ՀՀԿ-ն այսպես կտապալի բարեփոխումների գործընթացը

ՀՀԿ-ն այսպես կտապալի բարեփոխումների գործընթացը

Եթե սահմանադրական բարեփոխումների անցկացումը մնա ՀՀԿ-ի հույսին, տապալումը, հավատացեք, անխուսափելի կլինի:



Մինչր օրս ՀՀԿ-ում այն թյուր կարծիքը կա, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, իսկ «ոչ»-ի ճակատում միայն մի քանի «աբիժնիկներ, են հավաքված: Բնականաբար ամեն ինչ այդպես չէ, և դա ՀՀԿ-ի մեծ ցանկությունն է, որ այդ կուսակցության կարկառուններն իրենց հրապարակային ելույթներում փորձում են իրականության տեղ անցկացնել:



Վահրամ Բաղդասարյանն, օրինակ, վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները լավն են, որովհետև այդպես են գնահատում միջազգային կառույցները: Մի՞թե կարելի է դեմ լինել մի բանի, որ դրսում հավանության է արժանացել՝ զարմանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Պարոն Բաղդասարյանին պետք է խնդրենք մի պահ արգելակել և հետագա քարոզչության մեջ հնարավորինս քիչ հիշատակել այն հանգամանքը, որ օտարները ողջունում են մեր բարեփոխումները: Պետք է նախ հասկանալ՝ ինչո՞ւ են ողջունում: Արդյոք մեր սիրուն աչքերի՞, թե՞ անզուգական խելքի համար, որի շնորհիվ բարեփոխումների այդպիսի փաթեթ ենք ստեղծել: Միջազգային հանրությունը շատ բաներ է ողջունում, որոնք մենք ողջունել չենք կարող: Օրինակ՝ ազատագրված տարածքների վերադարձը Ադրբեջանին: Սա ԼՂՀ հարցի կարգավորման ԱՄՆ տեսլականն է: Ի՞նչ անենք, ուրեմն, մենք է՞լ ողջունենք:



ՀՀԿ-ականներին խորհուրդ կտայինք հասարակությանը փայլփլուն բաներով խաբելու փոխարեն նախ՝ համոզել, որ այս բարեփոխումները ՀՀԿ-ի վերարտադրության խնդիր չեն լուծում, քանզի Բաղդասարյանի նշած «աբիժնիկները» իրենց քարոզչությունը կառուցում են հենց դրա վրա և պնդում, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փորձում են վերարտադրվել: Հնարավոր է, որ դա այդպես չէ, բայց դա դեռ պետք է քարոզոլ ու հանրությանը համոզել, ինչը ՀՀԿ-ն չի անում:



Չի՞ ցանկանում, թե՞ չի կարողանում: Սա արդեն բոլորովին այլ հարց է: Մենք կասեինք՝ ՀՀԿ-ն վատ է զգում այդ մասին խոսելուց, որովհետև խոսելու դեպքում ստիպված է ընդունել, որ հասարակությունը մինչև կոկորդը կուշտ է իր իշխանությունից և այդ իշխանության վերարտադրությունը կոշմարային երազից էլ ավելի սարսափելի է:



ՀՀԿ-ի մի սխալն էլ այն է, որ թերագնահատում է «ոչ»-ի ճակատի ազդեցության աստիճնը, հեգնում, թե «ոչ»-ի ճակատի ներսում անգամ կան տարաձայնություններ: Այո, կան տարաձայնություններ, բայց չէ՞ որ կա մի կետ որտեղ բոլորը միակարծիք են՝ «ոչ» ասել բարեփոխումներին: Հանրաքվեի օրը ոչ ոք երկար բարակ չի բացատրելու, թե ինչու է «ոչ» ասում: Բյուլետենում դնելու են համապատասխան նշումը և վերջ: Ի՞նչ կապ ունի՝ Հայրիկյանի՞ հետևորդը կասի՝ ոչ, Ժիրայր Սեֆիլյանի՞, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի:



Ի դեպ՝ ՀՀԿ-ն, պատահաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին «աբիժնիկ» չի՞ համարում: Վահրամ Բաղդասարյանի գնահատականներից հենց նման հոտ է գալիս: Սա արդեն կործանարար կարող է լինել, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այդ մարդիկ լուրջ ազդեցություն ունեն ՀՀԿ-ում և այնպես չէ, որ ՀՀԿ-ում բոլորը հաշտ-համերաշխ են սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու հարցում:



Ասելիքս այն է, որ «Այո»-ի ճակատը դեռ անելիք ունի: Սա այն դեպքը չէ, որ ՀՀԿ-ն առաջ տա քրեաօլիգարխիկ տարրերին ու հերթական «հաղթանակը» տանի ժողովրդի նկատմամբ: Այդպես նա կկորցնի անգամ բարեփոխումներին սկզբունքորեն «այո» ասող աջակիցներին: