Արաբական աշուն

Արաբական աշուն

Եթե լինում են արաբական գարուններ, կարող են լինել նաեւ արաբական աշուններ: Եվ, առհասարակ, տարին չորս եղանակ ունի: Դա չպետք է մոռանալ:



Ոչ ոք այլեւս չի կասկածում, որ ռուսական ավիահարվածներով Մերձավոր Արեւելքում տարվա նոր եղանակն է մտնում իր իրավունքների մեջ: Մենք կադրերում պարզորոշ տեսանք, թե ինչպես են հարվածում ռուսական ռազմա-տիեզերական ուժերը: Դա նման չէր նախավարժանքի, ոչ էլ ամերիկյան թիթիզության: Դա կոնկրետ, հզոր, նախապես հաշվարկված եւ անշրջելի հարված էր:



Արեւմուտքը շտապեց նսեմացնել ռուսական զենքի ուժը՝ հայտարարելով, թե զոհերի թվում կան խաղաղ բնակիչներ եւ չափավոր ընդդիմության ներկայացուցիչներ: Իսկ ո՞վ որոշեց, որ հարվածի տակ հենց նրանք են հայտնվել: Ամերիկա՞ն: Ինչպե՞ս: Նույն Ամերիկան չգիտի՞, որ ամեն ինչ Սիրիայում այնպես է խառնել իրար, որ շունը տիրոջը չի ճանաչում: Ի՞նչ ասել է Սիրիայի չափավոր ընդդիմություն: Արդյոք դա այն ջոկատնե՞րն են, որոնց ԱՄՆ-ն վարժեցնում եւ Սիրիա է ուղարկում Թուրքիայի վրայով: Եթե այո, ապա նրանք ոչնչով լավը չեն իսլամիստներից, որովհետեւ ԻՊ-ի դեմ կռվելու փոխարեն կռվում են կառավարական զորքերի դեմ, իսկ երբ տեղն է գալիս, զենք են մատակարարում հենց ԻՊ-ին: Սկանդալն արդեն պայթելու վրա էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում, բայց դա տեղի չունեցավ, եւ, մեր կարծիքով, ԱՄՆ-ն դրա համար պարտական է հենց Ռուսաստանին:



Պատահակա՞ն է, արդյոք, որ, այսպես կոչված, մեկուսացման դատապարտված Ռուսաստանը բոլորի աչքի առաջ զինուժ եւ տեխնիկա է հասցնում Սիրիա, ապա ռմբակոծում ահաբեկչական որջերը: Մի երկրի, որի դեմ օրնիբուն պատժամիջոցներ են հնարում, թույլ չէին տա մեկ կրակոց անգամ արձակել Սիրիայում, բայց, ինչպես տեսնում ենք, տարվա եղանակ է փոխվել, եւ հերթական «արաբական գարունն» է դուրս եկել ԱՄՆ վերահսկողությունից:



Ամերիկյան լրջագույն վերլուծական կենտրոններում արդեն իսկ գնահատում են այս ամենը եւ մանավանդ ողջունում Պուտինի դիրքորոշումը, որ նախ ոչնչացնել է պետք ահաբեկչությունը եւ ապա՝ ընտրությունների միջոցով հասնել Սիրիայի ներքին խնդիրների կարգավորմանը: Պուտինն այս առաջարկով պարզապես անելանելի վիճակի է մատնել Մերձավոր Արեւելքում բյուջետային միլիարդներ խժռող Օբամայի վարչակազմին: Եվ դա հասկանում են բոլորը թե օվկիանոսից անդին եւ թե ծերուկ Եվրոպայում, որ նոր-նոր սկսել է հասկանալ, թե ինչ ռումբ է դրվել իր տակ Օբամայի թեթեւ ձեռքով՝ ի դեմս միլիոնավոր փախստականների: Բելգիան եւ Իտալիան հասկացել են արդեն: Մյուսները դեռ այդ ճանապարհին են:



Հայաստանում արեւմտամոլները, բնականաբար, այս ամենը ներկայացնում են բոլորովին այլ տեսանկյունից: Նրանց քերթվածքներում, որոնք ավելին չեն, քան դպրոցական շարադրությունները, Օբաման երեւում է որպես ազատության եւ ժողովրդավարության ջահակիր, ով, ի վերջո, Պուտինին արժանացրել է իր ուշադրությանը: Այդպես չէ, իհարկե:



Պուտինը եւ Օբաման, եթե անգամ անձնական հանդիպումներ չեն ունենում (վերջինը, կարծեմ, 2013 թվականին է տեղի ունեցել), միեւնույն է, նրանք շփվում են ամեն օր ու ժամ:



Օբաման կարող է Պուտինի բաժակին չխփել, նստել ուրիշ սեղանի, Պուտինի հետ հանդիպման տանել մի ողջ սվիտա, բայց մի՞թե դա կարելի է համարել ռուս-ամերիկյան հարաբերությունների խորք: Իհարկե՝ ոչ: Եթե դու արեւմտամետ ես, դա դեռ չի նշանակում, որ պարտավոր ես միակողմանի ներկայացնել մի այնպիսի գլոբալ խնդիր, ինչպիսին Սիրիայի խնդիրն է: Դա ծիծաղելի է՝ մանավանդ Սիրիայում ռուսական օդուժի ոչնչացնող հարվածների ֆոնին: Ի՞նչ երկրորդ Աֆղանստանի մասին է խոսքը, երբ ողջ աշխարհն է կանգնած ահաբեկչության վտանգի առաջ: Նույն Քերրին, որ խելքը գլխին մարդու տպավորություն է թողնում, հանկարծ խոսում է, թե Ռուսաստանն այս քայլերով իր դեմ ոտքի կհանի ողջ աշխարհի սուննի մահմեդականներին: Բայց պարոն Քերրին մոռանում է մի բան, որ սուննի եւ շիա մահմեդականները, որքան էլ չհանդուրժեն միմյանց, այնուամենայնիվ, մինչեւ ԱՄՆ-ի քիթը մտցնելն ու խառնելը, եվրոպացի լրագրողների ու զբոսաշրջիկների գլուխ չէին կտրում: