄԱԿ-ի ամբիոնից միանշանակ պնդեց, որ ԻՊ-ի դեմ, բացի Սիրիայի նախագահին ենթակա բանակային խմբավորումներից եւ քուրդ կամավորներից, ոչ ոք չի կռվում, եւ նրան չառարկեցին:



Միացյալ Նահանգները Սիրիայում աջակցում են ընդդիմադիր մի քանի խմբավորումների, որ հայտնի չէ՝ ԻՊ-ի դե՞մ են կռվում, նախագահ Ասադի՞ թե՞ միմյանց են ոչնչացնում: Իրանն աջակցում է Ասադին, բայց՝ անուղղակի: Ռուսաստանն իր գործողությունները լիովին համաձայնեցնում է Սիրիայի գլխավոր շտաբի հետ: Այս իրավիճակում ի՞նչ խոսք կարող է լինել «միջազգային կոալիցիայի» մասին:



Երկրորդ․ ԻՊ-ի գործողություններն ակնհայտորեն ուղղված են Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների դեմ: Սիրիայում, փաստորեն, հայկական համայնք այլեւս գոյություն չունի:



Շատերը հեռացել են, մնացածներն սպասում են իրենց հերթին: Միջազգային փորձագետները ենթադրում են, որ ԻՊ-ի հաջորդ թիրախ կարող է դառնալ Լիբանանը:



Մերձավոր Արեւելքի միակ երկիրը, որտեղ հայ համայնք, որպես կազմակերպված հանրություն պահպանվել է, Լիբանանն է: Ոչ մի երաշխիք չկա, որ «միջազգային կոալիցիային» Հայաստանի միանալու դեպքում նաեւ լիբանանահայությունը չի դառնա իսլամական ծայրահեղականության թիրախ:



Երրորդ․ մինչեւ ե՞րբ կարելի է մնալ «կրտսեր դաշնակցի» սինդրոմին ենթակա: 19-րդ դարի ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական բոլոր պատերազմներում հայ ժողովուրդն իրեն վերագրել էր Ռուսաստանի «կրտսեր դաշնակցի» դերակատարություն: Հետեւանքը եղավ մեծ հուսախաբությունը: Հայաստանի առաջին հանրապետությունն Անտանտի երկրների «կրտսեր դաշնակիցն» էր: Արդյունքը Սեւրի մեռելածին պայմանագիրն էր՝ Հայաստանի մասով, թուրք-բոլշեւիկյան համագործակցությունը եւ 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրով հաստատված ստատուս-քվոն:



Հայաստանի ինքնիշխանության «հաստատման» ջատագովները մի միտք են ներշնչում՝ որ Մերձավոր Արեւելքում «տեղի է ունենում սահմանների վերաձեւում, դա հնարավորություն է, որից կարելի է օգտվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը դառնա միջազգային քաղաքականության սուբյեկտ»:



Այսինքն, չմիանալով «կոալիցիային», Հայաստանը դադարո՞ւմ է լինել միջազգային իրավունքի եւ քաղաքականության սուբյեկտ, թե՞ հակառակը՝ միանալով կարող է դառնալ «կոալիցիոն որոշումների իրագործման» սուբյեկտ: Ո՞վ եւ ինչպե՞ս է երաշխավորում, որ Մերձավոր Արեւելքում «սահմանները վերաձեւվելու են»: Եվ, ամենակարեւորը, ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ պարտավորություններ է ստանձնել, որ «սահմանների վերաձեւումից հետո Հայաստանը ձեռքբերումներ է ունենալու»:



Մերձավոր Արեւելքում, գուցե, խնդիր լուծվում կամ լուծվելու է, բայց դա Հայաստանի խնդիրը չէ: Նույնիսկ Իսրայելի նման պետությունն է իրեն հեռու պահում աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության դաշտից: Որովհետեւ ունի դիմակայության իր գիծը: Հայաստանն էլ դիմակայության իր գիծն ունի՝ Լեռնային Ղարաբաղը:



Եվ շատ ճիշտ է, երբ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի նախագահը խոսել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու, ոչ թե այս կամ այն «կոալիցիային» մաս կազմելու պատրաստակամության մասին: Մի մեծագույն պատասխանատվություն Հայաստանն ավելի քան երկու տասնամյակ է՝ իրականացնում է. կանխում է համատարածաշրջանային պատերազմի բռնկման սպառնալիքը: Դա սուվերեն եւ գործունակ պետության հանձնառություն է, ինչն արդեն իսկ մեծ ներդրում է միջազգային խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերում:



Ավելին կլիներ այն, ինչ հայկական թեւավոր խոսքն է ձեւակերպում՝ ուղտի պարը կամրջին է բռնում: Բարեբախտաբար, Հայաստանում պետական մտածողությունը հաղթահարել է «կրտսեր դաշնակցի» սինդրոմը:



Վահրամ
ԱԹԱՆԵՍՅԱՆ